Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՂՀ դատախազության պարզաբանումը Հայկ Խանումյանին բռնության ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի վերաբերյալ

Օգոստոս 31,2016 17:28

Սույն թվականի օգոստոսի 29-ին ԼՂՀ ՄԻՊ աշխատակազմը տարածել է հայտարարություն, ըստ որի մարդու իրավունքների պաշտպանը անհրաժեշտ է համարում, որպեսզի ԼՂՀ դատախազությունը հրապարակայնորեն ներկայացնի 2016թ. հունիսի 6-ին ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին բռնության ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հանցագործության վերաորակման իրավական և փաստական հիմնավորումը: Ընդ որում, ՄԻՊ աշխատակազմը ցանկալի է համարել, որ պարզաբանումը մատչելի լինի ոչ միայն իրավաբանների, այլև լայն հանրության համար:

Ելնելով վերոգրյալից` ԼՂՀ դատախազությունը տալիս է հետևյալ պարզաբանումը.

Մարդուն առևանգելու հանցագործության հասկացությունը և դոկտրինալ մեկնաբանությունը տրված է ԵՊՀ-ի կողմից բազմակի հրատարակված «Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք» դասագրքում /խմբագրությամբ` իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գ.Ս.Ղազինյան/:

Մարդուն առևանգելու հանցագործության օբյեկտիվ կողմն են կազմում այն գործողությունները, որոնք դրսևորվում են մարդուն` նրա կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելով և մշտական կամ ժամանակավոր բնակության վայրից այլ վայր տեղափոխելով ու այնտեղ պահելով: Այսինքն` առևանգման օբյեկտիվ կողմը նշված երեք գործողությունների ամբողջությունն է` հաջորդաբար կատարվող: Մարդուն առևանգելու հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ, իսկ հանցակազմը ձևական է:

ԼՂՀ քրեական օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`«Եթե օրենքն ավարտված հանցագործության համար քրեական պատասխանատվությունը չի կապում հանցավոր արարքի որոշակի հետևանքների առաջացման հետ, հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դա կատարող անձը գիտակցել է իր արարքի հանրության համար վտանգավոր բնույթը և ցանկացել է կատարել դա»: Ինչպես երևում է հոդվածի նշված մասի մեկնաբանությունից, ձևական հանցակազմ ունեցող հանցագործությունները կարող են կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ:

Քրեական իրավունքի տեսության համաձայն, ինչպես նաև ըստ ԼՂՀ քրեական օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի բովանդակության` առևանգումը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ, այսինքն` անձը պետք է գիտակցի տուժողին առևանգելու հանգամանքը և ցանկանա դա կատարել: Ինչպես հայտնի է քրեական իրավունքի տեսությունից` <գիտակցելը> ուղղակի դիտավորության ինտելեկտուալ /մտավոր/ հատկանիշն է, իսկ <ցանկանալը>` կամային, և այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայությունը նշանակում է ուղղակի դիտավորության բացակայություն, իսկ եթե տվյալ հանցագործությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ, նշանակում է մեղքի` հետևապես սուբյեկտիվ կողմի, ուստի և հանցակազմի բացակայություն /անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության տվյալ հոդվածով/:

Ինչպես վերը նշվեց, անձը պետք է գիտակցի մարդուն առևանգելու, այսինքն` նրան իր կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու, բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելու և մշտական կամ ժամանակավոր բնակության վայրից այլ վայր տեղափոխելու և այնտեղ պահելու հանգամանքը, և ցանկանա կատարել այդ գործողությունները: Տվյալ դեպքում մեղադրյալները գիտակցել են նշված գործողությունները կատարելու հանգամանքները, սակայն չեն ցանկացել տուժողին /Հայկ Խանումյանին/ պահել այլ վայրում, այսինքն` նրանց մոտ բացակայել է ուղղակի դիտավորության կամային հատկանիշը` ցանկանալը, որն էլ նշանակում է մարդուն առևանգելու հանցագործության ուղղակի դիտավորության կամային հատկանիշի բացակայություն` սուբյեկտիվ կողմի բացակայություն, ուստի և առևանգման հանցակազմի բացակայություն:

Առևանգելու հանցագործության ուղղակի դիտավորության կամային հատկանիշի բացակայության փաստական հիմնավորում /մեջբերում մեղադրյալների ցուցմունքներից/. <Մենք նպատակ չունեինք նրան տանեինք ինչ-որ տեղ պահեինք: Ուզում էինք տեղում մի լավ դաս տալ, որ իր նմանները մինչև բառ խոսելը մտածեն, նոր խոսեն: Սակայն, քանի որ չկարողացանք մեր ուզածը տեղում լրիվությամբ անենք, ասել ենք` տանենք ուրիշ տեղ ասելիքներս, անելիքներս անենք, նոր թողենք>: Տուժող Հ.Ռ.Խանումյանին մարմնական վնասվածք պատճառելուց հետո նրան տաքսի ավտոմեքենայով ուղարկել են նրա ցանկացած վայրը:

Իսկ այն, որ մեղադրյալների կատարած մյուս բոլոր գործողությունները ամբողջությամբ որակվում են միայն ԼՂՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, պայմանավորված է նրանով, որ դրանք նույն բարդ հանցագործության տարբեր հանցավոր գործողություններն են` բռնության գործադրմամբ խուլիգանություն և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Եվ քանի որ լրացուցիչ անմիջական օբյեկտին պատճառված վնասի /առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու/ համար նախատեսված չէ առավել խիստ պատասխանատվություն, ուստի արարքը որակվում է ոչ թե հանցագործությունների համակցությամբ, այլ որպես մեկ բարդ հանցագործություն:

Ինչ վերաբերում է հանցագործության` նախաքննության ընթացքում վերաորակմանը ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերից` ԼՂՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ապա ինչպես հայտնի է հանցագործությունների որակման գիտական հիմունքներից` մինչդատական վարույթում հանցագործությունների որակումը անցնում է հետևյալ փուլերով.
– հանցագործության որակում քրեական գործի հարուցման փուլում, որը կրում է նախնական, կողմնորոշիչ բնույթ, քանի որ վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ, որպես կանոն, քիչ փաստական տվյալներ են գտնվում, որոնք անհրաժեշտ են ճիշտ որակման համար,
– հանցագործության որակում նախաքննության փուլում` որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում և մեղադրական եզրակացության կազմում ու հաստատում:
Նշված փուլերում հանցագործության որակման տարբերությունը պայմանավորված է հանցագործության հանգամանքների բացահայտման աստիճանով, որի արդյունքներով հանցագործությունը կարող է որակվել ինչպես ավելի խիստ, այնպես էլ ավելի մեղմ պատիժ նախատեսող քրեաիրավական նորմով:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    == Մենք նպատակ չունեինք նրան տանեինք ինչ-որ տեղ պահեինք:==
    Ուրեմն, երբ ցանկացած առևանգիչ արտասանում է վերոնշյալ կախարդական խոսքերը, ԼՂՀ դատախազության համար նա այլևս դադարում է առևանգիչ լինել, թեև հենց իրենց ասածից էլ հետևում է, որ մարդուն առևանգել են ֆիզիկապես և հոգեբանորեն խեղելու նպատակով:
    Էնպիսի տպավորություն է, ասես ՛՛օպերացիան՛՛ միասին են ծրագրել…

  2. Իրավաբան says:

    Դասագրքրերը որպես դոկտրի նալ հիմք՞։
    կիսագրագետներ, գոնե էդքանը լավ ուշադիր կարդայիք։ ԵՊՀ մեր իրավաբանական ֆակուլտետի պահակի օգնականը ավելի լավ կիմանա քրեական իրավունք։
    բայց չէ, բազմիցս հրատարակված գիրք ա, ուրեմն կարա դոկտրինալ լինի)))))
    բա ապացույցները)))) խոստովանույունը ))) վաաաուուուու
    լավա չչի ասել ցուցմունքում, թե վինի պուխի բաջանաղն ա, թե չէ տենց էլ գրելու էիք
    մարդուն առևանգել չի նշանԿում պիտի տանեին աֆրիկա երկու տարի փակեին, նոր որակվեր։
    մարդուն վերցնել տանել իրա կամքին հակառակ վայր, արդեն առևանգել ա։
    նենց եմ ուզիմ քֆուր դնեմ ձեր իրավագիտակցությունն ու կրթությունը։
    ներվայնացա։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031