Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ մեկը չի պատրաստվում որևէ սանտիմետր հող վերադարձնել». Գագիկ Մելիքյան

Օգոստոս 31,2016 14:46

Արցախում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հայաստանյան հասարակական-քաղաքական գործիչների տեսակետները տարաբնույթ են: Մի կողմից՝ այդ գործընթացը համարվում է Արցախի անվտանգության և տնտեսական զարգացման երաշխիք, մյուս կողմից՝ ԼՂՀ-ում տիրող ներկայիս իրավիճակում նման փոփոխությունները տեղին չեն համարվում:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ու «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն այս առումով հակադիր բևեռներում էին:

Գագիկ Մելիքյանը պնդեց. «Արդյունքում ԼՂՀ ազգային ժողովը կընդունի սահմանադրական մի նոր նախագիծ, որը ԼՂՀ-ի համար տնտեսական աճի հնարավորություններ կստեղծի: Քննարկումները կարող են բավականին բուռն ընթանալ, դրանց նպատակը ԼՂ ժողովրդի անվտանգության ու ինքնիշխանության ապահովումն է, միջազգային ճանաչումը»: Այդ քայլերը նպատակահարմար համարելով՝ Գագիկ Մելիքյանը նշեց, թե ՀՀ-ն ևս իր աջակցությունը պիտի ունենա որպես ԼՂՀ ժողովրդի և ԼՂՀ-ի անվտանգության երաշխավոր:

Լարիսա Ալավերդյանը, մատնանշելով ԼՂՀ-ում տիրող խոցելի վիճակը, որ տեսնում ենք հետապրիլյան մտորումների ընթացքում, այս փոփոխություններն անտեղի է համարում. «Մենք տեսնում ենք, որ այդ անհանգստությունները չեն փարատվում և, ընդհակառակը, ամրապնդվում են: Արցախի ժողովուրդն ունի հիմնավոր մտահոգություններ իր անվտանգությունն ապահովելու համար: Երբ գիտենք, որ վտանգը սպառնում է ամեն օր ու ամենուր, այդ ժամանակ կտրուկ փոփոխությունները, օրինակ՝ ՀՀ-ի պես անցնել խորհրդարանական համակարգի, ես տեղին չէի համարի: Մնացյալը պետք է թողնել Արցախի ժողովրդին»:

Հողեր հանձնելու թեման ևս շոշափվեց: Գագիկ Մելիքյանը դա համարում է վտանգավոր խայծ՝ հասարակական տրամադրությունները շոշափելու համար. «Որևէ տարածք հանձնելու հետ կապված որևէ միտում մեր կողմից չի կարող լինել: Շատ լավ գիտենք, որ Ադրբեջանը միշտ բարձրացրել է տարածքների վերադարձի հարց, բայց արյունով ազատագրված տարածքները չեն վերադարձվի, դրանք մեր՝ ԼՂՀ անվտանգության տարածքներն են, ԼՂՀ տարածքային ամբողջականության մաս, որևէ մեկը չի պատրաստվում որևէ սանտիմետր հող վերադարձնել: Առանց փոխզիջումների որևէ բանակցային գործընթաց երբևէ չի իրականացվի: Փոխզիջումներ կարող են լինել, բայց առայժմ մենք Ադրբեջանի կողմից որևէ փոխզիջման մասին առաջարկություն չունենք»: Գագիկ Մելիքյանը հեգնեց, թե ինչու չեք խոսում այն մասին, որ Ադրբեջանը պահանջում է ոչ միայն ազատագրված տարածքները, այլև ԼՂ վերադարձը Ադրբեջանին:

Լարիսա Ալավերդյանն էլ հիշեցրեց, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ շրջանառության մեջ են մտցվել այնպիսի բանաձևեր, որոնք Արցախի խնդիրը դարձրել են վիճահարույց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031