Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյան. «Մենք ավագ դպրոցների նախարարություն չենք»

Օգոստոս 30,2016 14:36

Օգոստոսի 30-ին «Մոսկվայի տանը» կայացած Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նախարարը կարեւորեց երեւանյան դպրոցների հանդեպ քաղաքապետարանի ուշադրությունը, քանի որ Լեւոն Մկրտչյանի խոսքով, «Երեւանը մեր շոգեքարշն է, եթե չկարողանանք որակ ապահովել Երեւանում, չենք կարողանա առաջ շարժվել»:

Լեւոն Մկրտչյանը ներկայացրեց կրթական խնդիրներից բխող քաղաքականությունը եւ պատրաստակամություն հայտնեց ցանկացած հարց քննարկել ցանկացած կոլեկտիվի աշխատասենյակում: «Ի վերջո, մենք ավագ դպրոցների նախարարություն չենք, մենք ԿԳ նախարարություն ենք, որը պատասխանատու է կրթության որակի եւ քաղաքականության համար»,-ասաց նա:

Ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ որակավորումների ազգային շրջանակի հաստատմանը, 2016-25 թթ. կրթության զարգացման ծրագրին, Բարձրագույն կրթության մասին օրենքին, որը նոյեմբերին Ազգային ժողով կմտնի, կրթության առաքելությանը, հայ տեսակի շարունակականությանը եւ այլն:

Նախարարը խոսեց ղեկավարման իրավունքի վկայական ստանալու համար կազմակերպվող քննությունների թեթեւացումից, ապա նշեց, որ արդար չէ ղեկավարման երկարամյա փորձ ունեցող տնօրենին աշակերտի նման նստեցնել նստարանին ու քննություն վերցնել: Լեւոն Մկրտչյանի այս խոսքերից հետո տնօրենները բուռն ծափահարեցին:

Ինչ վերաբերում է առաջին անգամ քննություն հանձնողներին, նախարարի խոսքով, նրանք դա պետք է անեն ոչ թե նախարարության մանր չինովնիկներից կազմված հանձնաժողովի, այլ ոլորտի արժանավոր ներկայացուցիչների ու բազմավաստակ մանկավարժների առաջ: «Բյուրոկրատական ձեւաչափի պարզեցումը շարունակվելու է»,-հուսադրեց նախարարը:

Դպրոցական քննությունների մասին էլ խոսք գնաց: Մկրտչյանը նշեց, որ վերականգնվում են 4 եւ 9-րդ դասարանների բանավոր քննությունները, եւ դա նրա ձեւակերպմամբ, ամենեւին վերադարձ չէ խորհրդային համակարգին:

Որոշ թվային տվյալներ ներկայացվեցին: ՀՀ-ում կա 1430 դպրոց, որից 850-ը 300-ից պակաս աշակերտ ունի, իսկ շուրջ 400 դպրոց՝ 500-ից պակաս աշակերտ: Չնայած սրան, նախարարը չի կարծում, թե այդ դպրոցները պետք է փակել, միավորել: Ինչ վերաբերում է որոշ դպրոցներում երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ ուսուցմանը, նրա կարծիքով՝ դրանից կրթության որակը միայն տուժում է:

Մի տնօրեն նախարարին խնդրեց ուշադրություն դարձնել դպրոցների վարկանիշավորման համակարգին, այն որակելով վտանգավոր: Այդ տնօրենի խոսքով, վարկանիշավորման ժամանակ օգտագործված ցուցանիշները չեն արտացոլում կրթական ծառայությունների իրական որակը եւ նպաստում են կրթական հաստատության բեւեռացմանը: Նախարարն էլ կարծիք հայտնեց, որ դպրոցների այսօրվա բազմաթիվ խնդիրների պարագայում, վարկանիշավորումը ոչինչ չի տալիս, մանավանդ եթե սկզբունքներում անարդարություն կա: «Որքան գիտեմ, իրենք վերցնում են ձեր ուղարկած տվյալները եւ որպես հիմք տեղադրում են, ստացվում է, որ վարկանիշավորումը զուտ հասարակական կարծիքի վրա է ազդեցություն ունենում»,-ասաց Մեւոն Մկրտչյանը:

Մեկ այլ տնօրեն նախարարին առաջարկեց վերանայել ուսուցիչների համար անհասանելի տարակարգի բնութագրիչները եւ առարկայական օլիմպիադաների անցկացման կարգը:

Թիվ 160 դպրոցի տնօրեն Անահիտ Գալստյանն էլ մտահոգված էր երեխաների՝ դպրոց ընդունվելու եւ ազատվելու կարգի հարուցած բարդություններով: Հաճախ արտերկիր տեղափոխված ու հետո կրկին Հայաստան վերադարձած երեխաները կարգի պատճառով տարի են կորցնում:

Ի պատասխան՝ Լեւոն Մկրտչյանն ասաց. «Պետք է կարողանանք հասկանալ՝ մենք ներգաղթ ընդունո՞ղ երկիր ենք, թե՞ արտագաղթը խրախուսող: Մենք պետք է պայմաններ ստեղծենք վերադարձող երեխաների համար»:

Նա Իսրայելի օրինակը բերեց, որտեղ պետությունը պարտավորվում է Իսրայել վերադարձող ամեն երեխայի համար ապահովել այն լեզվով կրթություն, որտեղից երեխան վերադարձել է:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031