Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայում հայ միգրանտներից հազարից մեկի բախտն է բերում

Օգոստոս 31,2016 14:00

«Ամեն անգամ Հայաստան վերադառնալու մասին մտածելիս առաջին բանը, որ մտքովս անցնում է՝ գամ, ի՞նչ անեմ, որտե՞ղ եմ ապրելու, ի՞նչ գործ եմ անելու, որ ընտանիքս նորմալ պահեմ»,- ասում է Արամը: Նա մի քանի տարի առաջ մեկնել էր Ֆրանսիա, ապօրինի: Հազարավոր հայաստանցիների պես Արամն էլ մեկնել էր, այսպես ասած՝ բախտ որոնելու, ավելի լավ կյանք գտնելու, կամ՝ բախտը փորձելու համար:

«Առավոտի» հետ զրույցում Արամը պատմում է՝ սկզբում անասելի դժվարություններ է քաշել. մեկնելուց առաջ չի պատկերացրել, որ կարող է գիշերներ անցկացնել փողոցում, քնել նստարանին, այգում՝ մի ծառի տակ. կարծել է՝ հենց ոտք դնի եվրոպական երկիր, նրան միանգամից կացարան են տալու, գումար են տալու, ու կյանքը, թեկուզ առանց կարգավիճակի, ավելի լավ կլինի, քան Հայաստանում:

«Դե, սկզբում տեղավորեցին մի հատ պուճուր սենյակում, ինչ ազգ ասես՝ կար, հակահիգիենիկ պայմաններ էին, երեւի մի 8-10 հոգով պստլիկ սենյակում պիտի ապրեինք: Ես աթոռին նստած էի քնում: Դե, պիտի դիմանայի: Սպիտակ թուղթ էին տվել, մի հատ էլ կտրոն, որ ճաշարանից անվճար օգտվեի»,- պատմում է Արամը: Սպիտակ թղթին, ամիսներ հետո, հաջորդել է դեղին թուղթը, Արամն ասում է՝ սա սպիտակից մի «կլասս» բարձր է, ավելի երկար մնալու հնարավորություն է. «Դեղին թղթով սոցիալական օգնություն, գումար են տալիս: Ու սպասում ես մինչեւ հարցդ լուծեն՝ կամ կմերժեն, կամ կհաստատեն: Բայց մինչեւ էդ էլ որոշեն, երկար ժամանակ է տեւում, էդ ընթացքում կարողանում ես գործ գտնել, ձեռդ կարգին փող ա ընկնում: Համ էլ բախտի բան ա, նայած՝ ինչ ես պատմել, ոնց ես հիմնավորել հայրենիքդ լքելը»:

Որոշ ժամանակ հետո Արամին է միացել նաեւ ընտանիքը՝ կինն ու անչափահաս երեխան: Արամն ասում է՝ ֆրանսիացիք հաշվի են առել, որ անչափահաս երեխա ունեն, ավելի լավ պայմաններով կացարան են հատկացրել, երեխայի խնամքի համար գումար են հատկացնում, ինքն էլ, չնայած ապօրինի է աշխատում, բայց գոհ է. «Ես Հայաստանում ինչքան էլ աշխատեի, երկու կես էլ լինեի, էն էլ մեր քաղաքում՝ Վանաձորում, էսքան եկամուտ չէի ունենա»: Արամին ու նրա ընտանիքին մի անգամ մերժել են փախստականի կարգավիճակ տրամադրել, բողոքարկել է, սպասում է, ասում է. «Մինչեւ վերջնական որոշում կայացնեն, էդ ընթացքում գոնե կաշխատեմ: Եթե մերժեն էլ, Հայաստան չեմ գա, կփախնեմ ուրիշ երկիր: Ուղղակի որ գամ Հայաստան, անտեր, անտիրական ենք մնալու: Ստեղ, «դաժե» էս պայմաններում, էնքան լավ են մեզ վերաբերվում, բժշկի գնալը, բուժվելը անվճար է: Էդտեղ բժշկի գնալու համար մի փեշ փող ա պետք, ստեղ մտնում ես, ասենք՝ քաղաքապետարան՝ մի թղթի համար, էնքան հարգանքով են, սիրալիր, հավեսդ գալիս ա: Մենակ սոցիալական պայմանները հո չեն, որ մեր երկիրը թողնում ենք գալիս օտար տեղ. արդարություն չկա, օրենքը ընտրած մարդկանց համար ա, եթե աշխատանք էլ կա, աշխատավարձն ա քիչ: Մի անգամ վարկ վերցրեցի, Վանաձորում գործ դրեցի, բայց տակ տվեցի, ապրանքս չէր ծախվում, քաղաքում մարդ կա՞ր, որ ծախվեր, հարկեր, հոսանքի, գազի փող, տեղի «արենդա», տակ տվեցի: Հրուշակեղենի «ցեխ» էի դրել, մնացի վարկի տակ, տունս գրավի տակ էր, աճուրդով ծախեցին, վարկի փողը վերցրին, մնացածով էլ եկա Ֆրանսիա»:

Արամը խուսափում է պատմել, թե ինչ հիմնավորում է ներկայացրել Ֆրանսիայի համապատասխան մարմիններին, որպեսզի նրան փախստականի կարգավիճակ տան, ասում է՝ չի ուզում այդ մասին բոլորին պատմել: Երբեմն բախտը հայ միգրանտներին ժպտում է Եվրոպայում, բայց ոչ հաճախ, երեւի հազարից մեկին: Արամն ասում է՝ երկար տարիներ կարող է ապրես Ֆրանսիայում, բայց քաղաքացիություն չստանաս, մեկ էլ մի օր որոշեն հետ ուղարկել:

«Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ղեկավար Տիգրանուհի Տարախչյանն «Առավոտին» ասում է՝ եվրոպական երկրներում միգրանտները դիմում են ապաստան ստանալու համար, փախստականի կարգավիճակը վերջին էտապն է, եթե, իհարկե, ստանում են, դիմածների անգամ մի տոկոսը չի ստանում, այն, ինչ տալիս են օտար երկրներում միգրանտներին, դրանք ժամանակավոր լուծումներ են: Տարախչյանն ասում է՝ երբ ապաստան հայցածների հարցը քննում են, ու այդ ընթացքում մարդիկ բազմաթիվ ծառայություններից են օգտվում, հաճախ վերջում պարզվում է, որ իրենց հայցը քաղաքական հիմք չունի, եւ վերադարձնում են: Ծրագրի ղեկավարի խոսքով՝ հիմա եվրոպական երկրներում շատ խստացված է, հնարավորինս արագ են քննում հայցերը, եւ նրանք հրաշալի գիտեն, թե տվյալ երկրում ինչ է կատարվում՝ արդյոք դիմողի երկրում ռազմական իրավիճա՞կ է, կա՞ տվյալ անձի նկատմամբ քաղաքական հետապնդում կամ սեռական խտրականություն, այս ամենը շատ արագ եւ հեշտ պարզում են: Այնպես որ՝ հնարավորությունը, որ ասենք՝ Հայաստանում ինչ-որ բողոքի ակցիայի ես մասնակցել, հայտնվել կադրերում եւ դրանք որպես հիմք դնես «թեւիդ տակ» ու Եվրոպայում պատմես, թե քեզ քաղաքական հայացքներիդ համար հետապնդում են, որ ապաստան ստանաս, գրեթե զրոյական է: Սա հաստատում է նաեւ 36-ամյա Սամվելը. «Էլ ոչ մի երկրում էլ հեքիաթներին չեն հավատում, իրենց մոտ առաջվա պես չի անցնում՝ մարտի 1, նույնասեռական, եսիմ ինչ»:

Սամվելը 2011 թվականին էր մեկնել Հոլանդիա, ասում է՝ հույս ուներ, որ լավ կլիներ, բայց առաջին հիասթափությունը հենց, այսպես ասած՝ փախստականների ճամբարում է եղել, էլի՝ մի փոքր սենյակ, գարշահոտություն, առանց տարրական պայմանների: Սամվելի պատմելով՝ Հոլանդիայում մի բանում է բախտը բերել, առողջական խնդիր ուներ, մի աչքի տեսողությունը շատ թույլ էր, անվճար բուժվել է, բայց այն էլ՝ էլի բախտը բերել է, ամեն մեկին այս ծառայությունը չեն տրամադրում: «3,5 տարի մնացի Հոլանդիայում, տարվա մեջ 6 ամսով են թույլ տալիս աշխատել, բայց սա էլ անհատական է, կարող է եւ չտան: Հետո էդ մանրակրկիտ հարցազրույցները, մի տեղից մյուս տեղը տեղափոխելը, «կանտրոլի» տակ պահելը դժվար բան է: Ասենք՝ արաբների հետ մի հատ փոքր սենյակում, մեկ էլ իրենց նամազն ես լսում, չգիտեմ, ամեն մեկը չի կարա դիմանա»: Մի քանի տարի Հոլանդիայում ապրելուց հետո Սամվելին մերժել են ապաստան տրամադրել, որոշում են կայացրել հետ ուղարկել հայրենիք: Սամվելը փախել է Գերմանիա, ասում է՝ մեկ է՝ հետ ուղարկելը կար ու կար, մի հատ բախտս Գերմանիայում փորձեմ: Այստեղ էլ բախտը չի ժպտացել, այլ միգրանտների հետ, Սամվելի ասած՝ տարել-լցրել են մի հատ խոզանոց. «Մենակ ես էի քրիստոնյա, զզվելի պայմաններ էին»: Ճիշտ է, հետո Սամվելին կացարան են տրամադրել մի գյուղում, բայց այստեղ էլ հեռանկար չկար, էլի ահը սրտում պիտի սպասեր՝ հետ ուղարկելու որոշում կկայացնե՞ն, թե՞ ոչ:

«Էդ գյուղում ապրելու ժամանակ գումար էին տալիս ինձ, հերիքում էր, բայց էն որ սիրտդ ուզում ա հայերեն խոսես, հայ չկա»: Ի վերջո, Գերմանիայում էլ են մերժել Սամվելին ապաստան տրամադրել, ասում է՝ ընդհանուր ցանց է, մատնահետքը կար, եւ հեշտությամբ պարզեցին, որ Հոլանդիան մերժել է. «Ես սկզբից իրենց ասել էի, որ Հոլանդիայից եմ եկել Գերմանիա, ու որ որոշեցին ինձ Գերմանիայից էլ հետ ուղարկել, ճիշտ է, կարայի էդտեղից էլ փախնեի ուրիշ երկիր, բայց էլ չուզեցի, ասեցի՝ դեպորտ մի արեք, հետ մի ուղարկեք Հոլանդիա, ես կամավոր կգնամ Հայաստան»: Այս որոշումից հետո Սամվելը տեղեկանում է, որ կամավոր Հայաստան վերադարձողների համար հայրենիքում ծրագիր է գործում, որի օգնությամբ կարող է Հայաստանում փոքր բիզնեսի տեր դառնալ:

Հայաստան վերադառանալուց հետո Սամվելին աջակցություն է տրամադրել «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» կազմակերպությունը: Սամվելին օգնել են բիզնես-ծրագիր կազմել, ապա միրգ-բանջարեղենի վաճառքի կետ է բացել՝ ծրագրի ֆինանսավորմամբ: ««Հայկական Կարիտասն էլ» եկավ մեր տուն, պայմաններին ծանոթացավ, հեռուստացույց ու գազօջախ գնեցին: Չգիտեմ, եթե գայի Հայաստան, ի՞նչ էի անելու, առաջին մի քանի ամիսը տանից դուրս չէի գալիս: Իրենք հոգսս թեթեւացրեցին, էլի»:

Հարցնում եմ՝ նորից կգնա՞ս Եվրոպա, էլի էդ տանջանքները պատրա՞ստ ես քաշել, Սամվելն ասում է՝ «Չգիտեմ, չէ, դժվար, չեմ գնա, ստեղ մի բան կանեմ, համ էլ պիտի ամուսնանամ: Չէ, չեմ գնա»:

«Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» կազմակերպության վերաինտեգրման բաղադրիչի պատասխանատու Մարիա Հարությանյանն ասում է՝ ծրագիրը արդեն 3,5 տարի է՝ գործում է, այս ընթացքում վերադարձած 56 միգրանտներին օգնել են փոքր բիզնես հիմնել՝ ջերմոցային տնտեսություն, անասնապահություն, մեղվաբուծություն, վարսահարդարման սրահ, ավտոդիագնոստիկ կենտրոն, մածունի արտադրություն, արագ սննդի կետ եւ այլն: Հարությունյանն ասում է՝ եռամսյակը մեկ ստուգում են իրենց շահառուների բիզնեսի ընթացքը, պատահել է, որ բիզնեսին հավելյալ աջակցություն են տրամադրել՝ այն ընդլայնելու համար: «Մեծ մասը հաջողված է, երեւի 2-3-ն են, որ գուցե չի հաջողվել: Մենք սկզբում հարցազրույց ենք վարում, հասկանում, թե տվյալ վերադարձածն ինչ հմտություն ունի, ինչ կարող է անել, բիզնես դասընթացների են մասնակցում, օգնում ենք բիզնես-ծրագիր գրել, ըստ այդմ էլ ֆինանսավորում ենք 2000-5000 եվրոյի սահմաններում: Գումարն առձեռն չենք տալիս, գնում ենք համապատասխան սարքավորումները կամ անասունները եւ այլն»: Ծրագրի շահառու կարող են դառնալ այն անձինք, ովքեր առնվազն 6 ամիս բնակվել են արտերկրում եւ ծրագրին են դիմել վերադառնալուց հետո 1 տարվա ընթացքում:

Ծրագրի աջակցությամբ վերադարձած միգրանտներին նաեւ բժշկական հետազոտության հնարավորություն է տրվում, միջին մասնագիտական դասընթացների մասնակցություն: Նաեւ այն վերադարձածների երեխաներին, որոնք հայերեն լեզվին լավ չեն տիրապետում, քանի որ դրսում են ծնվել, հնարավորություն է տրվում մասնակցել հայոց լեզվի դասընթացներին: Որոշ դեպքերում, եթե վերադարձածի ընտանիքը ծայրահեղ վատ վիճակում է, ծրագրով բնակարանի վարձակալության մի քանի ամսվա վճարի հարցն է լուծվում: «Այս ամենն արվում է, որպեսզի վերադարձածները ինտեգրվեն, հայրենիքում հաստատվեն»,- ասում է Հարությունյանը:

Ծրագրի ներկայացուցիչներն ասում են՝ վերադարձած միգրանտներին աջակցության այս ծրագիրը շուտով ավարտվելու է, իսկ Հայաստանում պետական նման ծրագիր չկա, եւ փաստորեն՝ խնդիր է առաջանալու՝ մարդիկ, որոնք մեծ ցանկություն ունեն վերադառնալ հայրենիք, արդյոք կմտածե՞ն այդ մասին, կամ եթե գան էլ, ու չհաջողվի աշխատանք գտնել, արդյոք կրկին մեկնելու մասին չե՞ն մտածի:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

30.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031