Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ուսումնական տարվա մի քանի խնդիրների մասին

Օգոստոս 31,2016 10:13

Վերջին օրերին հետեւում եմ տարբեր մարզերում հանրակրթական, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ ԿԳ նախարարի ելույթներին, որպեսզի հասկանամ, թե ի՞նչ փոփոխություններ են ծրագրվում հանրակրթության եւ միջին մասնագիտական կրթության ոլորտներում:

Օգոստոսի 30-ին էլ մասնակցում էի Երեւանի տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանն ու կարեւորում եմ Երեւանի քաղաքապետի ու ԿԳ նախարարի ներկայությունը այդտեղ, որովհետեւ վերջին 3 տարիներին այս միջոցառմանը չէր մասնակցում ոչ ԿԳ նախարարը, ոչ՝ Երեւանի քաղաքապետը: Ուզում եմ ընդգծել նախարարի մի կարեւոր նախադասությունը. «Կրթության եւ գիտության նախարարությունը միայն ավագ դպրոցների նախարարություն չէ», իսկապես: Ամեն տեղ տնօրեններին ուղղված նախարարի խոսքը լի է նոր ձեւակերպումներով, որոնք մի շարք մտորումների տեղիք են տալիս:

Երեւանի հանդիպման ժամանակ նախարարը կրկին շեշտեց տնօրենի հավաստագրման գործընթացի փոփոխության մասին, որը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջ է: Հայտարարվող փոփոխությունը կայանում է նրանում, որ վերացնում են տնօրեն դառնալու համար օրենքով պահանջվող 5 տարին մեկ, համապատասխան վերապատրաստումից հետո գրավոր ու բանավոր քննություն հանձնելը, այլ մեկ անգամ հավաստագիր ստանալուց հետո, գործող տնօրենը 5 տարին մեկ պետք է ընդամենը վերապատրաստում անցնի: Բնական հարց է ծագում, առանց օրենքում փոփոխություն կատարելու, ինչպե՞ս են ներդնելու այս փոփոխությունն ու 5 տարին մեկ վերապատրաստում անցնելն արդյո՞ք իրավունք է տալու տվյալ տնօրենին, առանց նոր մրցույթ հայտարարելու պաշտոնավարել մինչեւ 65 տարեկան:

Հաջորդ նորությունը դա ԿԳ նախարարի 2016թ. հունիսի 27-ի հրամանով 12-րդ դասարանում ուսումնական գործընթացի կազմակերպմանն է վերաբերում, ըստ որի՝ այդ դասարանի ուսպլանով նախատեսված առարկաների ուսումնասիրությունն ավարտվում է 12-րդ դասարանի առաջին կիսամյակի վերջում՝ կիսամյակային (տարեկան) գնահատականով եւ (կամ) ամփոփիչ ատեստավորմամբ (պետական ավարտական քննությամբ), բացառությամբ ՆԶՊ եւ սովորողի կողմից ընտրված առարկաների: 2-րդ կիսամյակում սովորողի շաբաթական ուսումնական բեռնվածությունը ձեւավորվում է պարտադիր ուսումնասիրության ՆԶՊ (1 ժամ) եւ սովորողի ընտրությամբ առնվազն 3 առարկաների ուսումնական նյութի կրկնությանը՝ 31 ժամ, մնացած 3 դասաժամը սովորողը տնօրինում է իր հայեցողությամբ: Ընդ որում, 31 ժամը տրվում է այդ առարկաների կրկնությանը: Ընդամենը 34 ժամ, ինչպես 1-ին կիսամյակում:

Հարց է առաջանում, այս հրամանը վերաբերում է ինչպես ավագ եւ միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանների աշակերտներին, ովքեր ունեն նախընտրած առարկաներ եւ 2-րդ կիսամյակում շաբաթական 31 ժամ այդ 3 առարկաների նյութն են կրկնելու, այնպես էլ այն 12-րդցիներին, ովքեր դպրոցից հետո իրենց կրթությունը բուհում չեն շարունակելու: Ինչպե՞ս է կազմակերպվելու նրանց կրթությունը 2-րդ կիսամյակում, թե՞ նրանք կարող են 1-ին կիսամյակի վերջում հանձնել ուսպլանով նախատեսված բոլոր առարկաներից պետական ավարտական քննություններն ու ստանալ ատեստատ: Այս դեպքում նրանք սովորում են 11.5 տարի:

Հիշեցնեմ, որ 2015թ. ապրիլի 8-ի ԱԺ-ի կողմից ընդունված «Կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ 2017թ. հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում մինչեւ սովորողի 19 տարին լրանալը միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթության պարտադիր կրթության պահանջը:
Գուցե չեմ լսել, բայց շատ կուզենայի նախարարից լսել, թե ԿԳ-ի կողմից ի՞նչ քայլեր են ձեռնարկվում սույն օրենքի իրականացման ուղղությամբ, որպեսզի, հատկապես գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող մարզերում, իր կողմից կարեւորվող գյուղատնտեսական մասնագիտացումների գծով կազմակերպվի միջին մասնագիտական կրթություն: Մասնավորապես, Արագածոտնի մարզում, որտեղ միջին մասնագիտական կրթություն ապահովող ոչ մի հաստատություն չկա, ինչպե՞ս է նախարարությունը լուծելու պարտադիր միջնակարգ կրթության պահանջն այս մարզում:

Անհանգստացած եմ նաեւ այն փաստով, որ 2016թ. փետրվարի 18-ի կառավարության նիստի թ.6 արձանագրությամբ հավանություն տրված ժամանակացույցով Սյունիքի մարզում 2016 թվականից պետք է ներդրվեր համընդհանուր ներառական կրթության քաղաքականությունը, որի իրականացման համար Օրենքից բխող անհրաժեշտ իրավական փաստաթղթերը, կարգերը ՀՀ կառավարությունը դեռեւս չի ընդունել, այսինքն՝ կառավարությունն արգելակում է իր կողմից հաստատած ժամանակացույցը, որի պատասխանատվությունը հետագայում կրելու է ԿԳ նախարարությունը:

Համընդհանուր ներառական կրթության քաղաքականության իրականացման ճանապարհին մեծ խնդիր է հատուկ մանկավարժ մասնագետների քիչ լինելը, որը կարելի է լուծել մարզերի մանկավարժական բուհերում այդ մասնագիտացումների ուղղությամբ մագիստրոսական աստիճանի շնորհման գործընթացը կազմակերպելը, սա պետական քաղաքականության պահանջ է եւ պետք է արագորեն այդ գործին ընթացք տալ: Լիովին համաձայն եմ նախարարի այն տեսակետի հետ, որ բուհերում առարկայական բակալավրի աստիճանից հետո, մանկավարժի որակավորում ստանան մագիստրատուրայում:

 

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ
Կրթության փորձագետ

 

«Առավոտ»

31.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031