Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիննախը 50 միլիոն դրամ է ուզում կառավարությունից՝ պաշտոնյաններին ուղեկցող «ախրանիկների» գործուղումների համար

Օգոստոս 31,2016 18:20

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության պահուստային ֆոնդից գումար է ուզում պետական պահպանության ծառայության զինծառայողների արտասահմանյան գործուղումների համար:

Կառավարության սեպտեմբերի 2-ի նիստի օրակարգում է ներառված կառավարության պահուստային ֆոնդից պետական  պահպանության ծառայությանը 2016 թվականին հատկացնել 50 միլիոն դրամ հատկացնելու  որոշման նախագիծը: Ընդ որում, ինչպես նախագծում է նշված, այս գումարի անհրաժեշտությունն առաջացել է արտասահմանյան գործուղումների քանակի ավելացմամբ:

Որոշման  նախագծի հիմնավորման մեջ ներկայացված է, որ ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու եւ գումար հատկացնելու մասին»  կառավարության որոշման նախագծի ներկայացումը պայմանավորված է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների քանակի ավելացմամբ:

Ըստ հիմնավորման, քանի որ պետական բարձրաստիճան պաշտոնյանների արտասահմանյան գործողումների քանակն ավելացել է, իսկ նրանց ուղեկցում են պետական պահպանության ծառայության զինծառայողները, ուստի ֆինանսների նախարարը կառավարությունից գումար է ուզում պաշտոնյաններին ուղեկցող, այսպես ասած՝ «ախրաննիկների» համար:

Նախագծում նաեւ նշված է, որ 2016 թ. պետական բյուջեով պետական պահպանության ծառայությանը հատկացվել է 75 միլիոն դրամ, մնացել է մոտ 13 միլիոնը, որից  8 միլիոնը ավիատոմսերի ձեռքբերման գումարն է:

Կառավարությունը հավանություն կտա, թե՝ ոչ այս նախագծին, պարզ կլինի սեպտեմբերի 2-ին: Սակայն, հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անձամբ էր հայտարարել, որ ի թիվս պետական այլ ծախսերի, պետք է կրճատվեն նաեւ գործուղումների ծախսերը: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես,  ասել էր՝ «Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները և այլն: Որոշ քայլեր մենք կձեռնարկենք արդեն այսօր: Այս կապակցությամբ հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանը և կառավարության աշխատակազմին մինչեւ կառավարության հաջորդ նիստը ներկայացնելու լրացուցիչ առաջարկություններ: Իսկ միջոցները, որոնք կառաջանան այդ խնայողություններից, կուղղվեն առաջնահերթ խնդիրների լուծմանը»:

Փաստորեն, վարչապետի հանձնարարությունը որոշ գերատեսչությունների ղեկավարներ չեն կատարում, եւ դեռ մի բան էլ գործուղումների քանակն են ավելացնում, հետն էլ լրացուցիչ 50 միլիոն դրամ են պահանջում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. սահմանին ապրող says:

    ազգը սոված, զինվորը անզեն, 50 միլ. դոլար իրենց հաստավզերի վրա են ծախսում անհասկանալի մեկնաբանությամբ, թուրքը մեր մեջ է ու սրա պատասխանը մեկ է մի օր տալու եք

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031