Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու ոսկե մեդալով չեն պարգեւատրվում Օլիմպիական խաղերի մեկնած բոլոր հայաստանցիները. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 31,2016 11:24

Հայաստանցի մարզիկների պարգեւատրման մասին հստակ տեղեկություններ չկան, հետեւաբար կարելի է միայն ենթադրություններ անել այս առումով։ Հիշեցնեմ, որ նախորդ՝ Լոնդոնում 2012 թվականին կայացած Օլիմպիական խաղերից առաջ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խոստացել էր Օլիմպիական չեմպիոնին պարգեւատրել 700 հազար եվրոյով, Հայաստանի կառավարությունն էլ նախատեսել էր 80 հազար եվրո։

Սակայն «Ռիո 2016»-ի համար այս թվերը զգալիորեն կրճատվել են։ Հայաստանի կառավարությունը անցյալ տարվա նոյեմբերի 5-ի հ. 1282-Ն որոշմամբ հաստատել է Օլիմպիական խաղերում մրցանակակիրներ դարձած մարզիկներին, նրանց մարզիչներին շնորհվող դրամական մրցանակների չափերը։ Համաձայն այդ փաստաթղթի՝ «Ռիո 2016»-ում ոսկե մեդալ նվաճած մարզիկները պետք է ստանան 20 միլիոն պարգևավճար, մարզիչները՝ 10 միլիոն ՀՀ դրամ։ Արծաթե մեդալի դեպքում մարզիկը ստանալու է 15, մարզիչը՝ 7,5 միլիոն ՀՀ դրամ։

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) իր հերթին խոստացել է յուրաքանչյուրին պարգեւատրել կառավարությունից հատկացված գումարի կրկնապատիկի չափով։

Ստացվում է, որ Օլիմպիական խաղերում նվաճած ոսկե մեդալի համար հայաստանցի մարզիկները պետք է ստանան 60 միլիոն ՀՀ դրամ (20+40), ինչը համարժեք է մոտ 125 հազար ԱՄՆ դոլարի, արծաթե մեդալի համար՝ 45 միլիոն դրամ (15+30). համարժեք է 93 հազար ԱՄՆ դոլարի։

Իհարկե, այս թվերը դոգմատիկ չեն. մեր կառավարությունը, ինչպես նաեւ ՀԱՕԿ-ը հավանաբար կփոխեն, կմեծացնեն այս թվերը, առավել եւս, որ ըստ այս հաշվարկի, մեր չեմպիոնը ստանալու է մոտավորապես այնքան գումար, ինչքան բրոնզե մեդալ նվաճած ադրբեջանցի մարզիկը։

Միգուցե մերոնք պարգեւատրեն նաեւ ոչ միայն մրցանակակիրներին, այլ նաեւ Օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցներին՝ աչքի ընկնելու համար մեր կառավարությունից կամ Օլիմպիական կոմիտեից ամեն ինչ սպասելի է։ Մերոնք կարող են Օլիմպիական խաղերում իրենց թողտվության պայմաններում ոսկե մեդալից զրկված մարզիկին հայրենիքում հռչակել Օլիմպիական չեմպիոն, սեփական արտադրության ոսկե մեդալ հանձնել, հետեւաբար սպասելի է նաեւ, որ հերոս անվանեն եւ պարգեւատրեն մարդկանց, որոնց մասին չենք էլ ենթադրում։

Տրամաբանական գործողությունների բացակայության պայմաններում ամեն ինչ հնարավոր է, եւ այդ դեպքում հարց է ծագում, թե ինչու ոսկե մեդալով չեն պարգեւատրվում Օլիմպիական խաղերի մեկնած բոլոր հայաստանցիները՝ մարզիկները, մարզիչները, պատվիրակության անդամները, զբոսաշրջիկները եւ այլն։ Նաեւ, ինչու ոչ, Ռիո չմեկնած Հայաստանի քաղաքացիները։

Արմեն ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031