Տնտեսագիտության դոկտոր, Եվրասիական տնտեսագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը համոզված է`ՀՀ տնտեսությունը պիտի զարգանա բոլոր ուղղություններով`ԵԱՏՄ, ԵՄ, Չինաստան, Իրան:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսելով Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշներից, պարոն Թավադյանը հիշեց, որ տարեսկզբին նախագահ Սերժ Սարգսյանը 7 տոկոս տնտեսական աճ էր կանխատեսել: Հիմա 4,4 տոկոս աճ կա: Աշոտ Թավադյանը միանգամայն իրատեսական է համարում 7 տոկոս աճի հասնել անգամ մինչեւ տարեվերջ`եթե Հայաստանից արտահանման եւ ՀՆԱ-ի հարաբերությունը լինի 30 տոկոս: Այժմ 16 տոկոս է:
Թվային ցուցանիշներով 1,5-1,6 միլիարդի արտահանման փոխարեն Հայաստանը պետք է 3 միլիարդի արտահանում ապահովի. «Այլ պարագայում զարգացում չենք ունենա: Որպեսզի փոքր երկիր հանդիսացող Հայաստանի տնտեսությունը զարգանա, հարկավոր է երեք ուղղություններով աճ արձանագրել՝ արտահանում, ներքին շուկայի գրավում եւ զբաղվածության մեծացում»:
Ներքին շուկայի գրավման առումով, ըստ նրա, ներուժ չունենք, բայց զբաղվածության մեծացումը ուղղակի փոխկապակցված է արտահանման աճի հետ: Իր նշած սխեմայի դեպքում, տնտեսագետը նկատում է, որ Հայաստանը կկարողանա լուծել ռազմարդյունաբերության զարգացման հարցերը. «Էական չէ՝ ինքդ ես արտադրում ստրատեգիական ապրանք, թե կարողանում ես արտարժույթ աշխատել և դրա միջոցով գնել այն: Իսկ դրանք փոխկապակցված հարցեր են, և Հայաստանը պետք է մեծ բյուջե ունենա, որպեսզի կամ գնի, կամ արտադրի այդ ապրանքատեսակները:
Կարդացեք նաև
Տնտեսագետի վերլուծություններով, ԵԱՏՄ-ն Հայաստանին հնարավորություն է տվել արտահանման աճի, բայց դա բավարար չէ. «ԵԱՏՄ արտահանման աճը կազմել է 83.7 տոկոս, իսկ միայն Ռուսաստան՝ 87.5 տոկոս: Խոսքը պատրաստի արտադրանքի մասին է, բայց ավանդական ապրանքատեսակների՝ կոնյակ, բանջարեղեն, ձուկ և այլն: Աճը տեղի է ունեցել մի շարք գործոններով պայմանավորված՝ մաքսատուրքերի ազատում, գործառույթների պարզեցում, ռուսական ռուբլու կայունացում եւ այլն»:
Մանրամասները`տեսանյութում
Ի դեպ, Հայաստանի արտահանումն է ՌԴ նույն ծավալով, ինչ ծավալով արտահանում է ԵՄ երկրներ, բայց այս դեպքում հիմնականում արտահանվում է գունավոր մետաղների հումք: Մինչդեռ, ըստ նրա, Հայաստանն իր զարգացման առաջնահերթություններում պետք է պահի գործիքաշինությունը, էներգետիկան, շինանյութերի արտադրությունը, պղնձաձուլարանների ստեղծումը եւ այլն, քանի որ միայն արտադրական արդյունաբերության զարգացումն իրական հնարավորություն կտա տարեցտարի զարգացնել տնտեսությունը: «Հակառակ պարագայում, եթե Հայաստանը իր ներքին ռեզերվները չօգտագործի եւ անտեսի ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները՝ աճեցնել տեղի արտադրանքի ծավալները, տնտեսությունը կշարունակի դոփել նույն տեղում: Իսկ դրան պետք է նախորդի տնտեսական քաղաքականության որոշակի ճշգրտումը»: Այդ մասին տնտեսագետն առանձին վերլուծություն կներկայացնի առաջիկայում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ