Լրահոս
Օրվա լրահոսը

Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի «անջատված մասով» դատախազը պահանջում է

Օգոստոս 30,2016 15:24

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, մեղադրող դատախազ Արմեն Փանոսյանը քիչ առաջ հրապարակեց նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործից «անջատված մասով» հարուցված քրգործով մեղադրական ճառը:

Դատաքննությունը, հիշեցնենք, ընթանում է արագացված կարգով, քանի որ չորս ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր են ճանաչել: Այս գործով մեղադրյալներ են Հակոբ Հակոբյանը, Անուշավան Ավետիսյանը, Ստեփան Չիլինգարյանը եւ Հարություն Հովհաննիսյանը:

Մեղադրական եզրակացության համաձայն, 2015 թվականի հուլիսին, Հակոբ Հակոբյանը Արթուր Վարդանյանից առաջարկություն է ստացել` համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր հայթայթել և իրեն վաճառել: Վերջինս, չիմանալով, որ դրանք նախատեսում են, ըստ անհրաժեշտության, գործածել` Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, նույն հարցով դիմել է ծանոթին` Գյումրի քաղաքի բնակիչ Անուշավան Ավետիսյանին: Այնուհետ արդեն երկուսով են ձեռնամուխ են եղել այդ գործին:

Հարություն Հովհաննիսյանն էլ, նույն առաջարկությունը ստանալով Անուշավան Ավետիսյանից, 2015 թվականի հուլիսին Գյումրիում նրան 900 ԱՄՆ դոլարով զենք-զինամթերք է վաճառել: Ստեփան Չիլինգարյանն էլ, իր հերթին, Անուշավան Ավետիսյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով` համապատասխան վարձատրության դիմաց զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր է հայթայթել և վաճառել`չիմանալով, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ: Չիլինգարյանը Գյումրիում 4700 ԱՄՆ դոլարով իր կողմից ձեռք բերված զենք-զինամթերք է վաճառել: Հիշյալ անձանց մեղադրանք է առաջադրվել` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք պահել, իրացնելը) հատկանիշներով: Ներկայումս գործով 4 մեղադրյալներն էլ գտնվում են կալանքի տակ:

Մեղադրող դատախազն իր ճառում նշեց, որ ամբաստանյալների կողմից հանցագործության բացահայտմանն աջակցելը դիտվել է որպես հանցանքը մեղմացնող հանգամանք: Նա միջնորդեց մեղավոր ճանաչել 4 ամբաստանյալներին եւ նրանց դատապարտել ազատազրկման` համապատասխանաբար՝ Հակոբ Հակոբյանին՝ 4 տարի, Անուշավան Ավետիսյանին՝ 3 տարի վեց ամիս, Ստեփան Չիլինգարյանին՝ 2 տարի, իսկ Հարություն Հովհաննիսյանին՝ 1 տարի 10 ամիս ժամկետով`խափանման միջոցը թողնելով անփոփոխ:

Այսօրվա դատական նիստում պաշտպանական ճառով հանդես եկան ամբաստանյալներ Հարություն Հովհաննիսյանի եւ Ստեփան Չիլինգարյանի պաշտպանները: Հարություն Հովհաննիսյանի պաշտպանը խնդրեց դատարանին` իր պաշտպանյալի պատիժը սահմանել ութ ամիս եւ նրան դատարանի դահլիճից ազատ արձակել կամ էլ`պատժի ժամկետը ութ ամսից ավել սահմանելու դեպքում, այն պայմանականորեն չկիրառել: Հովհաննիսյանն, ի դեպ, արդեն ութ ամիս է կալանավորված է:

Ստեփան Չիլինգարյանի պաշտպան Մարտին Զիլֆուղարյանն էլ պաշտպանական ճառում ասաց` իր պաշտպանյալը խնամքի տակ ունի հիվանդ մայր: Պաշտպանը նաեւ նշեց, որ Ստեփան Չիլինգարյանի հայրն էլ մահացել է այս գործի նախաքննության ընթացքում: «Իմ պաշտպանյալը վաճառել է իր պապից մնացած զենքը` սոցիալական ծանր պայմաններից ելնելով: Նա մեղայականով ներկայացել է, անկեղծորեն զղջացել եւ հայտնել իր կողմից կատարված արարքի մասին: Խնդրում եմ դատարանին` այս հանգամանքները հաշվի առնել»,- հավելեց պաշտպանը:

Մյուս ամբաստանյալների պաշտպաններն իրենց ճառերը կներկայացնեն հաջորդ դատական նիստին`սեպտեմբերի 7-ին, ժամը`14.00-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031