Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընդդեմ Հայաստանի՞, ՌԴ-ի՞, թե՞ Վրաստանի էր Հայաստան եկող գազատարի պայթեցման փորձը

Օգոստոս 31,2016 14:30

Վրաստանի իշխանությունը առավելագույնս կխոչընդոտի
ագրեսիայի դրսեւորումներին՝ համոզված է Առնոլդ Ստեփանյանը

Վրաստանում օգոստոսի 22 -ին կանխվեց Ռուսաստանից Հայաստան եկող գազատարի պայթեցման փորձը. ձերբակալվեցին 7 անձ: Նրանք Վրաստանի քաղաքացիներ էին: Բերման ենթարկվածներից հինգին մեղադրանք էր առաջադրվել ահաբեկչություն կազմակերպելու հոդվածով: Վրաստանի անվտանգության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Սավլե Մոտիաշվիլին ներկայացնելով օգոստոսի 20-ին տեղի ունեցած ձերբակալությունների մանրամասները՝ հայտնել էր, որ հանցավոր խմբավորումը պլանավորում էր գազատարը պայթեցնել մայրաքաղաք Թբիլիսիից մոտ քսան կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սագուրամ գյուղի տարածքի հատվածում:
Հանցագործությունը իրականացնելու նպատակով հանցախմբի անդամները օգոստոսի 20-ին ուղեւորվել էին Ժինվալի-Շատիլի ավտոճանապարհի մերձակա անտառահատված՝ այնտեղից պայթուցիկ նյութերը վերցնելու, եւ այդ պահին էլ ձերբակալվել էին: Վրաց իրավապահների փոխանցմամբ՝ հանցավոր խմբավորման մոտ ընդհանուր առմամբ հայտնաբերվել էր 4 միավոր 200 գրամանոց «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, 5 պայթուցիչ սարք (դետոնատոր) եւ զենք-զինամթերք:

Վրաստանի իրավապահները հայտնել էին նաեւ, թե ձերբակալվածներից մեկը հաճախ Ուկրաինա է այցելել: Այս տեղեկությունը պատճառ հանդիսացավ, որ հատուկ ծառայությունների կողմից ահաբեկչական գործողություն կանխելու մասին պնդումները Վրաստանում կասկածի տակ առնվեն: Վրաստանում հարցեր էին բարձրացվում՝ ահաբեկչությո՞ւն էր դա, թե՞ նախընտրական պատրանք:

Ձերբակալվածների թվում ազգությամբ ադրբեջանցի չկա, այդ իսկ պատճառով Վրաստանում բացառում էին կանխված հանցագործության ետեւում ադրբեջանական հետքը: Քննարկվեց նույնիսկ ահաբեկչական գործողություններով հայտնի «Իսլամական պետություն» խմբավորման հնարավոր մասնակցությունը:

Այնուհետեւ Հայաստան եկող գազատարի պայթեցման փորձը Վրաստանում քաղաքական երանգավորում ստացավ: Որոշ փորձագետներ հավանական էին համարում ուկրաինական հետքը՝ կապելով այն Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ` չբացառելով իշխանությունների կողմից ընտրություններից առաջ քաղաքական միավորներ հավաքելու նպատակը: Եղան հայտարարություններ, թե իբր «Միացյալ ազգային շարժումը» հետաքրքրված է Վրաստանի անկայունությամբ: Սա, անշուշտ, ծանր մեղադրանք է՝ ուղղված ցանկացած քաղաքական ուժի, սակայն, վստահաբար, բավական անլուրջ հայտարարություն էր: Ընդունա՞կ են Վրաստանի նախկին նախագահի թիմակիցներն այսօր երկրի ներսում գազատարներ պայթեցնել: Հազիվ թե: Բացի այդ, արդյոք այդ մեկ փորձը կարո՞ղ էր ապակայունացնել ողջ Վրաստանը:

Որոշ փորձագետներ էլ նկատում էին, թե միջադեպի մասին խոսելիս իրավապահները հաճախ եւ առանց որեւէ հիմնավորման օգտագործում են ահաբեկչություն տերմինը, մինչդեռ խողովակ պայթեցնելը, ըստ նրանց, դիվերսիա է:

Այսպես, ովքեր կարո՞ղ էին կանգնած լինել հանցավոր խմբի ետեւում, ի՞նչ նպատակ են նրանք հետապնդել` Հայաստան տանող գազատարի պայթեցման մտադրությամբ: Կարո՞ղ էր դա օգտագործվել Վրաստանի նախընտրական այս փուլում:

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը «Առավոտ»-ի հետ զրույցում նկատեց, որ թեեւ Հայաստանը գազից կտրելը բխում է Հայաստանի ավանդական հակառակորդների շահերից, եթե այն դիտարկենք շահերի տեսանկյունից, սակայն միանշանակ հասկանալի է, որ Հայաստանի շրջափակման բոլոր միջոցները հակաքայլեր կառաջացնեին Հայաստանի կողմից: «Տվյալ դեպքում, կարծում եմ, Հայաստանի ավանդական հակառակորդները ներգրավված չեն դրանում: Ադրբեջանը հետաքրքրված չէր լինի, քանի որ եթե Ադրբեջանը հիմա նման քայլերի դիմի Վրաստանում, Հայաստանն էլ համահունչ քայլերի կգնա Վրաստանում: Իսկ Ադրբեջանն ավելի շատ բան ունի կորցնելու Վրաստանում: Քանի որ հիմա Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են բանակցությունների փուլում, իրավիճակի լարումը ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի կողմից՝ հատկապես Վրաստանի տարածքում, իմաստ չունի, որովհետեւ երկու կողմերն էլ շահագրգռված են կայուն Վրաստանով, երկու կողմերն էլ հետաքրքրված են Վրաստանի տարածքով կայուն տրանզիտով: Տարանցման խոչընդոտների միջոցները կարող են կիրառվել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում շատ սուր ճգնաժամի դեպքում, այսինքն` պատերազմի դեպքում»,- նկատեց մեր զրուցակիցը` հավելելով, որ Հայաստանի գազային կարճաժամկետ մեկուսացումը, հավանաբար, այլ խաղացողներից է գալիս, որոնք կարճաժամկետ խնդիրներ են փորձում լուծել:

Այդ դեպքում ո՞ւմ էր ձեռնտու՝ հարցրինք Առնոլդ Ստեփանյանին, աշխարհաքաղաքական խաղացողների՞ն: «Աշխարհաքաղաքական խաղացողներից որեւէ մեկի նախաձեռնությունը չէր լինի դա: Եթե խոսենք Արեւմուտքի մասին` միանշանակ բացառվում է, որովհետեւ Արեւմուտքը նման մեթոդներով չի առաջնորդվում, Վրաստանը Արեւմուտքի կայուն գործընկերն է: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա կարծում եմ՝ ոչ այս դեպքում, որովհետեւ Ռուսաստանն այլ լծակներ ունի դադարեցնելու Հայաստան մատակարարվող սեփական գազը: Հետեւաբար գազատարի պայթեցման այդ փորձը այն ուժերի ձեռքի գործն է, որոնք ինչ-որ կարճաժամկետ խնդիրներ են ցանկացել լուծել, եւ ամենեւին պարտադիր չէ, որ նրանք կապված լինեն Հայաստանի հետ: Այս պարագայում բավական բարդ է մատնացույց անել որեւէ մեկին: Անհրաժեշտ է սպասել հետաքննության արդյունքներին: Կարծում եմ՝ հետաքննությունն արդյունավետ կլինի, որովհետեւ դա բավական լուրջ խնդիր է երեք պետությունների համար, եւ կարվի ամեն ինչ, որպեսզի գտնվեն պատվիրատուները: Այնպես որ՝ սպասենք հետաքննության արդյունքներին: Բայց ամենակարեւորն այն է, որ իմ կարծիքով եւ բազմաթիվ փորձագետների համոզմամբ` այս գործի հետեւում այնպիսի ուժեր չեն, որոնք պետական բնույթի հարցերը նման մեթոդներով լուծելու կողմնակից լինեն»,- նկատեց Առնոլդ Ստեփանյանը:

Ձերբակալվածներից մեկի փաստաբանը հերքել էր Ուկրաինայի հետ կապերի մասին պնդումները։ Փաստաբան Մայա Չրելաշվիլին ասել էր. «Ինչ վերաբերում է Ուկրաինայի հետ կապերին, բոլոր ձերբակալվածները հերքում են այդ վարկածը»։ Իսկ պայթեցման գործողությունը պլանավորելու շարժառիթների վերաբերյալ փաստաբանն ասել էր, թե իր պաշտպանյալը՝ Բեկա Բեկաուրին, խոստովանել է, որ՝ «ռուս ագրեսորներին տանել չի կարող եւ ցանկացել է պայթեցնել ռուսական բազաները»։

Սա կարո՞ղ է պարզապես ընդդեմ Ռուսաստանի քայլ լինել, ոչ թե ընդդեմ Հայաստանի՝ հարցրինք Առնոլդ Ստեփանյանին: «Վրաստանում կան խմբեր, որոնք Հայաստանն ուղիղ ասոցացնում են Ռուսաստանի հետ: Ոչինչ բացառել չի կարելի՝ իհարկե, բայց փաստ է, որ նույնիսկ տարածաշրջանում ընդդեմ ռուսական ներկայության գործողություն կազմակերպելու շահագրգիռ կողմերը բավարար ուժ չունեն, որպեսզի երկարաժամկետ կտրվածքով ձեռնարկեն ագրեսիվ գործողություններ, որովհետեւ Վրաստանում գոյություն ունի պետականություն, իշխանություն, որոնք բացարձակապես հետաքրքրված չեն նման գործողություններով: Այդ իսկ պատճառով համոզված եմ, որ իշխանությունը առավելագույն ջանքեր կգործադրի, որպեսզի Վրաստանի տարածքով անցնող բոլոր տարանցիկ ուղիներն անվտանգ ու կայուն գործեն, քանի որ բացի ռազմավարական, գործընկերային համագործակցությունից ու հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների հարց լինելուց` տարանցիկ ուղիների անխափան գործելը նշանակալի կերպով լցնում է նաեւ Վրաստանի բյուջեն: Այնպես որ՝ իշխանությունը առավելագույնս կխոչընդոտի ագրեսիայի նման դրսեւորումներին»:

Վրաստանում նախընտրական այս շրջանում ահաբեկչական կամ դիվերսիոն գործողությունների մթնոլորտի ձեւավորումը երկրի գործող կուսակցությունների համար հազիվ թե նախընտրելի տարբերակ լիներ, քանի որ նման հանցագործությունները լուրջ պատիժ ենթադրող արարք են, իսկ վրաստանյան քաղաքական որեւէ ուժ դժվար թե ցանկանար ընտրություններից առաջ նման բարդությունների առաջ կանգնել: Սպասենք գազատարի պայթեցման փորձի գործով հետաքննության ավարտին: Նկատվում է, որ Վրաստանի թե՛ ներքաղաքական խաղացողները, թե՛ արտաքին խաղացողները շահագրգռված են դրա բացահայտմամբ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 30.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031