«Պետերբուրգում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո ղարաբաղյան կարգավորման բանակցությունները կարծես ճիշտ ուղու վրա են», – երկուշաբթի օրը Թբիլիսիում Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեի հետ բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը` պետերբուրգյան հանդիպումը բնութագրելով որպես բանակցային պրոցեսի «կարևոր դրվագ»:
«Տրամադրվածություն և համոզմունք կա, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, ինչն իր հերթին կարող է բանակցային պրոցեսում բեկման հանգեցնել: Մենք կարծում ենք, որ նման հնարավորությունն առկա է: Խնդիրը շատ հստակ է․ մենք դա անվանում ենք փոխշահավետ իրավիճակ, երբ ստեղծված կացությունից շահած կարող են դուրս գալ ոչ միայն այն մարդիկ, ովքեր ենթարկվել են էթնիկ զտման և ներքին տեղահանվածներ են դարձել, այլև պետություններն ու կառավարությունները: Այս ամենը կարող է փոխշահավետ համագործակցության հսկայական հնարավորություններ ստեղծել», – նշել է Մամեդյարովը:
«Քաղաքական կամք․ ահա այն հիմնական գործոնը, որն անհրաժեշտ է ղարաբաղյան կարգավորման բանակցային պրոցեսում բեկում ապահովելու համար», – համոզմունք է հայտնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը՝ պնդելով․ – «Համապատասխան քաղաքական կամքի դրսևորման և միջազգային իրավունքի նորմերի, արդեն իսկ ընդունված բանաձևերի ու փաստաթղթերի, այդ թվում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հանդեպ հարգանք ցուցաբերելու դեպքում, մենք ի վիճակի կլինենք ընդհանուր հայտարարի գալ, ինչի շնորհիվ տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում կհաստատվի: Դա նախևառաջ շահավետ է լինելու Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար»:
Կարդացեք նաև
Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում