Լրահոս
Օրվա լրահոսը

Հակասությունների քաղաք՝ Նյուրնբերգ (ֆոտոշարք)

Օգոստոս 31,2016 13:30

Այս քաղաքն աշխարհին հայտնի է ե՛ւ որպես նացիստական գաղափարախոսության կենտրոնատեղի, ե՛ւ որպես ամենահամեղ բավարական նրբերշիկների հայրենիք:

Նյուրնբերգ քաղաքի երկաթուղային կայարանից դուրս գալուն պես հայտնվում ես միջնադարյան բերդապատով գոտեւորված հին քաղաքում՝ Ալտշտադտում: Անմիջապես դիմացդ հին քաղաքի պաշտպանական բերդ-ամրոցի՝ Բուրգի, աշտարակն է:

Nyurnberg_8

Նյուրնբերգի բերդապատի աշտարակը հենց կայարանի մոտից դիմավորում է հյուրերին:

10.koningstrasse

Հենց այստեղից էլ սկսվում է քաղաքի գլխավոր փողոցը՝ Քյոնինգշտրասեն, որը ձեզ կհասցնի Նյուրնբերգի գլխավոր տեսարժան վայրերը՝ շքեղ Լորենցկիրխեն՝ սուրբ Լավրենտիոսի եկեղեցին, աշխարհահռչակ գեղանկարիչ Ալբրեխտ Դյուրերի տուն-թանգարանը, Ռաթհաուզի (քաղաքային խորհրդի) հրապարակը, Պեգնից գետը:

Nyurnberg_12

Սուրբ Լավրենտիոսի եկեղեցին՝ Լորենցկերխեն:

Քյոնինգշտրասեն (Թագավորական փողոցը) բավականին լայն, գլաքարերով շարված գեղեցիկ փողոց է: Թեեւ փողոցով մեքենաներ են անցնում, բայց հետիոտները, որոնց հիմնական մասը կազմում են զբոսաշրջիկները, այնքան շատ են, որ թվում է, թե դա միայն հետիոտների համար նախատեսված փողոց է: Իհարկե, կարելի է նաեւ մետրոյով կտրել քաղաքի մի ծայրից մյուսն ընկած ճանապարհը, սակայն ի՞նչ ես կորցրել գետնի տակ, երբ վերեւում ամեն ինչ այնքան գեղեցիկ է:

nurnberg

Nyurnberg_34

Գեղեցիկ շենք Նյուրնբերգում:

500 հազար բնակիչ ունեցող Նյուրնբերգը անշտապ զբոսնելու, փոքր ու մեծ անկյուններում նոր ու հետաքրքիր տեսարաններ գտնելու քաղաք է: Տարբեր յուրօրինակ արձաններ, հետաքրքիր թանգարաններ, շքեղ եկեղեցիներ, բազմաթիվ գարեջրա-նրբերշիկատներ…
Սակայն նկատի ունեցեք, որ ցերեկվա ժամերին որոշ գարեջրատներ բացի գարեջրից, այլ բան չեն մատուցում: Այդպես ժամը 3-ի կողմերը մենք մտանք Նյուրնբերգի հայտնի գարեջրատներից մեկը՝ Ալշտադտհոֆ բրյուերիհաուզը (Հին քաղաքի հրապարակի գարեջրատուն), որտեղ տեղում եփվում է սեփական արտադրության գարեջուր, վիսկի, լիկյոր, որը ոչ միայն սննդի օբյեկտ է, այլեւ՝ թանգարան եւ խանութ:Ինչպես մեզ, այնպես էլ մոտ մի տասնյակ այլ զբոսաշրջիկների, ներս մտնելիս զգուշացրին՝ խոհանոցը փակ է մինչեւ ժամը 17-ը, սակայն քանի որ մեզ բոլորիս ավելի շատ գարեջուրն էր հետաքրքրում, նստեցինք գարեջրատան բակում տեղակայված սեղանների մոտ եւ սպասում էինք, թե երբ կմոտենա մատուցողուհին: Մոտ 20-25 րոպե անց, հասկանալով, որ սպասելն անիմաստ է, մտանք շինություն: Պարզվեց, որ ոչ միայն խոհանոցի աշխատողներն էին գնացել «սիեստայի»՝ ցերեկվա հանգստի, այլեւ՝ բարմենը: Եվ այդ ողջ տարածքի միակ շնչավոր էակը, որը եւ խանութ-ցուցասրահն էր «աշխատացնում», եւ գարեջուր էր լցնում, եւ սեղաններն էր մաքրում ու հավաքում, մատուցողուհին էր: Անմիջապես բարի կանգնասեղանի մոտից գարեջուր խնդրեցինք եւ մատուցողուհի-բարմենուհուց ստացանք խիստ նախազգուշացում՝ հանկարծ թեյավճար չթողնել, քանի որ ինքը մեզ, ըստ էության, չի սպասարկել: Ահա այսպիսի գերմանական ճշգրտություն: Ի դեպ, որպես գարեջրի համար թեթեւ խորտիկ՝ այդ գարեջրատանը սեղաններին փոքրիկ ափսեներով դրված էին բոված գարու հատիկներ: Համով շատ նման էին մեր աղանձին, եւ շատ սազում էին գարեջրի հետ:

17 16

 

Բացի գարեջրից եւ 700 տարվա պատմություն ունեցող «բրաթվուսթ» տեսակի նյուրնբերգյան յուրահատուկ նրբերշիկներից (ուղեցույցները պնդում են, որ նրբերշիկներն առաջին անգամ ստեղծվել են հենց Նյուրնբերգում, ընդ որում, ճշգրիտ տարեթիվ էլ են ասում՝ 1313 թ.)՝ Նյուրնբերգը հայտնի է իր «Շնիբոլ»՝ ձնագնդի, կոչվող թխվածքներով, «լեբկուխեն» անունով «պրյանիկներով»:

«Ձնագնդիկներ» եւ «պրյանիկներ» քաղաքի խանութներում:

«Ձնագնդիկներ» եւ «պրյանիկներ» քաղաքի խանութներում:

Nyurnberg_7Դա՝ ուտեստների մասով, բացի այդ, Նյուրնբերգը համարվել եւ համարվում է երգի վարպետների, այլ կերպ ասած՝ աշուղների՝ «մայստերզինգերների» կենտրոն (ամեն քայլափոխի երգում ու նվագում էին): Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ, մինչ Նյուրնբերգ հասնելը, Բեռլինի Վալդբյունե բացօթյա մեծ համերգասրահում հասցրեցինք ունկնդրել Ռիխարդ Վագների «Նյուրնբերգյան մայստերզինգերները» օպերայի նախերգանքը: Մայստերզինգերները ոչ պրոֆեսիոնալ, բայց վարպետ երգիչներն էին միջնադարում, որոնք քաղաքաբնակ արհեստավորներ էին՝ ի տարբերություն մեր գուսանների եւ աշուղների, սակայն մերոնց նման իրար հետ երգով մրցում էին, այսպես ասած՝ «մեջլիս» էին դուրս գալիս՝ իրենց վարպետությունը հաստատելու համար:

Եվրոպայում լավագույններից մեկն է համարվում նաեւ Նյուրնբերգի՝ Սուրբ Ծննդյան տոներին նախորդող տոնավաճառը: Ոչ միայն աշխարհի այլ կողմերից, այլ անգամ իրենց սեփական քաղաքներում սուրբծննդյան տոնավաճառ ունեցող եվրոպացիներն են Սուրբ Ծննդյան նախօրեին գալիս Նյուրնբերգ, որովհետեւ տարվա այդ շրջանում ե՛ւ քաղաքը, ե՛ւ տոնավաճառները ամենաշքեղներից մեկն են Եվրոպայում: Նյուրնբերգում է ծնվել եւ ստեղծագործել ոչ միայն Ալբրեխտ Դյուրերը, այլեւ շատ այլ հայտնի արվեստագետներ:

15.-hrashali-arcan

Այս շատրվանի անունն է «Հրաշալի շատրվան»

11.nurnbergi-tesaran

11

 

12.jrhor-nurnbergum

Այս քաղաքում են ստեղծվել գլոբուսն ու գրպանի ժամացույցը: Սակայն ողջ աշխարհում Նյուրնբերգի անունն առաջին հերթին ասոցացվում է Նյուրնբերգյան դատավարության հետ: Բայց մինչ այդ՝ մոտ տասը տարի այս քաղաքը դարձել էր նացիզմի գաղափարական կենտրոնը: 1927 թվականին Հիտլերը Նյուրնբերգում իրականացրեց իր Նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջին համագումարը, քանի որ համարում էր, թե Նյուրնբերգի գոթական ճարտարապետությունն առավելագույնս է արտահայտում գերմանական մշակույթը: Այս քաղաքում 1935 թվականին ընդունվեցին Նյուրնբերգյան ռասայական օրենքները, որոնցով հրեաները վերջնականապես դեն նետվեցին գերմանական հասարակության կյանքից: Իսկ 1938-ին կրկին այստեղ կայացավ նացիստների վերջին համագումարը, որին մասնակցում էր մոտ 1 միլիոն մարդ:
Եվ այսքանից հետո, թերեւս զարմանալի չէ, որ 1945թ.-ին, երբ հակահիտլերյան կոալիցիան մտավ Գերմանիա, Նյուրնբերգը գրեթե ամբողջովին ավերվեց:

Ռմբակոծության հետեւանքով հողին հավասարեցվեց Հին քաղաքի 90%-ը:
Այդ ավերված քաղաքում էլ 1945-49 թվականներին կայացան պատերազմի հանցագործների դատավարությունները:

Ճիշտ է, նյուրնբերգցիները չեն սիրում հիշել իրենց քաղաքի կապը նացիզմի հետ, բայց նաեւ չեն փախչում պատմությունից: Քաղաքում գործում է ոչ միայն Նյուրնբերգյան դատավարության թանգարան, այլեւ՝ Նացիստական կուսակցության փաստաթղթավորման կենտրոն կոչվող թանգարանը, որում անաչառ կերպով ներկայացված են 20-րդ դարի մեծագույն չարիքներից մեկի՝ ֆաշիզմի ստեղծման արմատները, կայացումը, պտուղները:

Սակայն բավական է խոսենք չարիքի մասին: Նյուրնբերգում գործում է Եվրոպայում լավագույններից մեկը համարվող Խաղալիքների թանգարանը: Նյուրնբերգում տեղակայված Գերմանիայի ազգային թանգարանը գերմանալեզու ազգերի պատմության եւ գեղարվեստի ամենամեծ թանգարանն է աշխարհում: Կարող եք մտնել նաեւ Մանանեխի յուրահատուկ վաճառասրահ, որն ավելի շատ ցուցահանդես է հիշեցնում, մանանեխի մի քանի տասնյակ տեսականի է ներկայացված, իսկ խանութի տերերը պատմում են տարբեր պատմություններ այդ համեմունքի մասին:

Nyurnberg_2

Մանանեխի վաճառասրահում խանութպանը զբոսաշրջիկներին պատմում է մանանեխի մասին:

1950-ականներին, երբ սկսվեց ավերված քաղաքի վերականգնումը, առաջիններից մեկը վերականգնվեց ամենահայտնի նյուրնբերգցու՝ Դյուրերի տունը, որտեղ այժմ ցուցասրահ է գործում:

0

Ալբրեխտ Դյուրերի արձանն՝ իր տան դիմաց:

Nyurnberg_3.

Ալբրետխ Դյուրերի տուն թանգարանը:

Անմիջապես Դյուրերի տան դիմաց հայտնի նյուրնբերգյան նապաստակն է: Այս արձանի հեղինակը՝ Յուրգեն Հերցը, նապաստակին մարդկային դիմագծեր եւ գիշատչի հայացք է տվել, ու թեեւ ասվում է, որ այս գործը Դյուրերի հայտնի «Նապաստակը» նկարից է ոգեշնչված, սակայն առնվազն արտաքնապես ոչ մի կապ չունեն:

Nyurnberg_11

Սա Դյուրերի հայտնի «Նապաստակն» է:

Nyurnberg_9

Իսկ այսպիսին է նապաստակին տեսել Յուրգեն Հերցը:

Սուրբ Կլարայի եկեղեցու հարեւանությամբ մի հետաքրքիր արձան էլ կա՝ մտահոգ նստած մերկ տղամարդ: Պարզվում է, հեղինակը՝ Գերհարդ Մարքսը, պատկերել է աստվածաշնչյան Հոբին՝ մարդու, որին Աստված ուղարկեց բազմաթիվ փորձություններ՝ զրկեց ունեցվածքից, առողջությունից, ընտանիքից, ամեն ինչից, սակայն նա երես չթեքեց Աստծուց: Քանդակում Հոբը մտահոգ ու գլխահակ նստած է՝ հիվանդ, կեղտոտ եւ մորեմերկ:

Հոբի արձանը

Հոբի արձանը

Բացի Լորենցկիրխեից, ուշադրության արժանի է նաեւ սուրբ Աստվածամոր եկեղեցին՝ Ֆրաուենկիրխեն: Ֆրաուենկիրխեն գտնվում է Շուկայի հրապարակում: Ինչպես հայտնի է, միջնադարյան Եվրոպայում Շուկայի հրապարակ ունեին գրեթե բոլոր քաղաքները, եւ դրանք ամենաաշխույժ եւ ամենագեղեցիկ հրապարակներն էին, որոնց շուրջ էլ տարածվում էր քաղաքը: Հիմա էլ ցանկացած եվրոպական քաղաք, որն ունի պատմական «Հին քաղաքը», անպայման ունի իր Շուկայի հրապարակը: Նյուրնբերգի Շուկայի հրապարակում ամեն օր՝ մինչեւ 14-15-ը գործում է միրգ-բանջարեղեն-ծաղիկների շուկան, իսկ երեկոյան այն վերածվում է տոնախմբությունների, բացօթյա համերգների հրապարակի:

Սուրբ Աստվածամոր տաճարը՝ Ֆրաուենկիրխեն, Նյուրնբերգի Շուկայի հրապարակում:

Սուրբ Աստվածամոր տաճարը՝ Ֆրաուենկիրխեն, Նյուրնբերգի Շուկայի հրապարակում:

Nyurnberg_13

Շատրվան՝ «Սագերով գեղջուկը»:

Մի հոդվածում դժվար է նկարագրել Նյուրնբերգի բոլոր տեսարժան վայրերը, սակայն մեկ օրում թերեւս կարելի է հասցնել տեսնել դրանք:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ»

30.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031