Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Օգոստոս 31,2016 17:17

Օգոստոսի 31-ին` նոր ուսումնական տարեշրջանի նախօրեին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում՝ հանդիսապետությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ:

Ավանդական դարձած այս արարողությանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի անդամներ, կրթական պետական կառույցների ներկայացուցիչներ, տարբեր մարզերի հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ, մարզպետարանների վարչության պետեր և նախարարության աշխատակիցներ:

Արարողությունը սկսվեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի ողջույնի խոսքով: «Ամենքիս մեծագույն երազանքն է, որ 25-ամյա մեր երիտասարդ Հանրապետությունն օրավուր հզորանա, ամուր լինի իր հիմքերի, իր սյուների վրա, և կերտվեն դեպի ապագան հայացքները հառած ազգային գիտակցությամբ, եկեղեցական պատկանելությամբ, հոգևոր արժեքներով օժտված ու լուսամիտ քաղաքացիներ: Այս գործում կարևոր է ձեր առաքելությունը: Այս մտածումներով է, որ շնորհավորում ենք ամենքիդ՝ ի դեմս ձեզ՝ մեր կրթության գործի բոլոր պատասխանատուներին, դաստիարակներին, մանկավարժներին…, որպեսզի այս գողտրիկ արարողությանը մասնակցելով՝ նորոգեք ձեր ուխտը, ձեր միտքն այն վեհ գործի հանդեպ, որ մենք կոչում ենք աստվածային, աստվածահաճո առաքելություն», – նշեց Վարդան Սրբազանը` մաղթելով, որ ուսումնական նոր տարում առատորեն արդյունավորվեն կրթության գործի նվիրյալների ջանքերը` հանուն նոր սերնդի որակյալ կրթության, հայրենյաց ավանդներով ու քրիստոնեական արժեքներով դաստիարակության և Հայրենիքի ու ի Սփյուռս աշխարհի հայ ժողովրդի խաղաղ ու երջանիկ ապագայի:

31-Krtutyan-mshakneri-orhnu
Արարողության ավարտին Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը կրթության ոլորտի պատասխանատուներին և մշակներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական սերը, պատգամն ու օրհնությունը Գիտելիքի օրվա և նոր 2016-2017 ուսումնական տարվա մեկնարկի առիթով:
Սրբազան Հայրն ընդգծեց, որ կրթության մշակները պարտականություն ունեն սիրո միջնորդ դառնալու կրթության, գիտության, բարձր բարոյականության և մեր մատաղ սերունդների միջև: Իր խոսքում Նաթան Սրբազանը մասնավորապես անդրադարձավ ուսուցչի առաքելության գաղափարին: «Ուսուցիչը որքան էլ գիտելիքներ է տալիս, և որքան էլ գիտելիքը կարևոր է, սակայն ուսուցիչն աստվածային արարչության մի մասնիկ է կրում, որ արարում է մարդ, իսկական մարդ՝ ապագայի լավ քաղաքացի՝ օժտված բարձր բարոյականությամբ և բարձր գիտելիքներով: Ճիշտ է, որ մենք մշակ ենք կոչում կրթության անդաստանի բոլոր աշխատողներին, որովհետև իրապես մշակի մի գործ է՝ մշակել, սերմեր ցանել, մշտապես այդ սերմերը խնամել ու փայփայել, որպեսզի ստանանք այն պտուղները, որ յուրաքանչյուրիս երազանքն է:

Այսօր տարբեր ձևով են անվանում ուսուցիչներին՝ դասախոսներ, պրոֆեսորներ, բայց բոլորս մնում ենք ուսուցիչ, ուսուցիչ, որ ձևավորում է միտք, ձևավորում է մարդ և ձևավորում է ապագան», – նշեց Սրբազան Հայրը` մաղթելով, որպեսզի բոլոր աշակերտներն իրենց կյանքում մշտապես հիշեն իրենց ուսուցիչներին, որպեսզի բոլոր սերունդները սեպտեմբերի 1-ը դիմավորեն ուրախությամբ ու լիուլի ցանկություններով:
Վերջում Նաթան արքեպիսկոպոսը հայցեց, որ Տիրոջ օրհնությունը միշտ ուղեկից լինի ներկաներին և առաջնորդի կրթության ու գիտության մշակներին իրենց պատվական ծառայության մեջ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031