Օգոստոսի սկզբին կայացած կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը, խոսելով կառավարության հաջողությունների մասին, շեշտադրումներ արեց տնտեսական ակտիվության ցուցանիշին եւ արտաքին առեւտրաշրջանառության աշխուժացման արդյունաբերական ապրանքների ծավալների աճին: Եվրասիական փորձագիտական ակումբում եւս ուշադրություն են դարձրել արտահանման աճի տեմպերին: Ավելի վաղ ստեղծել էին երկու փորձագիտական խմբեր, որոնք իրականացրել են Հայաստանի տնտեսության անկախ վերլուծություն: Համաձայն այդ վերլուծությունների, Հայաստանում արտահանման աճը նկատելի է ԵԱՏՄ-ի ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցելուց արել է որոշ քայլեր, որոնք նպաստել են արտահանման ծավալների աճին: Այդ աճն, ի դեպ, դրական միտումներ ունի:
Ակումբի փորձագետները կարծում են, որ արդյունաբերության զարգացման աճն էլ Հայաստանում նույնպես դրական միտում ունի, եթե կառավարությունը պատշաճ ուշադրություն դարձնի: Արամ Սաֆարյանը տեղեկացրեց, որ իրենց անցկացրած սոցիոլոգիական հարցումները փաստում են` բնակչության 80 տոկոսը կողմ է, որ պետությունը մաս կազմի տնտեսությունում ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերին:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
«Ակումբը սատարում է ՀՀ կառավարության քայլերն այն ուղղությամբ, որ տնտեսության մեջ պետության մասնակցության բաժինն ավելանա: Դա միակ հնարավորությունն է ներդրումներ ներգրավելու`արտադրական արդյունաբերության որոշ ճյուղերում աճ ապահովելու համար»,- ասաց Արամ Սաֆարյանը:
Եվրասիական փորձագիտական ակումբում սատարում են նաեւ ՀՀ կառավարության, մասնավորաբար, վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկին`ռազմավարական նշանակության ապրանքների առեւտուրը`գազ, նավթամթերք, էներգետիկ ռեսուրսներ եւ այլն, ԵԱՏՄ-ի շրջանակներում ազգային տարադրամով վճարելու: Ակումբի անդամները սատարում են նաեւ կառավարության ջանքերը` Մեղրիի տարածաշրջանում Իրանի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու գործընթացը: Արամ Սաֆարյանի համոզմամբ, եթե դա գործարկվի, դա կնպաստի նաեւ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը:
Միաժամանակ, ըստ Արամ Սաֆարյանի, Հայաստանի տնտեսության նման ճահճացման եւ անկումային իրավիճակներում միանգամայն հնարավոր է արդյունաբերական ճյուղերի զարգացումը ոչ միայն գյուղատնտեսական, այլ ռազմաարդյունաբերական համալիրի, գիտատեխնոլոգիական ճյուղերի զարգացումը. «Հայաստանի գիտական միտքը դա դեռ թույլ է տալիս»:
Միջազգային ֆինանսական կազմակերպությունների տվյալներով՝ Հայաստանի տնտեսությունում այս տարի ակնկալվում է 2-3 տոկոս աճ: Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները գտնում են, որ Հայաստանի տնտեսության մեջ նման աճի տեմպերով հեղափոխություն չի լինելու: «Որպեսզի մեր տնտեսությունը բռնի կայուն զարգացման ճանապարհ, պետք է համաձայնեցված, համագործակված մոտեցում այն ընկալման շուրջ, որ Հայաստանի համար փրկությունը տնտեսության թռիչքաձեւ զարգացումն է` գոնե մի քանի տարիների կտրվածքով»,- հայտարարեց Արամ Սաֆարյանը` հավելելով. «Մենք դեմ ենք, որ Հայաստանը դառնա հակառուսական, հակաԵԱՏՄ-ական քարոզի թատերաբեմի`խփելով ԵԱՏՄ-ին եւ աշխարհում հավասարակշռություն խախտելով»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ