Ֆրանսիայի Մակոն քաղաքում այսօր ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցումների երկրորդ օրը Հայաստանից մրցագորգ մտան 55 կգ քաշային Էդգար Թամազյանը, 66 կգ Մալխաս Ամոյանը եւ 120 կգ Էդգար Խաչատրյանը:
Մեր երեք ըմբիշներն էլ թեեւ չհասան եզրափակիչ, սակայն իրենց գոտեմարտերում համառ պայքար մղեցին մրցակիցների հետ: Ի վերջո, Ամոյանն ու Խաչատրյանը սփոփիչ մարտերին մասնակցելու հնարավորություն ստացան, որոնք անցկացրին գերազանց: Մասնավորապես, Մալխասը 2:37 րոպեում 10-0 հաշվով պայքարից դուրս թողեց բուլղարացի Դեյվիդ Դիմիտրովին եւ երեկոյան բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է ադրբեջանցի Իսլամբեկ Դադովի հետ:
Էդգարն անցկացրեց սփոփիչ երկու գոտեմարտ: Առաջինում նրանից ընդամենը 33 վայրկյան պահանջվեց 8-0 հաշվով կանադացի Նոլան Տերրանսին հաղթելու համար, իսկ երկրորդում հայ ըմբիշը 6-0 հաշվով առավելության հասավ Ուկրաինայի ներկայացուցիչ Վասիլ Վելիչկոյի նկատմամբ: Երեկոյան Էդգարի մրցակիցը բրոնզի համար լինելու է Նիկոլայ Իզմայլովը՝ Ռուսաստանից:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ