Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կառավարությանը պատկանող Երևանի ՋԷԿ-ը այսօրվա դրությամբ «Գազպրոմ Արմենիա»-ին պարտք է 33.8 միլիոն դոլար:
Նախարարը մանրամասնեց, որ պարտքը մարելու համար Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկից 20 միլիոն դոլար վարկ է վերցրել: Նախատեսված է «Գազպրոմ Արմենիա»-ի պարտքն ամբողջովին մարել մինչև 2017 թվականի օգոստոսի 1-ը, որից հետո կմնա Համաշխարհային բանկի վարկը․ – «Միանշանակ խնդիրը կա: Երբ ես նշանակվում էի նախարար, երկրի նախագահը, կարևորագույն խնդիրներից մեկը, որ դրվում էր իմ առջև, համարեց Երևանի ՋԷԿ-ի ֆինանսական առողջացման ծրագիրը: Ես ստեղծել եմ բավականին մեծ խումբ մասնագետների, որոնք տեղում կատարել են ուսումնասիրություններ: Մայիսի 25-ին երկրի նախագահին ներկայացրել եմ ըստ ամիսների, ըստ ծախսերի մանրամասն ծրագիր: Եվ ըստ այդ ծրագրի, 2017 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ մենք կունենանք բավականին առողջ ֆինանսապես և գործունեությունը կազմակերպող կազմակերպություն, որը կլինի Երևանի ջերմաէլեկտրակայանը»:
Հարցին, թե երբ կկարողանա Երևանի ՋԷԿ-ն ամբողջովին մարել այդ պարտքը, Յոլյանը արձագանքեց․ «Ես կարող եմ ասել հետևյալը․ վարկային միջոցները, որոնք տրամադրվում են, դա շուրջ 21 միլիոն ամերիկյան դոլար է, տրամադրվում են 40 տարի ժամկետով: Ըստ իմ հաշվարկների․․․ մենք կունենանք մյուս տարի օգոստոսի 1-ի դրությամբ մի բեռ ընդամենը՝ դա կլինի Համաշխարհային բանկի ներկայացրած վարկային միջոցները, որոնք չեն խանգարի, որ ինքը զարգանա: Եվ նման մոտեցման դեպքում մենք կարող ենք այդ վարկը շատ ավելի շուտ մարել»:
Նախարարը հայտարարեց, որ պարտքի արդեն վճարված 20 միլիոն դոլարը մարվել է ոչ թե գույք փոխանցելով կամ որևէ այլ ձևով, այլ «միայն գումարով»:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում