Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ
Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի մեկը հիշարժան է և անմոռանալի: Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում այսօր տրվում է նոր ուսումնական տարվա մեկնարկն ու հազարավոր դպրոցականներ և ուսանողներ հուզմունքով ու սրտի թրթիռով մտնում են հարազատ կրթօջախ:
Առանձնակի խանդավառությամբ դպրոց են մտնում մեր առաջին դասարանցիները: Նրանք գիտելիք ստանալու իրենց առաջին քայլերն են անելու, ճանաչելու են զարմանահրաշ մի նոր աշխարհ: Դպրոցում ստանալու են բազմաթիվ գիտելիքներ, տարիների ընթացքում խորացնելու են դրանք, որն էլ ապագայում դառնալու է հասուն կյանք մտնելու իրենց այցեքարտն ու ուղենիշը:
Կարդացեք նաև
Ժամանակակից աշխարհը նոր պահանջներ է ներկայացնում մասնագիտական կրթությանը: Այժմ բավարար չէ լինել պարզապես մասնագետ. կրթական ոլորտում իրականացվող բոլոր գործընթացները միտված են մրցունակ և որակյալ մասնագետների պատրաստմանը: Որակյալ կրթությունը, բարձրակարգ մասնագետ լինելը ժամանակի հրամայականն է: Ակնկալում ենք, որ նոր ուսումնական տարին մեր ուսանողների համար կլինի, մասնագիտական հմտությունների խորացման, կրթության և գիտելիքի արժևորման տարի:
Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է կրթության ոլորտի բոլոր պատասխանատուների համար: Մանկավարժների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար սկսվում է աշխատանքային պատասխանատու շրջան, որի ընթացքում նրանց ջանքերն ուղղվելու են մեկ գերագույն նպատակի՝ կրթել գիտելիքներով հարուստ, մրցունակ, առողջ և արժանապատիվ սերունդ:
Վստահ եմ այս ամենի համար ունենք և՛ բավարար ներուժ, և՛ անկոտրում կամք:
Շնորհավորելով բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
Լավագույն ցանկություններով՝ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀՀ կրթության և գիտության նախարարություն