Այս տարի 302 երեխա դպրոց չի հաճախի եւ ուսումը կիսատ կթողնի: Այս երեխաներից 191-ը կրթությունից դուրս է մնացել սոցիալական պայմաններից ելնելով: Սա Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի` ԿՏԱԿ-ի տվյալներն են: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի ավելի քիչ թվով երեխաներ են կրթությունից դուրս մնացել` 250 երեխա, որից 143-ը սոցիալական պատճառներով:
Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը մեկնաբանելով այս փաստն՝ ասաց, որ նախկինում կար հանրակրթությունից դուրս մնացած երեխաների հետ հատուկ աշխատանքային ընթացակարգ, որոնք բացահայտում էին պատճառները, նրանց հետ աշխատանքներ էր տանում` դպրոց վերադարձնելու. «Ես կարծում եմ այսօր ե’ւ սոցիալական ծրագրերն են բավարար, ե’ ւ շատ շատ են այն մարդիկ, որոնք պատրաստ են օգնելու, պարզապես խնդիրն այն է, որ պետք է սրանք բոլորն ի մի բերել եւ մի հարթության վրա դնել: Եթե նման թվեր կան, իրոք մտահոգիչ է, ինձ էլ, որպես մանկավարժ, մտահոգում է»:
Ասուլիսին ներկա «Բարեւ Երեւան» ավագանու անդամ Անահիտ Բախշյանը նկատեց, որ օրենքով, երեխաների` կրթության մեջ լինելու պարտականությունը վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին եւ առաջին հերթին դպրոցի տնօրենին. «Պետք է նա գնա, իմանա` ի՞նչն է պատճառը»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Տիկին Մուրադյանի այն դիտարկմանը, թե այս տարի 40 հազար առաջին դասարանցի ունենք անցյալ տարվա 39 հազարի փոխարեն, ինչը խոսում է այն մասին, որ առաջին դասարանցիների թիվն ավելացել է՝ չնայած արտագաղթի մասին խոսակցություններին, Aravot.am-ը վկայակոչեց սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակը, որի մասին ահազանգում են նաեւ կրթության ոլորտի պատասխանատուները` նշելով, որ մի շարք գյուղերում 2-3 առաջին դասարանցիներով են սեպտեմբերի 1-ը դիմավորելու:
«Ինչ վերաբերում է սահմանամերձ գյուղերին, այո, այդ խնդիրներն ունենք, մենք այդ խնդիրները շատ լավ գիտենք, նաեւ շատ խնդիրներ պայմանավորված են արտագաղթով, դրանք էլ շատ լավ գիտենք, բայց կոնկրետ այսօր, եթե դպրոցի ցուցանիշներով ենք համեմատում, ապա, դրանով չենք կարող ասել, որ արտագաղթը ավելացել է»,-ասաց հանրապետական պատգամավորը:
Այն հարցին էլ, թե կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, երեկ ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել, որ այս կամ այն առարկան հայտնվում է դասացուցակում, որ դպրոցների վրա ճնշումներ է գործադրվում եւ դրա հետեւում կանգնած են պետությունը, միջազգային կառույցներն ու եկեղեցին, տիկին Բաշխյանն ասաց, որ դա պետության պարտականությունն է, եւ պատվեր տվողը հենց նա է, իսկ Լեւոն Մկրտչյանը, «չգիտես ինչու, դա գցեց դպրոցի վրա»:
«Ոչ, դպրոցին ինչ ուսումնական պլան տալիս ես, իրականացնում է»:
Տիկին Մուրադյանն էլ ասաց, որ ունենք դպրոցական բաղադրիչ, որը ազատ այն ժամաքանակն է, որտեղ յուրաքանչյուր դպրոց ինքը կարող է, ելնելով իր զարգացման պլանից, ընտրել, թե էլ ինչ առարկայի ուսումնասիրելու կարիք ունի համայնքը, պատվեր ունի ծնողը:
Անահիտ Բախշյանի խոսքերով, ոչ մի միջազգային կառույց ինքնագլուխ չի կարող մտնել դպրոց եւ այս կամ այն առարկան պարտադրել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ