Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզի փաստաբանների պալատի անդամը զարմացած է, որ պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել «Սասնա ծռերի» հետ

Օգոստոս 30,2016 17:07

Փարիզի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Սեւակ Թորոսյանը (լուսանկարում) զարմացած է «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների պաշտպանության ընթացքում փաստաբանների առջեւ դրվող սահմանափակումներից:

Ֆրանսիացի փաստաբանն այսօր Փաստաբանների պալատում մասնակցում էր «Քաղաքական նշանակություն ունեցող դատավարությունների ժամանակ փաստաբանի դերը» թեմայով քննարկմանը:

Սեւակ Թորոսյանը Փարիզի ահաբեկչությունից հետո էլ ակտիվ գործունեություն է ծավալել եւ այսօր իր հայաստանցի գործընկերների հետ կիսում էր իր փորձը:

«Սասնա ծռերի» անդամների շահերի պաշտպաններից Հայարփի Սարգսյանը, Արա Ղարագյոզյանը եւս մասնակցում էին քննարկմանը: Հայարփի Սարգսյանը մասնավորապես անդրադարձավ իր պաշտպանյալի վիրահատության հետաձգման հարցին`նշելով, որ լուրջ մտավախություններ կան, որ մինչեւ վիրահատությունը թույլատրվի, Հովհաննես Հարությունյանի ոտքը անդամահատելու հարց կառաջանա: Փաստաբանները ներկայացրեցին նաեւ այն անմարդկային պայմանները, որտեղ պահվել են իրենց պաշտպանյալները: Ասացին, որ անգամ ԱԺ պատգամավորներին է արգելվում տեսակցել «Սասնա ծռերի» անդամների հետ: Իրենց հայտարարություններն էլ, պատկան մարմինները որակում են իբրեւ երիտասարդ փաստաբանների PR-ի խնդիր: Հայարփի Սարգսյանը նշեց, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը եւս տեսակցել է իր պաշտպանյալի հետ ու ՄԻՊ-ի հայտարարությունն, ըստ էության հաստատել է իր մտահոգությունները:

Ֆրանսահայ փաստաբանին զարմացրեց հատկապես այն, որ պատգամավորներին են արգելում տեսակցել «Սասնա ծռերի» անդամների հետ: Նա հայաստանցի գործընկերներին հորդորեց`չհուսահատվել, պայքարել, այդ թվում նաեւ օգտագործելով միջազգային տարբեր կառույցներին դիմելու իրենց իրավունքը:

«Շատ լուրջ մոտեցում ունեն մեր երիտասարդ փաստաբանները, որ լիազորություն են ստացել պաշտպանելու այս տղաքը: Կարեւորը եւ ասոր վրա կուզեի դնել շեշտը, որ քաղաքական հարցերը եւ մարդու իրավունքներու, հանրային ազատություններու թեմաները չշփոթեն: Ես հասկացա, որ փաստաբանների կողմից շփոթում չկա, արդեն բավական զբաղվել են: Ինֆորմացիաները չունեմ, բայց ինչ- որ կլսեմ, բավական մտահոգիչ է: Մանավանդ վիրահատության կարիք ունեցող հաճախորդներու համար: Ասիկա խնդիր է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սեւակ Թորոսյանը:

Զուգահեռներ անցկացնելով հայկական եւ ֆրանսիական բանտերի միջեւ, մեր զրուցակիցն ասաց, որ Փարիզում էլ բանտախցերը գերբեռնված են. չորս հոգու համար նախատեսված բանտախցում 10-12 հոգի են պահվում. «Բայց ունենք քննիչ մարմիններ`ըլլան պատգամավորական, ըլլան անկախ միջազգային կազմակերպություններ, որ կրնան երթալ տեսնել`զեկուցել եւ փոխանցել: Ինչպես հասկացա այսօր պատգամավորներն էլ չեն կարողանում երթալ-տեսնել «Սասնա ծռերի» տղաքին: Ասիկա խնդիր է: Անօրինական է: Կարծես փաստ մըն է, որ կուզեն բան մը պահել: Կասկածից դուրս ելնելու համար պետք է արտոնել դիտողները, մանավանդ պատգամավորները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031