«Սասնա Ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի վիրահատությունը «Էրեբունի» բժշկական կենտրոնում բավականին լավ է անցել, հիվանդի վիճակը բավարար է:
Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «Էրեբունի» բ/կ-ի ղեկավար Միքայել Մանուկյանը:
«Ինչ, որ պլանավորում էինք՝ կատարվել է եւ կատարվել է բավականին որակով: Տեղադրվել է տիտանային հարթակ, կոտրվածքը ֆիքսվել է: Կարծում եմ 1-2 օր հետո հիվանդի մոտ լավացում կլինի եւ ինքն ու Արամ Մանուկյանը կտեղափոխվեն հետագա բուժման՝ դատապարտյալների հիվանդանոց»,-ասաց հիվանդանոցի տնօրենը: Նրա խոսքերով՝ եւ Աշոտ Պետրոսյանի եւ Արամ Մանուկյանի վիրահատությունները վերջնական են:
Անդրադառնալով փաստաբանների այն հայտարարություններին, որ Դատապարտյալների հիվանդանոցում վիրահատության ենթարկված «Սասնա ծռեր» անդամների համար նորմալ պայմաններ չկան համապատասխան բուժօգնության համար, Միքայել Մանուկյանն ասաց.«Թե ինչպիսի որակ է այնտեղ, ես չեմ կարող տեղեկություն տալ: Ես կարող եմ հավաստիացնել, որ այդ հիվանդանոցի բժիշկների հետ մենք կապի մեջ ենք լինում եւ այն հիվանդները, որոնց մենք վիրահատել ենք, գտնվում են բավարար վիճակում, սա փաստ է: Եւ այս փաստը թույլ տվեց մեզ այսօր կատարել երկու բարդ վիրահատություն: Եթե հիվանդանոցում բավարար վիճակ չլիներ, ապա այս երկու վիրահատություններն այսօրվա հնարավոր չէր լինի: Այսինքն` այդ մարդկանց վերքերը չէին լավանա, եւ այն վիճակի չէին հասնի, որ կարողանայինք վիրահատել: Այստեղից եզրակացություն՝ դատապարտյալների հիվանդանոցում պատշաճ է բուժօգնություն է եղել»:
Միքայել Մանուկյանը նաեւ տեղեկացրեց, որ «Էրեբունիում» «Սասնա ծռերի» անդամներից Պավել Մանուկյանին, Արմեն Լամբարյանին եւ Հովհաննես Հարությունյանին եւս վիրահատություններ են սպասվում.«Նրանց վերքերը պետք է լավանան, կան վիճակներ, որոնք պետք է շտկվեն, որպեսզի մեր վերջնական վիրահատությունը մաքսիմալ անվտանգ լինի նրանց համար»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ