Օգոստոսի 29-ին երկրորդ անգամ մարդաշատ էր ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Հակ գյուղի Սուրբ Մինաս եկեղեցին: Կայացավ 39 երեխայի մկրտության արարողություն, որին ներկա էին բարերար Վերջինա Դևիսը(ԱՄՆ) «Թուֆենկյան» հիմնադրամի հիմնադիր Ջեյմս Թուֆենկյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, այլ պաշտոնատար անձինք, հյուրեր, Հակի և հարևան համայնքների բնակիչներ, լրագրողներ:
Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք-Քաշաթաղ գավառի պատմական գյուղը դեռ հիշատակվում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Ժամանակագրություն»-ում: 18-րդ դարակեսին, երբ հայաթափվում էր այս տարածքը, Հակը եզակի բնակավայրերից էր, որտեղ հայերը շարունակեցին ապրել քրդաթրքերի հարևանությամբ: 1918թ. Հակը հիմնովին հայաթափվեց, և հետագայում բռնակցվեց նորաստեղծ Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությանը: 1993 թ. գարնանը տարածքն ազատագրվեց, և 2 տարի անց Հակը վերստին հայացավ:
Այժմ գյուղում կա 20 տնտեսություն՝ 105 բնակչով, որից 40-ը՝ երեխա: Սուրբ Մինաս բազիլիկ եռանավ եկեղեցին կառուցվել է 1673 թվականին: 2009 թվականին բարերար Վերջինա Դևիսի հովանավորությամբ և «Թուֆենկյան»-ի աջակցությամբ կարգավորվեց գյուղի խմելու ջրի համակարգը, և եկեղեցին վերանորոգվեց: Այդ աշնանը կայացավ եկեղեցու օծման և ընդհանուր մկրտության միջոցառում, որին ներկա էին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, բարերարը, պաշտոնատար այլ անձինք:
2016թ. ամռանը ԼՂՀ ԱԺ պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը (ընտրված Քաշաթաղի և Շուշիի շրջանից) աշխատանքային այցով գտնվել էր ԱՄՆ-ում և հանդիպել Վերջինա Դևիսին. որոշվել էր այս անգամ ևս իրականացնել ընդհանուր մկրտություն՝ ընդգրկելով Բերձորի գիշերօթիկ հաստատության սաներին և Հակի երեխաներին: Որոշվել էր նաև նորոգել քամիներից վնասված եկեղեցու կտուրը:
Մինչ մկրտությունը՝ Լ. Հովհաննիսյանը շինարարներ Արարատ Ստեփանյանի, Լևոն Հարոյանի և տողերիս հեղինակի ուղեկցությամբ մի քանի անգամ այցելեց Հակ: Որոշվեցին անելիքները, և մի քանի օրվա ընթացքում բարերարների օժանդակությամբ եկեղեցու կտուրը վերանորոգվեց: Հակի գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գառնիկ Մանգասարյանը կազմակերպեց դեպի եկեղեցի տանող ճանապարհի հնարավորինս բարեկարգումը:
Սուրբ Մինասը գտնվում է գյուղի հայոց թաղամասում, որի տները դեռ 1918 թվականին են վառվել ու թալանվել և մնացել ավերակ, այս պատճառով ճանապարհը շատ չի օգտագործվում: Ըստ արխիվային աղբյուրների՝ 1918թ. Հակ գյուղում քոչվորների հարևանությամբ բնակվում էին 100-ից ավելի հայ ընտանիքներ՝ 811 շնչով: Ունեին դպրոց, որտեղ սովորում էին նաև մահմեդականների երեխաները, 21 խանութ: Նույն թվականին գյուղի հայությունը ենթարկվեց քրդաթրքերի հարձակմանը: Չնայած պաշտպանությանը՝ բնակչության մի մասը կոտորվեց, մնացածը հեռացան հարազատ օջախներից: 1993թ. ազատագրված գյուղը հայացավ, սակայն հայոց թաղամասը մնացել է ավերակ վիճակում ու պատմում է թշնամու կողմից իրականցրած ոճրի մասին:
ՀԱԵ Արցախի թեմի Նոր Շահումյանի շրջանի հոգևոր հավիվ և Դադիվանքի քահանա տեր Հովհաննես Հովհաննիսյանը Տերունական աղոթքով սկսեց մկրտության արարողությունը: Բերձորի գիշերօթիկի սաների կնքահայրեր դարձան ԱԺ պատգամավոր Լ. Հովհաննիսյանը, ,Թուֆենկյանե հիմնադրամի հիմնադիր Ջեյմս Թուֆենկյանը, նույն հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդուքչյանը, հոգաբարձու Անդրանիկ Գասպարյանը, Հարի Համպերը, Ֆրեդ Հայրապետյանը: Աստծոհաճո արարողությունը տևեց մի քանի ժամ, որի ընթացքում կնքահայրերն իրենց սանիկների համար խնդրեցին Հույս, Հավատ, Սեր և Մկրտություն:
Հոգևոր հայրն աղոթքներով դիմեց առ Աստված՝ խնդրանքով, որ Նա բարին բերի մեր ժողովրդին, նոր մկրտվողներին: Խորհուրդներ տվեց մանուկներին, նրանց ծնողներին:
Սուրբ արարողությունից հետո մատուցվեց մատաղ ու կարմիր գինի: Բարերարները մկրտված երեխաներին նվիրեցին «Նոր Կտակարան» նաև՝ գրենական պիտույքներ: Նվերներ հատկացրեցին նաև դպրոցի 12 սաներին: Գյուղի դպրոցը գործում է վերաբնակեցման առաջին տարվանից, սակայն հետագայում աշակերտների թիվը պակասեց, և Հակի դպրոցը միավորվեց հարևան Լեռնահովիտի (Եզնագոմեր) միջնակարգին: Այժմ տարրական դասարանների աշակերտները սովորում են տեղում, իսկ մնացածը հաճախում են Լեռնահովիտի դպրոց: Նրանց տեղափոխությունն իրականացվում է մեքենայով, սակայն ճանապարհները դժվարանց են ու վտանգավոր:
Այս տարի առաջին դասարան կընդունվեն 4 աշակերտ, նույնքան էլ՝ եկող տարի: Գնալով կավելանա գյուղի աշակերտների թիվը, ուստի կա անհրաժեշտություն, որ տեղի դպրոցը նորից առանձնանա: Այս նպատակով պետք է նորոգվի նաև շենքը, որը կառուցվել է մոտ 15 տարի առաջ «Հայ կրթական հիմնադրամ»-ի կողմից: Տարիների ընթացքում խոնավության պատճառով փտել է հատակը, քայքայվել են պատերը:
Բարերարները վերադարձին այցելեցին նաև դպրոց, ծանոթացան վիճակին, իսկ անելիքների մասին կհայտնեն հետագայում:
Ընթացքում զրուցեցի հյուրերի, բարերարների, գյուղի բնակիչների, նաև՝ երեխաների հետ: Այստեղ բնակիչներին հուզող հիմնական խնդիրը ճանապարհների և բնակարանների բարեկարգումն է, կապի բարելավումը, համացանցի միացումը, դպրոցի նորոգումը և առանձնացումը, մանկապարտեզ ունենալը:
Աշակերտուհի Լիաննա Կոստանյանն արդեն 6-րդ դասարանցի է և հաճախում է Լեռնահովիտի դպրոց: Ցանկությունն է, որ իրենց գյուղի դպրոցում սովորի և որոշել է դառնալ հայոց կամ անգլերենի, ռուսաց լեզուների ուսուցչուհի:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գ. Մանգասարյանի ավագ դուստրը՝ Անին, փոխադրվել է 3-րդ դասարան, սովորում է գերազանց, և երազանքն է՝ դառնալ բժշկուհի, բուժի մարդկանց, մանավանդ, որ իրենց բնակավայրում բուժկետ չկա:
«Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդուքչյանը, կարևորելով Սուրբ Մինաս եկեղեցում կայացած մկրտության խորհուրդը, ասաց.
-Որոշ ժամանակ այս ննջօրրանում ընդհատվել էր մեր պատմությունը: Այժմ, իրականացնելով այս Սուրբ Մկրտությունը, վերակերտում ենք մեր պատմությունը, և մկրտվող մեր այս սերունդը պետք է Սուրբ Հոգին բերի ու այստեղ ապրեցնի, սա է խորհուրդը:
«Թուֆենկյան» հիմնադրամի հոգաբարձու Անդրանիկ Գասպարյանը, խոսելով հետագա ծրագրերի մասին, կարևորեց վերաբնակեցման գործընթացին օժանդակելը, որն իր մեջ շատ ոլորտներ է ընդգրկում (դպրոցներ և բուժկետեր կառուցելը, ջրատարների, ճանապարհների բարեկարգումը և այլն), սակայն տեղեկացրեց՝ այժմ հիմնադրամը նախընտրում է տնտեսության զարգացումը, որ տարածքի բնակիչները կարողանան ոչ թե գոյատևել այստեղ, այլ բարեկեցիկ կյանքով ապրեն:
-Անիմաստ կլինի պատմական Սուրբ Մինասի նորոգումը, եթե այստեղ մկրտություն չկայանա, եթե Հակում հայեր չապրեն, -հավելեց Ա. Գասպարյանը և շարունակեց խոսքը. -վերջերս շատ է խոսվում տարածքների փոխզիջման մասին, ո՞վ իրավունք ունի նման քայլի գնալ, ի՞նչ փոխզիջում, հողերի հանձնում: Դուք եք ապրում այս հողի վրա, դուք եք տերը: Մեր խնդիրն է՝ միշտ օժանդակել մեր պատմական տարածքում բնակվողներին: Ինչպես եկեղեցին նորոգեցինք, ջրատարը բարեկարգեցինք, այլ խնդիրներ ևս կլուծենք:
Բարերար Վերջինիա Դևիսը (եկել էր դստեր հետ), որը Սուրբ Մինասը նորոգեց ի հիշատակ Մեծ Եղեռնից մազապուրծ փրկված իր տատի՝ Վերժինե Մուրադյան-Կարապետյանի, իր հետագա անելիքների մասին ասաց՝ իր նպատակը պատմական հողերը բարգավաճումն է, ուստի համայնքների ղեկավարները պետք է ներկայացնեն առաջնահերթ խնդիրները, և իրենց գործն է՝ օժանդակել պահանջված ուղղություններով:
Շնորհակալություն հայտնեց Հակի բնակիչներին, որ այստեղ են և շենացնում են պատմական մեր հայրենիքը: Նշեց՝ իր համար մեծ ուրախություն է, որ պատմական հողի վրա, պատմական եկեղեցում 39 երեխա մկրտվեց: Տեր Հովհաննես քահանան նշեց, որ 39-ը խորհրդանշում է Հայոց այբուբենը՝ 39 տառերը:
Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, հայտնելով շնորհակալություն բարերարներին, անդրադարձավ շրջանի բնակչության նվիրվածությանը՝ վկայակոչելով ապրիլյան իրադարձությունները, երբ մոտ 1200 հոգի հասավ առաջնագիծ և դարձավ թիկունք սահմանի զինվորին: Սա ապացույց է, որ քաշաթաղցին իր հողի տերն ու պաշտպանն է, և տարածքներ վերադարձնելը պարզապես բարբաջանք է:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ