Այսօր Գյումրու Վազգեն Առաջինի անվան թիվ 27 դպրոցի բակում բացվեց ապրիլյան պատերազմի առաջին նահատակի՝ 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանի հիշատակի խաչքար, ինչպես նաև Արցախում նահատակված գյումրեցի 7 հերոսների անվան հուշատախտակ:
Հիշեցնենք, որ Վլադիմիրը նահատակվել էր ապրիլի 1-ին Թալիշի պաշտպանության ժամանակ: Նրա հայրը ևս մասնակցել է Արցախյան ազատամարտին, նա եղել է կամավորական ու մահացել էր, երբ Վլադիմիրը երկու տարեկան էր:
Հարազատների ասելով, թեև զինկոմը չէր ուզում Վլադիմիրին ուղարկել Արցախ, սակայն նա պնդել է, որ պիտի ծառայի հենց Արցախում, շարունակի հոր ուղին:
Կարդացեք նաև
Նրա ծառայակից ընկերների պատմելով, Վլադիմիրը խրամատներում առանց զենքի թշնամու չորս զինվորների է ոչնչացրել: Նշենք, որ այդ նույն դպրոցում, որտեղ սովորել է մերօրյա հերոսը, արդեն կա նրա անվան դասասենյակ:
Հուշարձանի բացման պատիվը ընձեռվել է Վլադիմիրի եղբորն ու կես ժամում թշնամու երեք տանկ խոցած Շուլի Հակոբյանին: Միջոցառման ընթացքում սպիտակ աղավնին նստեց մեր զինվորներից մեկի ուսին՝ ամբողջ ընթացքում չհեռանալով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ