Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լողի հայկական դաշնությունը Ռիոյում Վահան Մխիթարյանի գրաված տեղից գոհ է, ցույց տված արդյունքից՝ ոչ

Օգոստոս 30,2016 15:37

Լողի հայկական դաշնությունն այսօրվա գործկոմի նիստում անդրադարձավ «սպիտակ քարտով» Ռիո դե Ժանեյրո մեկնած մեր երկու լողորդների մասնակցությանը, ինչպես նաեւ քննարկեց մրցաշրջան 2016/2017 թթ. դաշնության անելիքների ծրագրերը:

Նշվեց, որ չնայած Ռիոյում մեր երկու լողորդներից առանձնապես մեծ ակնկալիքներ չեն եղել, սակայն թե Լողի դաշնությունը, թե ՀԱՕԿ-ը եւ թե Սպորտի եւ երիտասարդության նախարարությունը հնարավոր ամեն բան արել են Վահան Մխիթարյանի եւ Մոնիկա Վասիլյանի նախապատրաստությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար, որպեսզի թեկուզ «սպիտակ քարտով», նրանք հնարավորին չափ հաջող հանդես գան օլիմպիական խաղերում:

Վահան Մխիթարյանի համար մի քանի ամիս տեւողությամբ համատեղ ուսումնամարզական հավաքներ են կազմակերպվել Բելառուսում՝ այդ երկրի ազգային հավաքականի մարզիչների հսկողությամբ, որոնց ընթացքում հայ լողորդը մասնակցել է նաեւ մի քանի վարկանիշային մրցումների, սակայն ուղեգիր նվաճելուն ընդամենը տասնորդական վայրկյաններ չեն բավականացրել:

Նախապատրաստության ամբողջ ծրագիրը լիարժեք անցել է նաեւ Մոնիկա Վասիլյանը:

Արձանագրվեց, որ գործկոմը Ռիոյում Վահան Մխիթարյանի 50 մետր ազատ ոճով մրցաձեւում գրաված 47-րդ տեղն 85 մասնակիցների պայքարում գնահատում է բավարար, իսկ ցուցադրած 23.50 արդյունքը չի բավարարում:

Ինչ վերաբերում է Մոնիկա Վասիլյանի վնասվածքին, որի պատճառով բժիշկները նրան չթողեցին մեկնարկի ելնել, նշվեց, որ այդ վնասվածքը միանգամայն անսպասելի էր բոլորի համար: «Մոնիկան, Վահանը, ինչպես նաեւ հավաքականի բոլոր անդամները Հայաստանում պարբերաբար բուժզննում են անցնում եւ այդ ընթացքում Մոնիկայի մոտ ամեն բան կարգին է եղել: Երկու լողորդներն էլ մարզումների ժամանակ որեւէ խնդիր չեն ունեցել ու Ռիո մեկնել են միանգամայն առողջ, նորմալ մարզավիճակում: Մոնիկայի վնասվածքն ի հայտ եկել է միայն Ռիոյում՝ մարզման ժամանակ: Բրազիլիայում նրան համակողմանի հետազոտել են ու հայտնաբերել, որ ձախ արմունկի հոդում կրճիկի մանր կտորներ կան, որոնց հետեւանքով ինչ- որ հեղուկ է գոյացել: Ի՞նչ ասեմ, դա իսկապես անակնկալ է մեզ համար: Հնարավոր է, որ ինչ- որ աննկատելի բան եղել է, որը գլուխ է բարձրացրել Բրազիլիայում», – Aravot.am-ին ասաց Լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանը, որը Մոնիկա Վասիլյանի եւ անձնական մարզիչն է եւ հորեղբայրը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանի հետ հարցազրույցը՝ «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031