Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակ Թորոսյան. «Հայկական կողմը պետք է ավելի խիստ դիրքորոշում որդեգրի»

Օգոստոս 31,2016 20:54

«Իհարկե, պատերազմն ամենասարսափելին է, բայց եթե չկա սեղանի շուրջ բանակցություններով հարցը լուծելու հնարավորություն, մենք պետք է պատրաստ լինենք դրան: Մենք պատրաստ ենք համարժեք պատասխան տալ ցանկացած ադրբեջանական ագրեսիայի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը` նկատելով, որ պատերազմը սարսափելի է, բայց եթե չլինի այլընտրանքը, Հայաստանն ամեն ինչի պետք է պատրաստ լինի:

Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում հանդիպումներից հետո, ըստ պատգամավորի, ադրբեջանական կողմը ցույց է տվել, որ հանդես է գալիս երկակի դիրքորոշմամբ` եւ միջազգային հանրության հանդեպ, եւ ներքին լսարանի. «Եթե մինչեւ ապրիլյան պատերազմը հայկական կողմը պատրաստ էր որոշակի փոխզիջումների, ապա պատերազմից հետո Ադրբեջանը փաստացի հրաժարվում է ցանկացած տեսակի խոսակցությունից եւ բանակցություններից: Այս պայմաններում բանակցային սկզբունքները, բնականաբար, պետք է փոփոխվեն: Հայկական կողմը պետք է ավելի խիստ դիրքորոշում որդեգրի: Եթե ադրբեջանական կողմը շարունակում է ռազմաշունչ հռետորությունը, մենք պետք է ցույց տանք, որ պատրաստ ենք դրան»,-ասաց պատգամավորը` հավելելով, որ հայկական կողմն այժմ ամրապնդում է առաջնագիծը, մեծացնում բանակի մարտունակությունը:

Անդրադառնալով վերջին շրջանում ակտիվացած խոսակցություններին` տարածքներ վերադարձնելու մասին, մեր զրուցակիցը նախ ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթաց այսօր գոյություն չունի: Հետեւաբար, ըստ նրա, այսօր Հայաստանում ոչ ոք չի մտածում ադրբեջանական կողմին հողեր զիջելու մասին, բացի այդ մասին խոսողներից:

«Ինչ վերաբերում է փոխադարձ զիջումներին, որոնց մասին խոսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այդ զիջումները չպետք է քննարկել տարածքների վերադարձի տեսքով: Փոխզիջումները դիտարկել անպայման հողերի հանձնումով, ճիշտ չէ: Փոխզիջման տարբերակը կարող է առնչվել բազմաթիվ խնդիրների: Հիշենք, որ 90-ականների պատերազմին ևս կորուստներ ենք ունեցել՝ Գետաշեն, Մարտունաշեն, Արծվաշեն: Բազմաթիվ հայկական գյուղեր են տարհանվել, փոխզիջումներ ասելով մենք դեռ շատ խնդիրների պետք է անդրադառնանք»,- ասաց իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավորը:

Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխիքն է. «Մենք դրա ականատեսը դարձանք ապրիլյան պատերազմի օրերին, երբ ադրբեջանցի զինծառայողները տարեց մարդկանց սպանեցին՝ նրանց դաժան խոշտանգումների ենթարկելով»: ԼՂՀ անկախության երկրորդ ձեռքբերումն, ըստ մեր զրուցակցի, երկրորդ հայկական պետության գոյությունն է, իսկ երրորդ ձեռքբերումը պետականության կառուցումն է. «Ներկայիս սերունդն իր գոյությունը Ադրբեջանի կազմում չի պատկերացնում: Նրանք օժտված են անկախ մտածողությամբ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրը:

Խոսելով ԼՂՀ-ում նախատեսվող սահմանադրական փոփոխություններից էլ, մեր զրուցակիցն ասաց, որ ԼՂՀ քաղաքական ուժերը ու ղեկավարությունը հանգել են այն եզրակացության, որ կառավարման նախագահական մոդելը ավելի արդյունավետ կլինի ներկա իրավիճակում. «ԼՂՀ-ն անկախ ու ինքնիշխան պետություն է, հետեւաբար Լեռնային Ղարաբաղը իրավունք ունի որոշել իր քաղաքական ապագան, պետական կառավարման համակարգը»:

Անդրադառնալով ԼՂՀ քաղաքական վերնախավի ընտրությանը` ուժեղ նախագահական կառավարման մոդելին, այն պարագայում, երբ ՀՀ-ում գերադասեցին խորհրդարանական կառավարումը, մեր զրուցակիցն ասաց. «Հայաստանը միջազգայնորեն ճանաչված պետություն է ու կառավարման խորհրդարանական մոդելի ընտրությունը պայմանավորված է հենց հայկական իրականության մեջ ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման անհրաժեշտությամբ: Իհարկե կան տեսակետներ, որ կառավարման նախագահական մոդելի դեպքում նույնպես հնարավոր կլինի զարգացնել ժողովրդավարական սկզբունքները: Դա քաղաքական նախապատվության հարց է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031