Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետականներն ընդունում են, որ ընտրություններն ու հանրաքվեն կեղծել են». (Տեսանյութ)

Օգոստոս 30,2016 19:54

Այսօր Պավել եւ Արամ Մանուկյանների փաստաբան Հարություն Բաղդասարյանը «Էրեբունի» հիվանդանոցում հանդիպել է Արամ Մանուկյանին, որի զգացողությունը, փաստաբանի փոխանցմամբ՝ նորմալ է, գիտակցությունը տեղում է:

Դատապարտյալների հիվանդանոցի պայմաններին անդրադառնալով, Բաղդասարյանն ասաց, որ իր պաշտպանյալներն այդ մասին չեն խոսում. «Մեր պատկերացումով, դատապարտյալների հիվանդանոցի պայմանները պետք է ավելի լավ լինի, իսկ իրենք իրենց համարում են քաղաքական բանտարկյալներ, եւ, ըստ էության, դատապարտյալների հիվանդանոցից չեն նեղվում»:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասել էր՝  «Քաղբանտարկյալներ տերմինն ընդհանրապես չի համապատասխանում «Սասնա ծռերի» անդամներին», պարոն Բաղդասարյանն ասաց. «Եվրոպայի խորհրդը 2013 թվականի հոկտեմբերի 3-ին, եթե չեմ սխալվում, սահմանել է քաղբանտարկյալներ կամ քաղաքական հալածյալներ եզրույթը: Այնտեղ ներկայացվել է 4 կետ, որով քաղբանտարկյալ են համարվում են այն անձինք, ովքեր քրեական պատասխանատվության են ենթարկվում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին հակասող պայմաններում, այսինքն` իրականացված է գործողություն, որը հակասում է կոնվենցիային, եւ պահվում են այնպիսի պայմաններում, որը հակասում է կոնվենցիային:

Իրենք դատապարտվել են ակնհայտ խղճի արտահայտության կամ իրենց կարծիքն արտահայտելու սահմանափակումներով եւ այլն: Այս հիմքերը, եթե նայում ենք, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի տեսանկյունից, որտեղ նախատեսված է ապստամբության իրավունքը, պետությունները պետք է իրականացնեն իրենց քաղաքական գործունեությունն այնպես, որպեսզի հնարավորություն չտան երկրի բնակչությանը պետության իշխանության դեմ դուրս գալու: Հնարավորություն չտան դուրս գալը, դա կոչվում է ապստամբություն: Ապստամբելը նախատեսված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում: Իմ պատկերացմամբ՝ մեր պաշտպանյալներն օգտվել են հռչակագրով իրենց տված իրավունքներից»:

Aravot.am-ի այն դիտարկմանն էլ՝ ապստամբել են պետական կառույց գրավելով, ոստիկանների մահեր են եղել, Բաղդասարյանն ասաց, որ ոստիկանների մահվան դեպքերի մասին չի խոսի, գործը թողնում է նախաքննությանը. «Եթե իրենք կփորձեն ինչ-որ բաներ ապացուցել, այդ դեպքում կհակադրվենք: Պարզապես ասում ենք՝ ցավ է, որ զոհվել են ոստիկանները, սա հարցի մեկ այլ կողմն է: Ինչ վերաբերում է բուն արարքին՝ քրեաիրավական տեսանկյունից, 2 հոդվածներն էլ նախատեսում են դրույթներ, որտեղ զենք-զինամթերքը կամ այդ դեպքի վայրը թողնելը ապաքրեականացվում է եւ պատիժ չպիտի կրեն: 2 դեպքում էլ, թե տարածքն են թողել, եւ թե զենքերն են վայր դրել: Այս պայմաններում պետք է կարողանալ հասկանալ, որ քրեական հետապնդում չպետք է իրականացվի:

Ինչ վերաբերում է հարցի քաղաքական իմաստին՝ քաղաքական բանտարկյալների կամ քաղաքական հալածյալների տեսանկյունից մարդկանց նկատմամբ իրականացրած գործողությունները ունեցել են մեկ նպատակ՝ սահմանափակել այն մարդկկանց իրավունքները, ովքեր դուրս են եկել երկրի քաղաքական իշխանության դեմ: Ես չեմ ուզում ասել, թե ինչ ճանապարհով, բայց հստակ եմ ասում՝ դա իշխանության դեմ դուրս գալու ճանապարհ է:

Քաղաքական իշխանությունը ՀՀ քաղաքացիներին մեկ այլ ճանապարհ, տվյալ պահին «Սասնա Ծռերի» տեսանկյունից չէր թողել, հանրության տեսակետից՝ նույնպես, որովհետեւ երբեք Հայաստանի հանրապետությունում ընտրությունները չեն անցել նորմալ, իրենք իսկ՝ հանրապետականները կամ իշխանությունը, ընդունում են, որ ընտրությունները կամ հանրաքվեն կեղծել են, եւ դա այդ ամբողջի պատասխանն է, որ այսօր մարդիկ դուրս են եկել այդ անօրինականություններին վերջ տալու համար: Դրան ավելացավ ապրիլյան պատերազմի օրերին եւ առ այսօր օդում կախված՝ տարածքների հանձնման հարցերը: Մարդկանց համար ծանր է լսել, որ ինչ-որ իշխանիկներ կամ իշխանություններ նման հարց են բարձրացնում: Հարցի բարձրացնելն ինքնին քրեական օրենքով պատժելի է:

Քրեական օրենսգրքի 300.2 հոդվածը վերաբրում է տարածքային ամբողջականության խախտմանը, այսինքն` պատասխանատվություն է սահմանված այն անձանց նկատմամբ, որոնք տարածքային ամբողջականություն են խախտում, թե Հայաստանի հանրապետությունում եւ թե Լեռնայի Ղարաբաղի ինչ-որ իշխանավորն հարց է բարձրացնում տարածքների հանձման մասին, ինքը վաղը մյուս օրը քրեական պատասխանատվության է ենթարկվելու: Քանի ՀՀ իշխանավորները պատասխանատվության չեն կանչվել, Հայաստանի հանրապետության տարածքներն օտարելու, կամ Հայաստանի դեմ պետական դավաճանություն կատարելու համար, ուրեմն մարդկանց տվել են այդ ապստամբելու իրավունքը: Մենք գտնում ենք, որ մեր պաշտպանյալները քաղբանտարկյալներ են»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031