Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն պատրաստ է ցանկացած ձևաչափով քննարկումների. «Հայոց Աշխարհ»

Օգոստոս 31,2016 12:59

Ընտրական օրենսգրքի շուրջ ստեղծված «ոչ կոնվենցիոնալ» իրավիճակին, մեր հարցերին ի պատասխան, անդրադառնում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

-Ինչպես հայտնի է, ԿԸՀ-ն չեղարկեց ԸՕ փոփոխությունների եւ լրացումների մասին օրենքը։ Ընդդիմության գնահատականը չուշացավ՝ ՀՀԿ-ն միտումնավոր տապալեց այդ գործընթացը, որովհետեւ «էն գլխից» դեմ էր մատնահետքերի միջոցով էլեկտրոնային գրանցման եւ վերահսկողության մեխանիզմների ներդրմանը։

-Այդ մեղադրանքներն ուղղակի անհեթեթ են։ Վստահ եմ՝ իրենք էլ են համոզվել դրանում։ Ի վերջո, դա եղել է մեր նախաձեռնությունը. եթե հիշում եք, ընդդիմությունն ի սկզբանե պնդում էր քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակման տարբերակը, ինչին մենք դեմ էինք (անձամբ ես հիմա էլ եմ դեմ, որովհետեւ դա բավական լուրջ խնդիրներ կարող է առաջացնել հետընտրական շրջանում) եւ գերադասում էինք ժամանակակից սարքավորումների միջոցով տալ ընդդիմությանը մտահոգող բոլոր հարցերի պատասխանները։

Ավելին՝ սկզբում նրանք ցանկություն չունեին նույնիսկ մասնակցել Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, հետո մտափոխվեցին՝ հասկացան, որ չմասնակցելու դեպքում նոր ԸՕ չենք ունենա՝ կմնա հինը, որից իրենք դժգոհ էին։ Գուցե տեսախցիկների «զորությունը» ստիպեց նրանց ներգրավվել այդ գործընթացում, եւ աստիճանաբար գրեթե բոլորը եկան կառուցողական դաշտ՝ բավական ընդգրկուն քննարկում եղավ, որին մասնակցեցին ե՛ւ ընդդիմադիր ուժերը, ե՛ւ քաղաքացիական հասարակությունը։

Ի վերջո, ստեղծվեց 4+4+4 ֆորմատը, որի շրջանակներում ներկայացված բոլոր առաջարկները, ըստ էության, ընդունվեցին մեր կողմից։ Արդեն քննարկումների ժամանակ, ավելի ճիշտ՝ քննարկումներին զուգահեռ, սկսեցինք բանակցություններ վարել նաեւ միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի կարողանանք հայթայթել անհրաժեշտ գումարները եւ կյանքի կոչել այդ փոփոխությունները։ Քննարկումների միջոցով կարծես եկանք ընդհանուր հայտարարի, թե ինչ տեխնիկական միջոցներով կարող ենք տալ մտահոգիչ հարցերի պատասխանները։

Տարբեր քաղաքական ուժեր հայտարարում էին, որ այդ գումարները կան, մենք էլ կոչ էինք անում՝ գրավոր ներկայացրեք, հասկանանք՝ ովքեր են հատկացնում այդ գումարները, որ այդպես էլ տեղ չեն հասնում։ Հետո դոնոր կազմակերպությունների կողմից բանավոր հավաստիացումներ եղան, որ կլինեն այդ միջոցները, եւ անմիջապես բանակցություններ սկսվեցին միջազգային կառույցների, այդ թվում՝ լեհական ընկերության հետ։

Ցավոք, պատասխանը եղավ այն, որ տեխնիկապես հնարավոր չէ տեղավորվել նախատեսված ժամկետներում։ Մենք առաջարկեցինք այլ տարբերակ՝ 10 մատնահետքի փոխարեն երկու մատնահետք վերցնել, բայց չեկանք ընդհանուր հայտարարի։

Բնականաբար պետք է մեղադրանքներ հնչեին տարբեր քաղաքական ուժերի կողմից, եւ մենք համաձայնեցինք քննարկել ցուցակների հրապարակման հարցը, որին ի սկզբանե դեմ էր նաեւ Վենետիկի հանձնաժողովը, որովհետեւ մեզ համար ավելի կարեւոր է հասարակության վստահությունը՝ որ հանրությունը վստահի ընտրությունների արդյունքներին։

-Այսինքն՝ դա է այն այլընտրանքը, որ առաջարկում եք մատնահետքերով գրանցման մեխանիզմների փոխարեն։

-Հարցը դեռ քննարկման փուլում է։ Այսօր-վաղը քննարկումները կավարտվեն, եւ սեպտեմբերի 1-ին կհայտարարենք այդ մասին, նոր առաջարկությունները նոր համաձայնությունների դաշտում, նոր կոնտեքստով կմտնեն ԱԺ, ու քանի որ ժամանակը քիչ է, կարճ ժամանակում կընդունենք եւ արագ կյանքի կկոչենք։ Սա է ամբողջ պատմությունը։ Համենայն դեպս մենք պատրաստ ենք ցանկացած ձեւաչափով շարունակել քննարկումները, որպեսզի հնարավորինս անխոցելի դարձնենք Ընտրական օրենսգիրքը։

Սակայն, անկախ քննարկումների արդյունքներից, համոզված եմ՝ ի վերջո 2016թ. խորհրդարանական ընտրություններով կյանքը չի վերջանում. հետագայում, այսպես թե այնպես, գնալու ենք ժամանակակից տեխնիկական միջոցների ներդրման, որպեսզի ունենանք ժամանակակից տեխնոլոգիաներին եւ միջազգային ստանդարտներին հարիր արդիական ընտրական համակարգ։ Նույնիսկ եթե այս ընտրություններում ունենանք որոշակի թերություններ, բացթողումներ, կընդունենք ի գիտություն եւ կլրամշակենք Ընտրական օրենսգիրքը։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031