Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է, և նրա ժողովուրդը պատկանում է եվրոպական ընտանիքին. Հ. Նաղդալյան

Օգոստոս 31,2016 15:23

Օգոստոսի 31-ին Վարշավայում կայացած «Համերաշխություն և ինքնիշխանություն» խորագրով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանական համաժողովի շրջանակներում հրավիրված` «Եվրոպական Միության վերածնունդը եւ տարածաշրջանային համագործակցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես է եկել ելույթով:

Շնորհակալություն հայտնելով Լեհաստանի հանրապետության խորհրդարանի ղեկավարությանը հյուրընկալության և նման հեղինակավոր միջոցառման կազմակերպման համար, որին մասնակցում են ավելի քան տասը երկրների խորհրդարանների նախագահներ, փոխնախագահներ և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձինք, Հերմինե Նաղդալյանը այս առիթը հիրավի լավ հնարավորություն է դիտարկել` քննարկելու և վեր հանելու այն խնդիրները, որոնք մտահոգիչ են այսօր և հրատապ անդրադարձի կարիք ունեն:

Այդ համատեքստում տիկին Նաղդալյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել տարածաշրջանում տիրող բավական բարդ և լարված իրավիճակի վրա, և ընդգծել, որ համագործակցության մասին, խոսելիս առաջին հերթին մտովի պատկերացնում ենք անվտանգության խնդիրներին վերաբերող քաղաքական երկխոսությունը: Որպես գլխավոր մարտահրավերներ ԱԺ փոխնախագահն առանձնացրել է գոյություն ունեցող պատերազմական գոտիները, քաղաքական ծայրահեղականության աճը, միջազգային ահաբեկչության ընդլայնումը, որոնք վտանգում են տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը և դրանց դեմ պայքարելու ընդհանուր ջանքեր են պահանջում:

Անդրադառնալով Հայաստանին, Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է բարդ իրականությունը, որում «ապրում է» մեր երկիրը` շրջապատված լինելով իր երկու հարևաններով `Արևելքից Ադրբեջանի` իր ագրեսիվ ռազմական քաղաքականությամբ, արևմուտքից` Թուրքիայի, որը երկու տասնամյակից ավել շարունակում է փակ պահել իր սահմանը Հայաստանի հետ ` դրանով իսկ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը եվրոպացի գործընկերներին ևս մեկ անգամ հիշեցրել է այս տարվա ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին ռազմական ագրեսիայի մասին, որը 1994 թվականի զինադադարից ի վեր` ամենածավալուն և լայնամասշտաբն էր իր բնույթով և թիրախավորել էր ոչ միայն զինված ուժերին, այլ նաև խաղաղ բնակիչներին:

«Գործընկերնե’ր, խնդիրն այսօր վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանը, նրանց ապրելու իրավունքին: Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է` անկախ իր կարգավիճակից, և նրա ժողովուրդը պատկանում է եվրոպական ընտանիքին» ,- իր ելույթում շեշտել է Հերմինե Նաղդալյանը` այս գործընթացում առանձնապես կարևորելով և անփոխարինելի համարելով Եվրոպայի դերը:

«Տարբեր մակարդակներում Եվրամիությունը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, որը հանդիսանում է միակ միջազգայնորեն լիազորված մարմինը` կոչված աշխատելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` հիմնվելով միջազգային իրավունքի երեք սկզբունքների ` ինքնորոշման իրավունքի , տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման վրա»,- իր ելույթում հիշեցրել է ԱԺ փոխխոսնակը` հույս հայտնելով, որ Եվրամիության հավասարակշռված դիրքորոշումը և խնդրի համապարփակ լուծման համար բարենպաստ միջավայր ստեղծելու իր նվիրվածությունը գուցե հաջողեն կոտրել ադրբեջանական քաղաքականության սառույցը և կամուրջ դառնալ` նպաստելով վստահության կառուցմանը, որը, սակայն, հեշտ չի լինի, քանի դեռ մեր հարևանը մոլեռանդորեն մերժում է համագործակցության բոլոր ձևերը:

»Տիկնայք և պարոնայք, Ղարաբաղն այսօր կայացած պետություն է` պետականության իր բոլոր ատրիբուտներով և հաստատություններով` Սահմանադրությամբ, ակտիվ քաղաքացիական հասարակությամբ և կենսունակ տնտեսությամբ»,- եվրոպացի խորհրդարանականների ուշադրությունն է հրավիրել Հերմինե Նաղդալյանը` ընդգծելով, որ սա շատ կարևոր աշխարհաքաղաքական գործոն է տարածաշրջանում` նպաստելով կայունությանն ու խաղաղությանը:

«Իր անկախությամբ Ղարաբաղն ապացուցել է, որ հուսալի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր է միջազգային հանրության համար, և հետևողական է` տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանմանը նպատակաուղղված իր գործողություններում»,- իր խոսքում նշել է տիկին Նաղդալյանը` փաստելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ուղղակի փոխազդեցությունները այսօր դառնում են ավելի ու ավելի ակտիվ:

»Եվրամիությունը ժողովրդավարության խորհրդանիշ է: Իր հիմնական սկզբունքներից ու արժեքներից ելնելով` Միությունը պետք է լինի այն մարդկանց կողքին, ովքեր պայքարում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատության եւ հավասարության համար: Այս մարդիկ սպասելիքներ ունեն, և Եվրամիությունը կարող է օգնել իրականացնել դրանք»,- եզրափակել է իր ելույթը ՀՀ ԱԺ փոխնախագահը:

ԱԺ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031