Լրահոս
Օրվա լրահոսը

Վիոլետա Զոփունյան. Գաղտնիք է նաեւ այն հանգամանքը, որ անձը դիմել է բուժհաստատություն

Օգոստոս 30,2016 18:55

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն օգոստոսի 30-ին «Բուժհաստատություններում քաղաքացիական անձնական տվյալների գաղտնիության ապահովումը եւ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման խնդիրները» թեմայով կլոր սեղան էր կազմակերպել:

Կլոր սեղանի ընթացքում «Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրի տնօրեն Վիոլետա Զոփունյանը անդրադարձավ Պացիենտների իրավաբանական խարտիային, որը համապարփակ կերպով ներկայացնում է հիվանդների իրավունքները, այդ թվում նաեւ գաղտնիության իրավունքը: Նման կարգավորումներ կան նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, որի 34-րդ հոդվածը սահմանափակում է դնում անձնական տեղեկությունների տարածմանը. «Առողջապահության ոլորտում հիմնական օրենքը «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքն է, որը թերեւս ընդունվել է 1996 թվականին, բայց ընթացքում փոփոխությունների է ենթարկվել:

Իհարկե՛, չեմ կարող ասել, որ լավագույնն է կարգավորում ոլորտը, սակայն որոշ դրույթներ նախատեսված են: Հատկապես՝ օրենքի 5-րդ հոդվածը, որտեղ նախատեսված են բժշկական օգնություն եւ սպասարկում ստացող մարդկանց իրավունքները, մասնավորապես՝ հետաքրքիր ձեւակերպում ունի օրենքը՝ ոչ թե կոնկրետ գաղտնիության պահպանման իրավունք է նախատեսում, այլ՝ պահանջել բժշկի գաղտնիությանը դիմելու փաստի, առողջական վիճակի, հետազոտման, բուժման վերաբերյալ տեղեկատվության գաղտնիության ապահովում»:

Վիոլետա Զոփունյանը ընդգծեց, որ միայն այն հանգամանքը, որ անձը դիմել է բուժհաստատություն, նույնպես գաղտնիք է. առողջական վիճակը, ախտորոշումը, մեթոդները համարվում են գաղտնի տեղեկատվություն. «Գաղտնիության իրավունքը նախատեսում է ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն, մասնավորապես՝ Քրեական օրենսգրքի 145 հոդվածով: Այստեղ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող է նշված կոնկրետ այս հանցակազմի դեպքում, որը պրակտիկայում խնդիրներ է առաջացնում: Լինելով պացիենտ մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ում կողմից է դուրս եկել այդ տեղեկատվությունը:

Այստեղ խնդիր ենք ունենում, եթե օրինակ՝ ես դիմել եմ բուժհաստատություն եւ գործ եմ ունեցել ծառայություն ստանալու ընթացքում ե՛ւ բուժքրոջ հետ, ե՛ւ սանիտարի հետ, ե՛ւ բժշկի հետ, ե՛ւ բաժնի որեւէ այլ ներկայացուցչի հետ, ստացվում է՝ ես չեմ էլ կարող նույնականացնել եւ հասկանալ, թե կոնկրետ ում կողմից է այդ խախտումը եղել: Մի քանի անգամ հարցում արեցինք, որպեսզի հասկանանք՝ արդյոք եղել են պատասխանատվության ենթարկված բժիշկներ այս հոդվածով, բայց դեռեւս որեւէ պատասխան չունենք ենթարկվածների մասին, այսինքն՝ այս պահի դրությամբ չկան գործեր, որոնք ավարտ են ունեցել եւ որեւէ բժիշկ այս հոդվածով պատասխանատվություն է կրել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031