Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը չի կարող կասկածի տակ առնվել. Հերմինե Նաղդալյան

Օգոստոս 30,2016 20:44

Օգոստոսի 30-ին Վարշավայում մեկնարկած՝ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների «Համերաշխություն եւ ինքնիշխանություն» խորագրով խորհրդարանական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Լեհաստանի Հանրապետության Սեյմում հանդիպել է Սեյմի փոխնախագահ Ռիշարդ Տերլեցկու հետ: Հանդիպմանը Հերմինե Նաղդալյանին ուղեկցում էին Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էդգար Ղազարյանը,  ԵԽԽՎ-ում Լեհաստանի պատվիրակության ղեկավար Վլոդիմիր Բերնացկին  և այլ պաշտոնատար անձինք:

Ողջունելով իր հայ գործընկերոջը սեփական հարկի տակ՝ Սեյմի փոխնախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա միջպետական հարաբերությունները, որոնք առանձնանում են բովանդակային խորություն ունեցող օրակարգով: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է մի շարք բարձրաստիճան փոխայցելություններ, այդ թվում նաև երկու երկրների նախագահների մակարդակով:

Որպես միջպետական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ, երկու բարձրաստիճան խորհրդարանականների կողմից ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության դերը, որի զարգացման գործում  էական է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը  իր հերթին մեծապես կարևորել է հայ-լեհական համագործակցությունը ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև բազմակողմ: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակն ընդգծել է միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու բարեկամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչների միջև կառուցողական փոխգործակցության զարգացման կարևորությունը: Հերմինե Նաղդալյանը նշել է, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում Լեհաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է: Լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ Հայաստանը միաժամանակ շարունակում է հետևողականորեն ընդլայնել գործընկերության օրակարգը Եվրոպական Միության հետ:

Ողջունելով եվրոպական քննարկումների այս ձևաչափը, Հերմինե Նաղդալյանը հույս է հայտնել, որ այն կծառայի եվրոպական բազմաթիվ ժամանակակից մարտահրավերների լուծման ուղիներ գտնելուն, իսկ մարտահրավերները հայտնի են` երկակի ստանդարտներ, անարդարություն, միգրացիա, տեռորիզմ և այլն:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն հիմնախնդիրներից մեկին` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հերմինե Նաղդալյանը իր լեհ գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ապրիլին սանձազերծած ռազմական գործողությունների  և դրա արդյունքում բազմաթիվ մարդկային զոհերի վրա, այդ թվում նաև քաղաքացիական բնակչության շրջանում:

,,Նման պայմաններում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը չի կարող կասկածի տակ առնվել, քանի որ խոսքը գնում է ժողովրդի ֆիզիկական գոյության մասին,,, – իր խոսքում ընդգծել է Հերմինե Նաղդալյանը՝շեշտելով, որ Հայաստանը, թեև դրական է գնահատում միջազգային հանրության կողմից հրադադարի խախտումների դատապարտումը, բայցևայնպես, ընդհանրական ու անհասցե դատապարտումը բավարար չէ զսպելու համար լայնածավալ ռազմական առճակատման պատասխանատու կողմին:

Հերմինե Նաղդալյանը փաստել է, որ Արցախի ժողովուրդը արդեն 25 տարի կառուցել է իր պետությունը, որը ժողովրդավարության բոլոր չափանիշներով բազմիցս գերազանցում է Ադրբեջանին, և արցախցին այսօր ձգտում է միայն մեկ բանի ` իր բնօրրանում ապահովել իր խաղաղ կյանքն ու բնականոն զարգացումը:

ԱԺ փոխնախագահը ընդգծել է, որ Ադրբեջանի նկրտումները Արցախի նկատմամբ բացահայտ ագրեսորի ձեռագիր են ներկայացնում, այդ թվում` բանակցությունների ողջ գործընթացում կառուցողական, հումանիստական բոլոր առաջարկների տորպեդահարումը և արգելափակումը դրա վառ ապացույցն են:

Հանդիպման ավարտին Հերմինե Նաղդալյանը իր երախտագիտությունն է հայտնել լեհ գործընկերոջը՝ ջերմ ընդունելության և հանդիպման համար:

Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների «Համերաշխություն եւ ինքնիշխանություն» խորագրով խորհրդարանական համաժողովը իր աշխատանքները կշարունակի նաև վաղը` օգոստոսի 31-ին: Հավելենք, որ Համաժողովին մասնակցում են ավելի քան տասը երկրների, այդ թվում` Վրաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի, Բոսնիա-Հերցոգովինայի, Մոնտենեգրոյի, Բելառուսի, Թուրքիայի, Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ, փոխնախագահներ, պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031