Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանը նշել է, որ ամեն ինչ արվում է օրենսդրական բարեփոխումներով երիտասարդության զբաղվածության հարցը լուծելու համար

Օգոստոս 30,2016 15:16

ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն օգոստոսի 30-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Բունդեսթագի աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ, գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերին։

Ողջունելով հյուրին Հայաստանի Ազգային Ժողովում՝ Հակոբ Հակոբյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Գերմանիայի ժողովրդին եւ անձամբ Ալբերտ Վայլերին՝ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման առնչությամբ։

Նշենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման գործում իր մեծ ներդրումն է ունեցել Ալբերտ Վայլերը։ Բունդեսթագի պատգամավորը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ բանաձեւի ընդունումը երկարատեւ ու բազմակողմանի աշխատանքի արդյունք էր։

Հյուրի առաջարկով քննարկվել են ՀՀ-ում աշխատաշուկային, սոցիալական ոլորտի վրա սահմանադրական բարեփոխումների ազդեցությանը վերաբերող եւ այլ հարցեր:

Հակոբ Հակոբյանը ներկայացրել է սոցիալական ոլորտում առկա օրենսդրական բարեփոխումները, առաջիկա ծրագրերը։ Սոցիալական բնագավառի զարգացման գործում հանձնաժողովի նախագահը կարեւորել է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը։ Կարեւորվել է նաեւ անապահով խավին աշխատանքի դիմաց ֆինանսավորման իրականացումը՝ գումարային աջակցության հատկացումների փոխարեն, ինչն իր հերթին նպաստում է գործազրկության կրճատմանն ու մարդկանց կայուն աշխատանքով ապահովելուն։

Հակոբ Հակոբյանը նշել է, որ ամեն ինչ արվում է օրենսդրական բարեփոխումներով երիտասարդության զբաղվածության հարցը լուծելու համար։ Նա կարեւորել է նաեւ համայնքների զարգացման հարցը, որի լուծմանը նպաստում են այս ոլորտում կառավարության իրականացրած ծրագրերը։

«Տնտեսության համընթաց զարգացումը կբերի սոցիալական ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծմանը», -նշել է ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Բունդեսթագի պատգամավորը, ներկայացնելով գերմանական փորձն այս բնագավառում, նշել է, որ ժամանակին իրենց առջեւ նույնպես ծառացած են եղել նմանօրինակ խնդիրներ, որոնք հաջողվել է լուծել համակողմանի աշխատանքի արդյունքում։

Ալբերտ Վայլերը կարեւորել է գերմանա-հայկական տնտեսական հարաբերությունների զարգացումը, դրանում նաեւ երկու երկրների խորհրդարանների դերն ու նշանակությունը։ Նա նշել է, որ «միմյանցից սովորելու շատ բան ունենք»։

Հանդիպման ընթացքում քննարկման առարկա են դարձել նաեւ այլ ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցեր։

 

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031