Այսօր Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեում, որտեղ 2015 թվականի հունվարի 12-ին դաժանաբար սպանվել էին Ավետիսյանների 7 հոգուց բաղկացած ընտանիքի անդամները, ասուլիս էին հրավիրել նրանց երկու դուստրերն ու ամուսինները: Ավետիսյանների հարազատներն անչափ վրդովված էին Հայաստանի նախագահի, իշխանությունների վերաբերմունքից, իրավապահ մարմիններից, դատարանից, որոնք սպանության շարժառիթներն ու մարդասպաններին այդպես էլ չբացահայտեցին:
Նրանք համոզված են, որ Պերմյակովը մենակ չի եղել, նրա հետ եղել են այլ անձինք: Ըստ նրանց, հայկական կողմը բացարձակապես աշխատանք չկատարեց Պերմյակովի հրամանատարի ու ծառայակից ընկերների տվյալները ճշտելու ու որպես վկա դատարան հրավիրելու համար:
Լուսինե Ավետիսյանն արտասվելով ասաց. «Մենք բողոքում ենք ամեն ինչից, ինչո՞ւ այս տուն մտան, ինչո՞ւ սպանեցին, ինչո՞ւ մինչև հիմա ոչ մեկը պատասխան չի տվել, առաջին պահից խաբել են մեզ բոլորը ՝սկսած իշխանություններից, դատավարությունից: Քննությունից, ամեն ինչից դժգոհում ենք, մենք դատավարությունից հրաժարվել ենք, դատի չենք ներկայացել, իրենք առանց մեզ դատը փակել են, դատել են: Մենք չունենք իշխանություններ, չունենք երկրի նախագահ, եթե մի քիչ մարդ լինեին՝ պիտի մտածեին, որ նույն բանը կարող էր լինել իրենց հարազատների հետ կամ իրենց հետ, ինչո՞ւ անպատասխան թողեցին: Մեր երկու բալեքին սպանեցին, ես ինչո՞ւ չպիտի իմանամ ինչո՞ւ… Ռուսաստանում օդաչուին սպանեցին, մինչև հիմա Պուտինն ասում է՝ ծնկաչոք թուրքը թող ներողություն խնդրի, յոթ հոգու սպանեցին, որից երկուսը մանկահասակ, ինչո՞ւ չպիտի պատասխան տան, պիտի պատասխան տան բոլորը: Էս տան արյունը, ինչը դուք նկարում եք, անպատասխան է մնացել»:
Կարդացեք նաև
Ավետիսյանների մյուս դուստրը՝ Անահիտ Կոշտոյանն էլ հավելեց. «Ինչ-որ մեկը պիտի պատասխան տա՞ այս ամեն ինչի համար, մեկը մեր հարգելի դատավորը, ինքը ձևական կողմն ապահովեց, դատը փակեց, մեր բոլոր հարցերն անպատասխան մնացին, ոչ մի միջնորդություն չբավարարվեց, ոչ մեկին չհրավիրեցին, ամեն մեկին իր ձևով փակեցին, թողեցին, գնացին… Իրենց պետք էր, որ ընդամենը փակեին, ասեին՝ արեցինք, թողեցինք, գնացինք, ոչ մի հարցի պատասխան չստացանք, թատրոն էր ընդամենը, խամաճիկների թատրոն, բոլորը խամաճիկներ էին, իրենց թատրոնը ցույց տվեցին.. Մենք մինչև վերջ հավատում էինք, որ պետք է արդարություն լիներ, մինչև վերջ համոզված ենք, որ պետք է արդարություն լինի, որովհետև ոմանք տղամարդու խոսք էին տվել ու իրենց խոստումը չկատարեցին, որովհետև իրենք տղամարդ չեն»:
Ավետիսյանների դուստրերն ասացին, որ իրենք համոզված են՝ երբ որոշեն ոտքի ելնել, ողջ Գյումրին ու հայ ազգը իրենց կողքին կկանգնի, ինչպես սպանության առաջին օրերին:
Լուսինե Ավետիսյանի ամուսինը՝ Եգոր Ադամյանն էլ ասաց, որ դատավարությունն ավելի հարմար էր կազմակերպել Ավետիսյանների տանը, քան ռազմաբազայի մի խցում, որտեղ աթոռ ու սեղաններ չկային: «Այս պետությունը պետություն չէ, առաջին օրվանից մեզ վախեցնելով, սպառնալիքներով, կրիմինալ աշխարհի մասնակցությամբ մեզ ստիպում էին կանգնեցնել միտինգը… Մենք չիմացանք՝ ինչ է եղել, և չենք էլ իմանա, նախագահի պատվիրակությունը մեծ էր, եկավ Գյումրի, մեզ համոզեց, թե ժողովուրդ ջան, նախագահը ձեր կողքին է, ինչ խնդիր լինի ձեր համար կլուծի, մեր խնդիրը մեկն էր՝ ոչ փող, որ պաշտոն, արդարություն այս ընտանիքի վերաբերյալ, բայց տեսաք ինչքան եղավ: Էնքան եղավ որ մի տարի, յոթ ամիս է՝ այս տան մեջ արյունը լցված, մեզ չթողեցին մաքրել, սրբել, մեկ է՝ չէիք բացահայտելու այս ամեն ինչը… Առաջին օրվանից խաբեցին, թե տան աղջիկը ելել է, զարթնել է, եթե այդ տան աղջիկը արթուն լիներ ու հետը խոսեր, ասեր, ես կզանգեմ ոստիկանություն, հաստատ նրա գլխի մազերը չէին հայտնվի հեռախոսի վրա ու այդ տան աղջիկը էդ աստիճան խփված վիճակում հեռախոսը չէր դնի գլխին կամ մազերը պոկեր, դներ հեռախոսի վրա.. Ամեն ինչ էնքան պարզ է, որ նույնիսկ չոբանը չհասկանար, որ այդպես չի կարող լինել»:
Արթուր Կոշտոյանն էլ ասաց, որ հայկական կողմը շարժվում է Ռուսաստանի թելադրանքով: «Թող մեր պետական մարմինները խնդրեին Ռուսաստանին, եթե հայկական կողմը իրավունք չուներ հրամանատարին ու ծառայակից ընկերներին բերման ենթարկելու, գոնե ասեին՝ այդ յոթ հոգին մեզ համար կարևոր են, որպեսզի արդարություն լինի, համոզեին ժողովրդին, որ արդար են… Թող այդ մարդկանց ներկայացնեն, թող գան էդ մարդիկ, ցուցմունք տան, իրենց իմացածն ասեին, ժողովուրդն էլ անհանգիստ չլինի, թե ինչի չբերեցին: Թող գային, որ համոզվեինք, որ մենակ Պերմյակովն էր, հետը մարդ չկար կամ գային թող ասեին, որ Պերմյակովը իրենց ներկայացրածի պես զինվորին հատուկ խելք ու շնորհք ուներ, որ գար ծառայեր»,- ասաց Արթուր Կոշտոյանը:
Նրանք բողոքարկելու են դատարանի վճիռը, դիմելու են ՄԻԵԴ: Իսկ ՌԴ-ի դեմ քաղաքացիական հայց ներկայացնելու հետ կապված ասացին. «Առաջին իսկ պահից մեզ օգնություն են առաջարկել, բայց մենք հրաժարվել ենք, որովհետև մենք մեր զոհերի արյունը չենք վաճառում, մենք արել ենք այդ ամեն ինչը, որ ՌԴ-ն իր թիկունքում հարված ստանա, թեկուզ չնչին, իմանա ում է ուղարկում իր պետությունից դուրս, իր պետության մեջ զենք չի տալիս նմանների ձեռքը»:
Նրանք վստահ են, որ այս գործի բացահայտման համար քաղաքական կամք է պետք: Ի դեպ, հարազատներն ասացին, որ եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առաջարկի արտաշիրմում կատարել, իրենք համաձայն են, միայն բացահայտվի ճշմարտությունը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Այ լրատվամիջոց ջան գոնե դուք ձեր կողմից հավելեք իրականությունը:
Եվրոդատարանի ամբողջական անունը՝ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ: Մարդու իրավունքներ:
ԵՎրոդատարանը սովորական դատարանների նման ապացույցներ չի հետազոտում, քննիչներ եւ օպերատիվ աշխատողներ չկան: Նայում է ՈՂՋ գործը՝ նախաքննություն, դատաքննություն եւ որոշում մարդու իրավունքների խախտում կա, թե ոչ: Եթե կա՝ գումարային փոխհատուցում տուժածին: ՎԵՐՋ: Եվրոդատարանը ոչ մի արտաշիրիմում չի արել եւ չի անելու:
Հասկանում եմ, որ հարազատները հուզված են, բայց գոնե դուք գրեք, որ երկրորդ անգամ նման սխալ չանեն: