Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում քաղաքական պայքարը կարող է վերաճել անձերի միջև պայքարի. «Հայոց աշխարհ»

Օգոստոս 31,2016 12:17

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ

-Երկու տասնամյակ շարունակ հայրենի ընդդիմությունը չի մասնակցել համայնքային ընտրություններին, ու նրանց պահվածքը ինչ-որ տեղ հեշտացրել է իշխանության գործը: Մինչդեռ այսօր ընդդիմության գործելաոճի փոփոխություն կա, դրա մասին է փաստում այն, որ մասնավորաբար Գյումրիում 10 ընդդիմադիր կուսակցություններ պատրաստվում են մասնակցել ՏԻՄ ընտրություններին. թեժ ընտրապայքար է սպասվում: Սա չի՞ մտահոգում ՀՀԿ-ին:

-Գյումրիում սպասվում է լուրջ մրցակցություն 10 կուսակցությունների ու մեկ դաշինքի միջեւ: Երբ մենք փոխում էինք Ընտրական օրենսգիրքը, շատ լավ հասկանում էինք, որ ինչպես Երեւանում, այնպես էլ Գյումրիում ու Վանաձորում անցկացվելիք ՏԻՄ ընտրություններում, մրցապայքար է ծավալվելու քաղաքական ուժերի միջեւ:
Ինձ համար եւս անսպասելի չէր, որ 10 կուսակցություններ Գյումրիում պետք է մասնակցության հայտ ներկայացնեին, քանի որ մշտապես 4 քաղաքական ուժեր են մասնակցել Գյումրիի քաղաքապետի ընտրություններին: Իսկ այսօր, երբ առջեւում 2017-ի խորհրդարանական ընտրություններն են, բնականաբար սպասվում էր, որ նաեւ նորաստեղծ քաղաքական ուժերն են ակտիվորեն մասնակցելու:

Երկու քաղաքների ՏԻՄ ընտրությունները, մասնավորաբար նորաստեղծ կուսակցությունների համար, լավագույն առիթ են հասարակությանը որպես քաղաքական ուժ ներկայանալու, թեկուզ իրենց անունն ընտրողին հայտնի դարձնելու համար: Այնպես որ տասը կուսակցությունների ակտիվությունը սպասելի էր:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, որը կմասնակցի դաշինքով, ապա պատրաստ ենք այդ մրցակցությանը: ՀՀԿ-ն մտահոգվելու խնդիր չունի, մեզ համար կարեւորն այն է, որ այդ ընտրապայքարը ծավալվի պատշաճ ձեւով: Ես նաեւ համոզված եմ, որ ՀՀԿ-ն այս պայքարում կունենա առավելություն:

-Որտեղի՞ց այդ համոզմունքը, կարծում եք՝ ձեր թեկնածո՞ւն է ավելի մրցունակ։
-Համոզմունքը ծնվում է թիմից, իսկ մեր թիմը մրցունակ է, համոզմունքը ծնվում է կատարված աշխատանքից, մնում է, որ հավուր պատշաճի ցույց տանք նախորդ տարիների մեր կատարած աշխատանքը: Մրցակցությունը թեժ կլինի, բայց ՀՀԿ-ն ակնկալելիք արդյունքները կունենա:

Ես որեւէ քաղաքական ուժի թեկնածուին չեմ ուզում թերագնահատել, բայց որեւէ մեկն էլ թող չմտածի, թե ՀՀԿ-ն լավ թեկնածու չի առաջադրել: ՀՀԿ-ն շատ երկար ժամանակ ծանրութեթեւ է արել ու առաջադրել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Մյուս կուսակցությունների թեկնածուների առումով ոչինչ չունեմ ասելու, այնտեղ կան նախկին, նաեւ ներկա պատգամավորներ, բայց հավատում եմ մեր թիմի հաղթանակին, մենք կունենանք դրական արդյունքներ:

-Ընդդիմությունը մշտապես դժգոհել է, թե չունենալով անհրաժեշտ քանակի վստահված անձինք, հանձնաժողովի անդամներ, ի վիճակի չէ տեղերում ապահովել վերահսկողություն: Ի՞նչ եք կարծում՝ 10 կուսակցությունները Գյումրիում ունե՞ն այդ անհրաժեշտ ներուժը, կկարողանա՞ն վերահսկողություն իրականացնել, որպեսզի հետընտրական շրջանում չասվի նույնը, թե գործընթացը վերահսկել չկարողացանք, ու իշխանությունը կեղծեց ժողովրդի քվեն:

-Շատ ճիշտ եք ասում, եւ ուրեմն, որպեսզի պարտվելուց հետո չխոսեն, թե ընտրությունները կեղծվել են, ընդդիմությունը շատ խոսելու փոխարեն պետք է գործի ու ընտրատեղամասերում ունենա սեփական վստահված անձինք:
Նաեւ պետք է լինել այնքան կայուն, կազմակերպված թիմ, որ վստահված անձդ չծախվի, կամ էլ կուսակցությունը չծախի իր տեղերը: Գիտեք, այն քաղաքական ուժը, որը դա չի կարող ապահովել, չունի այդքան ներուժ, լավ կլինի լուծարվի ու երբեւէ որպես քաղաքական ուժ հանդես չգա, դաշտն էլ չկեղտոտի:

-Ճի՞շտ են այն տեղեկությունները, թե ՀՀԿ-ն տարբեր լծակներով ճնշում է գործադրում մրցակից կուսակցությունների վրա: Ի դեպ, ճնշումների մասին առավելապես խոսում ու դժգոհում են ԲՀԿ-ականները:

-Ի՞նչ ճնշումների մասին է խոսքը: Ես նման բան չեմ լսել, թե Գյումրիում հանրապետականները ճնշում են մյուս կուսակցությունների թեկնածուներին: Գյումրիում շատ հանգիստ, նորմալ վիճակ է:

Բայց կա նաեւ հետեւյալ հանգամանքը. 422 մարդ ընդգրկված է կուսակցական ցուցակներում: Հիմա, այդ մարդկանցից մեկը կարող է մյուսի հետ հնուց եկող անձնական բարդ հարաբերություններ ունենալ, որքանո՞վ է ճիշտ անձնական հարաբերությունները բերել, կապել քաղաքական պայքարի հետ ու հայտարարել` ճնշում կա:
Նման բան չկա, Գյումրիում ընթանում է զուտ քաղաքական պայքար, իսկ քաղաքական խնդիրները լուծվում են քաղաքական ուժերի ղեկավարների կողմից: Հույս ունեմ, որ ե՛ւ նախընտրական ընթացքը, ե՛ւ ընտրությունները կանցնեն հանգիստ, մրցակցային պայմաններում:

Ա. Սարգսյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031