Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «1 տարի անց Արցախը կմատնանշեն որպես աշխարհի միակ բացարձակ ժողովրդավարական երկիր»

Օգոստոս 31,2016 14:50

Ազգային ինքնորոշման միավորումը հանդիպում է ունենալու Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը օգոստոսի 31-ին «Տեսակետ» մամուլի ակումբում ներկայացրեց մանրամասները:

«Ես խոսել եմ նախագահ Բակո Սահակյանի հետ, մենք իրար հետ վաղուց ենք քննարկել Արցախը աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը դարձնելու հարցը, երբ բացարձակ ժողովրդավարության բանաձեւը շրջանառության մեջ էր մտնում եւ դրա հիման վրա կարելի էր հաշվարկել, թե որ համակարգն է ավելի ժողովրդավարական: Այսինքն՝ մինչ այսօր, եթե տարբեր մեկնաբանություններ են արվում, նկատի ունեմ մինչ բացարձակ ժողովրդավարության բանաձեւի հայտնագործումը, ապա դրանից հետո ամեն ինչ հստակ դառնա»,- ասաց նա:

Անդրադառնալով Արցախում սահմանադրական փոփոխություններին՝ Պարույր Հայրիկյանն ասաց. «Ի զարմանս ինձ, Արցախը Հայաստանից տարբեր համակարգի ուղղությամբ է ընթանում, եւ դա այն համակարգն է, որն առավելապես մոտ է բացարձակ ժողովրդավարության գաղափարին: Ընդհանուր առմամբ, հանրամատչելի լեզվով կոչվում է նախագահական, մենք՝ ԱԻՄ-ականներս ասում ենք վարչապետական, որովհետեւ ժողովուրդն ունենում է ընտրված վարչապետ, նախագահ՝ նույն մարդն է եւ ոչ պակաս ուժեղ խորհրդարան: Ես կարծում եմ, հավատում եմ, հույս ունեմ, որ մեր այս այցելությունը մի շատ կարեւոր խնդրի կնպաստի, ավելի կարեւոր բանի, քան նույնիսկ Արցախի ինքնորոշման գաղափարի մատուցումն էր մեր կողմից:

Ես բառացի ասել եմ Արցախի պաշտոնյաներին, որ սա շատ ավելի լուրջ ներդրում կլինի արցախյան հարցում քան աշխարհի ամենահզոր զենքերի տրամադրումը Արցախին: Նույնիսկ Արցախը, եթե ատոմային զենք ստանա, այդքան մեծ չի լինի դրա նշանակությունը, որքան ժողովրդավարությունը՝ որպես բացարձակ արժեք, ընդունող աշխարհի համար Արցախի ամենաժողովրդավարական երկիր դառնալը: Եթե ես կարողանամ մեր Արցախի գործընկերներին բացատրեմ, ես նույնիսկ Բակո Սահակյանի հետ խոսելիս ասել եմ՝ եթե Դուք անկաշկանդ եք, այդ դեպքում իմաստ ունեն մեր խոսակցությունները, եթե Դուք ինչ-որ բանով կաշկանդված եք, ապա անիմաստ եմ համարում: Ես հավատում եմ, հուսով եմ, որ այս խնդրի կարեւորությունը կհասկանան, եւ ընդամենը մեկ տարի անց ամբողջ աշխարհի քարտեզների վրա Արցախը կմատնանշեն որպես աշխարհի միակ բացարձակ ժողովրդավարական երկիրը:

Մնում է, որ լսեն ժամանակին Սովետական Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր ճանաչված մարդու, ոչ իր համար շահեկան, բայց ընդհանրապես մարդկության համար շահեկան բացարձակ ժողովրդավարության մոդելը կիրառելու կոչը եւ այս հնարավորությունը օգտագործվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031