Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարում է՝ Բունդեսգաթի՝ Հայոց ցեղասպանությանը ճանաչող բանաձևը ոչ մի կապ չունի գերմանացի պատգամավորների՝ թուրքական Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու խնդրի հետ:
«Ազատություն» ռադիոկայանը հիշեցնում է՝ պաշտոնական Անկարան, վրդովված Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, արգելել էր գերմանացի խորհրդարանականների մուտքը ռազմակայան, որտեղ Գերմանիան «Տորնադո» տիպի 6 հետախուզական ինքնաթիռ և վառելիքով վերալիցքավորող մեկ օդանավ ունի, որոնցով օժանդակում է Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի գործողություններին։ Թուրքիայի հետ համաձայնության չգալու պարագայում գերմանացի օրենսդիրները քննարկում են իրենց ռազմատեխնիկան հետ քաշելու հարցը։
«Ոչ մի ուղղակի կապ չեմ տեսնում երկու հարցերի միջև և այդ մասին հայտնել եմ նաև թուրք գործընկերներին», – գերմանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է Շտայնմայերը՝ հավելելով.- «Դաշնային խորհրդարանը պետք է հավանություն տա, որպեսզի զինվորները կարողանան շարունակել իրենց ծառայությունը արտերկրում։ Այդ նպատակով պատգամավորները ցանկանում են այցելել Ինջիրլիքում գտնվող զինվորներին։ Իմ պարտականությունը պատգամավորների համար նման հնարավորություն ապահովելն է»։
«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է` Անկարան Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներին թույլ կտա այցելել Ինջիրլիքի ռազմակայան, եթե Գերմանիան հրաժարվի Բունդեսթագի ընդունած այն բանաձեւից, որը «1915թ. հայերի սպանությունները ճանաչում է որպես ցեղասպանություն»: Ըստ Չավուշօղլուի` Գերմանիայի կառավարությունը պետք է ցույց տա, որ իր համար ընդունելի չէ Բունդեսթագի այդ որոշումը:
Կարդացեք նաև