Լրահոս
Օրվա լրահոսը

Սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին այսօր միացավ ևս մեկ բժշկական կենտրոն

Օգոստոս 31,2016 16:58

Վիճակագրական տվյալներով` մեր երկրում մահվան յուրաքանչյուր երկրորդ դեպք պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով։ Այս առումով 2015թ. հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որը բխում է Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրային դրույթներից, առողջապահության համակարգի կարևորագույն ձեռքբերումներից է։ Ծրագրի շնորհիվ` արդեն շուրջ 2500 կյանք է փրկվել, բազմաթիվ մարդիկ խուսափել են հաշմանդամությունից։

Կյանք փրկող «Stent for life» ծրագիրը լայն արձագանք է ստացել բնակչության շրջանում: Սրտային վիրաբուժության զարգացումը, հատկապես մարզերում, գերակա ուղղություն է: Ավելի քան քսան տարի Հայաստանը տարածաշրջանում առաջատար է եղել ինվազիվ սրտային վիրաբուժության ոլորտում, և դրսից են եկել մեր երկրում բուժվելու։ Մենք հիմա էլ ապահովված ենք լավ մասնագետներով, անհրաժեշտ տեխնոլոգիաներով ու հարթակներով, իսկ որ ամենակարևորն է` միջազգային չափորոշիչներին համապատասխանող որակյալ ծառայությունով։ Սակայն խնդիր ունենք մատչելիության ապահովման: Խնդիրն օրակարգային է, քանի որ ինվազիվ սրտաբանական ծառայություններ ստանալու նպատակով այլ երկրներ մեկնելու միտում է նկատվում։

Երևանում և մարզերում սրտի վիրահատությունների գները մատչելի դարձնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը դեռևս հուլիսին բուժօգնություն իրականացնող կազմակերպություններին և մատակարարներին կոչ արեց ուսումնասիրել և վերանայել սրտային վիրաբուժության գնային քաղաքականությունը: ՀՀ առողջապահության նախարարի հուլիսին մարզային այցի ժամանակ Գյումրու բժշկական կենտրոնի տնօրինությանը հանձնարարվեց հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել գների վերանայման վերլուծություն:

Արդեն օգոստոսի սկզբին Գյումրու բժշկական կենտրոնը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ մտադիր են սրտի ստենտավորման համար հիվանդի կողմից վճարվող գումարի չափը նվազեցնել` մոտավորապես 300 հազար դրամի չափով:

ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ նախարար Արմեն Մուրադյանը հայտնեց, որ սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին այսօր միանում է նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնը:

«Սրտային վիրաբուժության մատչելիության ապահովման խնդիրը ստանում է այն լուծումը, որին գնում էինք վերջին մեկ տարվա ընթացքում», -ընդգծեց նախարարը: Նա նշեց, որ որակական ցուցանիշներով սրտային վիրաբուժությունը և մասնավորապես` ինվազիվ վիրաբուժությունը զարգացած է մեր երկրում: Վիրաբուժական այս ծառայությունը Հայաստանում մատուցվում է

11 բժշկական կենտրոնում, որից երկուսը` Շիրակի և Սյունիքի մարզերում:

Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ այսօր հանդիպում է ունեցել նաև նման ծառայություն իրականացնող ևս երկու կազմակերպության ղեկավարների հետ, և քննարկվել է նաև այնտեղ սրտի ստենտավորման գների իջեցման հարցը:

Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը և «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը նշեցին, որ կառավարման կատարելագործման, նախապատրաստական աշխատանքների և բանակցությունների արդյունքում են կարողացել իջեցրել սրտի ստենտավորման գները: Տնօրենների խոսքով` կատարված գնային փոփոխությունները կնպաստեն հիվանդների թվի աճին, միաժամանակ պահպանելով ծառայության բարձր որակը: Ընդհանուր առմամբ` սրտի ստենտի գները երկու բժշկական հաստատությունում էլ զգալի նվազել են: Բժշկական հաստատությունների ղեկավարները պատասխանեցին լրագրողների հարցերին, ներկայացրին այլ մանրամասներ:

ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է վերանայել սրտի ինվազիվ վիրահատությունների փոխհատուցման չափը։ Նշվեց, որ ակնկալվում է, որ թե՛ բժշկական կազմակերպությունները, թե՛ ներմուծողները ևս ճիշտ կգնահատեն իրավիճակը և կհետևեն արդեն իսկ մատչելիության ապահովման քաղաքականություն իրականացնող իրենց գործընկերների օրինակին:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031