Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» համար ներդրող է հայտնվել, բայց կառավարությունը լուրջ չի ընդունում (Տեսանյութ)

Օգոստոս 30,2016 14:25

«Նաիրիտ» գործարանի համար ներդրող է հայտնվել, որը պատրաստ է 150 միլիոն դոլար ներդնել` գործարանը վերագործարկելու համար: Սակայն, չգիտես ինչու, Սլովակիայի գործարար Աշոտ Գրիգորյանի առաջարկին Հայաստանում լուրջ չեն վերաբերվում: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում «Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն ասաց, երբ գործարարը ժամանել է Հայաստան բանակցելու, նրան փոխնախարարի մակարդակով են ընդունել, որն ի պաշտոնե նույնիսկ չի համակարգել այդ ոլորտը: Ավելին՝ պետական պաշտոնյան գործարարին ծանոթացրել է «Նաիրիտի» տնօրենի հետ եւ արդյունքներով այլեւս չի հետաքրքրվել:

Գործարանի մի խումբ աշխատակիցներ արդեն քանի ամիս է՝ կառավարության առաջ բողոքի ակցիաներ են կազմակերպում` պահանջելով` «Նաիրիտի» վերագործարկում: Նրանք համոզված են, որ գործարանն աշխատեցնելով մեր երկիրը տնտեսական մեծ օգուտներ կստանա, հարյուրավոր աշխատատեղեր կբացվեն:

Նաիրիտցիների խոսքերով, ներդրող Աշոտ Գրիգորյանը, որը նաեւ Եվրոպական հայերի ֆորումի նախագահն է, պատրաստ է նախ 20 միլիոն ներդնել, ապա 70 եւ մնացածը: Եվ քանի որ պետական մակարդակով ներդրողին լսող չկա, ապա գործարանի աշխատակիցները ներդրումային իրենց ծրագիրն են առաջարկում, որը քննարկել են Աշոտ Գրիգորյանի հետ:

Կարեն Իսրայելյանի խոսքերով, քանի որ մեր երկիրն այլեւս միջպետական բանկի առաջ որեւէ պարտավորություն չունի, ինչպես որ վստահեցրել է Էներգետիկայի նախկին նախարար Երվանդ Զախարյանը, ապա ճիշտ կլինի, որ «Նաիրիտի»` պետության, գազի, էլեկտրաէներգիայի ընկերությունների նկատմամբ ունեցած պարտք- պահանջները մի քանի տարով սառեցվեն, որպեսզի ներդրողը սկսի գործարանն աշխատեցնել եւ աստիճանաբար պարտքերը մարել:

Նախկին տնօրենի համոզմամբ, եթե կառավարությունը համաձայնի «Նաիրիտը» վերագործարկել, ապա գազի հարցն էլ կարող է հեշտությամբ լուծվել. «Մեր պայքարի իմաստն այն է, որ կառավարությունն ընդունի այս ֆինանսական ընկերությանը, լսի, ընդհանուր հայտարարի գան, մնացածը տեխնիկական հարցեր են, որոնք կլուծվեն: Իրանական կողմի կառավարության հետ կարելի է բանակցել եւ կոնկրետ նպատակի համար գազ բերել»:

Ասուլիսի ողջ ընթացքին ներդրող Աշոտ Գրիգորյանը «Skype»-ով հետեւում էր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031