Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը նոր Համաձայնագրի ստորագրումը հնարավոր է համարում միայն այն դեպքում, եթե հրապարակվեն ընտրություններին մասնակցած անձանց ստորագրված ցուցակները

Օգոստոս 31,2016 10:16

Ընդդիմության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իշխանությունների միջև 2016թ.-ի մարտ-հունիս ժամանակահատվածում ծավալված 4+4+4 ձևաչափով բանակցությունների արդյունքում, 2016թ.-ի հունիսի 16-ին Ազգային ժողովի չորս ընդդիմադիր խմբակցությունները և իշխանության ներկայացուցիչները կայացրեցին քաղաքական համաձայնություն՝ նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման վերաբերյալ: Կնքված համաձայնագրով մասնավորապես նախատեսվում էր 2017թ.-ի Ազգային ժողովի ընտրություններում ներդնել ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը, ձևավորել ընտրողների կենսաչափական տվյալների էլեկտրոնային պահոց և քվեարկության օրը ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը կատարել տեխնիկական սարքի միջոցով` մատնահետքով, ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացը տեսանկարահանել ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով և իրականացնել հատուկ ստեղծված կայքերի միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակումը և այլն: Ստեղծվեցին լուրջ հիմքեր ընտրակեղծարարության վերացման և օրինական ընտրություններ անցկացնելու առումով:

Կնքված Համաձայնագիրը հավանություն ստացավ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից և բարձր գնահատականի արժանացավ միջազգային հանրության՝ մասնավորապես, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Վենետիկի հանձնաժողովի, Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության, Եվրամիության, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Ճապոնիայի դեսպանների կողմից:

Կարճ ժամանակ անց Համաձայնագրի հիման վրա կատարվեցին անհրաժեշտ փոփոխություններ Ընտրական օրենսգրքում, իսկ այն կյանքի կոչելու նպատակով միջազգային հանրության ձեռնարկած քայլերը հնարավոր դարձրեցին սահմանված ժամկետում ֆինանսական միջոցների հայթայթման խնդրի ամբողջությամբ լուծումը:

Սակայն օգոստոսի 29-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության ներկայացրած հիմնավորումները, հանդես եկավ հայտարարությամբ առ այն, որ Համաձայնագրով սահմանված նոր ընտրական մեխանիզմները կիրառելու համար առաջացել են անհաղթահարելի տեխնիկական խոչընդոտներ, ինչը նշանակում է, որ իշխանությունները չեղյալ են հայտարարում 2016թ.-ի հունիսի 16-ի Համաձայնագիրը: Միևնույն ժամանակ, ստեղծված իրավիճակում իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ իշխանությունը պատրաստ է նոր Համաձայնագիր ստորագրել ընդդիմության հետ՝ ընտրական գործընթացի օրինականության վերահսկման այլ մեխանիզմների շուրջ:

Այս կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

1.Քաղաքական ուժերի միջև կնքված Համաձայնագրի չկատարման և Ընտրական օրենսգրքով սահմանված ընտրական գործընթացի օրինականության վերահսկման մեխանիզմների չկիրառման ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա:

2.Կոնգրեսը նոր Համաձայնագրի ստորագրումը հնարավոր է համարում միայն այն դեպքում, եթե համաձայնության առարկա դառնա ընդդիմության և քաղաքացիական հասարակության վերջին տասներեք տարիների գլխավոր պահանջի անվերապահ կատարումը, այն է՝ ընտրություններին մասնակցած անձանց ստորագրված ցուցակների պաշտոնական հրապարակումը: Ընդ որում, պետք է վերականգնվի ընտրացուցակներում ընտրողների ստորագրության պահանջը, ընտրացուցակները պետք է սքանավորվեն և ներբեռնման հնարավորությամբ պաշտոնապես հրապարակվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքէջում:

3.Ընտրողների կողմից ստորագրված ցուցակների պաշտոնական հրապարակումից բացի, պետք է նաև սահմանվեն ընտրությունների արդյունքների բողոքարկման ժամկետների երկարաձգում, բողոքարկման նոր մեխանիզմների կիրառում և ընտրակեղծարարության համար պատասխանատվության խստացում այնպես, ինչպես ընդունելի կլինի 4+4+4 ձևաչափի մասնակից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:

4.Բացի այդ, առաջին Համաձայնագրում նախատեսված կարգով պետք է նախատեսվի ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով և հատուկ ստեղծված կայքի(երի) միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակում: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման և քվեարկության ծրարների, քվեաթերթիկների հատկացման, ինչպես նաև քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչև 50մ շառավղով:

5.Նույնպես առաջին համաձայնագրում նախատեսված կարգով դոնոր կազմակերպությունների փորձագետների միջոցով պետք է աուդիտի ենթարկվի ընտրությանը մասնակցելու իրավունք տվող ID-ների եւ անձնագրերի ամբողջ շտեմարանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031