Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ծով չխմելու» պատրվակը

Օգոստոս 31,2016 10:07

Հունաստան, Սամոսա, 5-րդ դար մեր թվարկությունից առաջ: Փիլիսոփա Քսանթոսը, որոշակի «գրադուսի» տակ գտնվելով, գրազ է գալիս իր ընկերոջ հետ, որ կկարողանա խմել մի ամբողջ ծով: Պարտվելու դեպքում նա պարտավորագիր է գրում՝ ընկերոջը հանձնել իր ունեցվածքը: Սթափվելով՝ նա սկսում է ելքեր փնտրել, թե ինչպես է հնարավոր հետ կանգնել իր անհեթեթ խոստումից: Օգնության է գալիս նրա ստրուկ Եզովպոսը, որը խորհուրդ է տալիս փիլիսոփային ասել հետեւյալը. «Ես պարտավորվել եմ խմել ծովը, բայց ոչ՝ այդ ծովի մեջ հոսող գետերը: Այ, եթե դուք ինձ տաք առանձին, մեկուսացված մի ծով, ես այն կխմեմ»: Եվ քանի որ այդպիսի ծով Քսանթոսին ոչ ոք չէր կարող տրամադրել, հարցն ինքնին լուծվել է:

Գիլյերմե Ֆիգեյռեդոյի պիեսի այդ դրվագն ինձ հիշեցրել է Ընտրական օրենսգրքի շուրջ ծավալվող իրադարձությունները: Իշխանությունը խոստացել էր բարելավել քվեարկության գործընթացը՝ կատարելով ընդդիմության պահանջների մի մասը: Բայց դա արել է պայմանական եղանակով՝ եթե փող լինի տեխնիկական նորամուծությունների համար: Բայց քանի որ օրերս «պարզվել է», որ եվրոպական կառույցները փող չեն տալիս, ակնհայտ է դարձել, որ այդ բարեփոխումները հնարավոր չէ իրականացնել: Ամբողջ խնդիրն այն է, որ «փող ուզողը» հենց իշխանություններն էին, կառավարությունը: Ոչինչ չէր կարող ստիպել նրան մեծ ջանասիրություն չդրսեւորել «փող ուզելու» հարցում:

Արդյունքում բոլոր տեսակի քննարկումները, վեճերը, «4+4»-ը, համաձայնությունները, փոխզիջումները եւ այլն բացարձակապես անիմաստ դուրս եկան: Իշխանությունը չի հրաժարվում կատարել Ընտրական օրենսգրքի հիշյալ բարեփոխումները՝ ցույց տվեք այն ծովը, որի մեջ գետեր չեն հոսում, եւ մարդիկ այդ ծովը կխմեն:

Հայաստանի համար արդար, հասարակության մեծամասնության համար ընդունելի արդյունքներով ընտրություններ անցկացնելը ռազմավարական, ավելին՝ անվտանգությանն անմիջականորեն առնչվող խնդիր է: Եթե քաղաքական ուժերը վստահ են, որ նախատեսված տեխնիկական նորամուծությունները գոնե 50 տոկոսով մեղմում են 21 տարի շարունակ հնչող մտահոգությունները, ապա դրա համար ոչինչ չարժե խնայել (անգամ բյուջեի գումարները), եւ եթե իշխանությանը խաբել են, ու պատրվակ է գտել այդ նորամուծությունները չիրականացնելու, ապա դրա դեմ պետք է պայքարել բոլոր օրինական միջոցներով: Սակայն եթե տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեցող այս նախագիծը, միեւնույն է, որեւէ շոշափելի արդյունք չի տա (ինչին, ճիշտն ասած, ես ավելի շատ եմ հակված), ապա, կներեք, բոլոր «4»-երը պետք է խոստովանեն, որ իզուր ժամանակ են ծախսել եւ զբաղեցրել հասարակության ուշադրությունը:

Իրականում արդար ընտրությունները ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական խնդիր են: Կարծում եմ՝ որեւէ քաղաքական գործիչ այդ թեզի հետ չի վիճի:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Seyran says:

    Փող տվողներն էլ չեն ցանկանում,որ մեր նման երկրներում ընտրությունները բոլորի կողմից ընդունվի արդար,որպեսզի եվրոպական կառույցներում քննարկելու թեմա լինի,թե չէ ինչով պետք է արդարացնեն իրենց կողմից ծախսվող հսկայական միջոցները:Դրա համար նրանք ավելի շուտ փող կտան որոշակի ուժերի՝ ընտրությունների ,,լեգիտիմությունը,,կասկածի տակ դնելու,քան այն արդար ճանաչելու համար:

  2. armyeg says:

    Փոքրիկ ուղղում. ոչ թե “Քսանֆա,” այլ “Քսանթոս”:

  3. Karen says:

    Իմիջիայլոց, ՛՛Քսանֆը՛՛ ռուսականացված ձև է, հայերեն ճիշտ ձևը՝ Քսանթոս:
    Կղզու անունն էլ՝ Սամոս: Եթե հունարեն Αἴσωπος-ը հայկականացված ձևով եք նշում, ապա մյուսների դեպքում էլ պետք է պահպանել սկզբունքը:

  4. Մարգար Մախսուդյան says:

    == ապա, կներեք, բոլոր «4»-երը պետք է խոստովանեն, որ իզուր ժամանակ են ծախսել եւ զբաղեցրել հասարակության ուշադրությունը:==
    Դուք էլ ինձ կներեք՝ սակայն որևէ ջանք, որն ուղղված է արդար ընտրությունների անցկացման համար, երբեք չի կարող իզուր լինել:
    Ասեմ ավելին՝ ՛՛Սասնա ծռերի՛՛ առաջացրած ՛՛փոթորիկը՛՛, որ առաջին հայացքից թվում էր, թե արդար ընտրությունների հետ որևէ կապ չունի, իրականում քշեց տարավ արդեն պատառոտված վարագույրի վերջին ծվենները, որոնցով փորձում էին քողարկվել մինչև ուղն ու ծուծը ապականված իշխանությունները, բացի այդ՝ տեղեկատվական տեղնոլոգիաների մուտքը ընդհուպ մինչև կենցաղ այնքան են հեղինակազրկել ընտրակեղտերին, որ նրանց տապալումը որևէ փուլում կամ որևէ անսպասելի առիթով բացառել չի կարելի:

  5. Հ.Շ. says:

    Պահ մը հայտնվեցաւ թէ, խորհրդարանական ընտրութիւնների ճամբով, կազմելու են «Ազգային Միութեան Կառավարութիւն», բաղկացած գոնէ 4 հիմնական կուսակցութիւններէ (ՀՀԿ + ՀԱԿ + ՀՅԴ + Օրինացչգիտեմինչը նոր անունին տակ) : Սոյն – քաղաքականօրէն – միասնական կառավարութեան աջակցելու են նաեւ այլ ու այլազան, նուազ հանրածանօթ – սակայն ըստ էութեան ոչ աննշան – քաղաքական խմբաւորումներ:

    Եթէ այդ ծրագիրը իրականա, ընտրական գործընթացի վերաբերող այդ բարենորոգումներն են որոնք հանդիսանալու են ժամանակի, ճիգերի եւ փողերի մսխում:

    Արդարեւ, այդ բազմակուսակցական կառավարութիւնը անվիճելիօրէն իրաւացի է լինելու, թէ Օրէնքի եւ թէ Ժողովրդավարութեան սկզբունքների հիման վրայ (հաւանական առաւելագոյն խարդախութիւններու թիւը իսկ եթէ մէկդի դրուի, այս բոլոր կուսակցութիւններու միասնաբար հաւաքած իսկական քուէներու գումարումը ապահովաբար մեծամասնութիւն կը հանդիսանայ) :

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031