Լրահոս
Օրվա լրահոսը

Հայարփի Սարգսյան. «Հովհաննես Հարությունյանը լուրջ բուժօգնության կարիք ունի» (Տեսանյութ)

Օգոստոս 30,2016 13:48

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանին շտապ բուժօգնություն է անհրաժեշտ: Այս մասին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը:

Նա նշեց, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Հովհաննես Հարությունյանին հսկել են զինված ոստիկաններ: Փաստաբանի խոսքերով՝ Հովհաննես Հարությունյանը կալանավորված չի եղել եւ զինված ոստիկանների առկայությունը որեւէ կերպ չի կարող բացատրվել. «Վերակենդանացման բաժանմունքի բուժքույրը հորդորել է զինված ոստիկանին դուրս գալ՝ նշելով, որ նա ստերիլ չէ, Հովհաննեսն է պատմում ինձ, զինված ոստիկանը դուրս չի եկել: Հովհաննեսն ինքն է հորդորել, որ դուրս գա, փոխարենը զինված ոստիկանը Հովհաննեսին ասել է՝ «հեսա կթքեմ վրադ»:

Այսինքն՝ ինքն ինչ գործ ուներ վերակենդանացման բաժանմունքում, որ նման արտահայտություն էլ աներ Հովհաննեսի նկատմամբ: Նույն այդ ոստիկանը «Դատապարտյալների հիվանդանոց ուղեկցողների թվում է եղել: Հովհաննես Հարությունյանի խոսքերով՝ իրեն սպանելով են տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց. նրան տարել շպրտել են մի խուց, որտեղ պարզապես անմարդկային պայմաններ էին»:

Հայարփի Սարգսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում Հովհաննես Հարությունյանի խուցը համեմատում է քարանձավի հետ. «Ներս էինք մտնում խուց, մեծ խուց էր՝ բորբոսնած պատերով, քարանձավ կարծես լիներ՝ լուսավորություն չկար, երկու փոքր պատուհան էր առաստաղի մոտ: Օդ չկար շնչելու, երեւի թե սխալ է քարանձավ անվանելը. քարանձավն ավելի մաքուր է, քան այդ խուցն էր, դա ընդհանրապես հիվանդասենյակ չէր հիշեցնում:

Հովհաննես Հարությունյանը պառկած էր ցանցով մահճակալի վրա եւ կորացած էր դեպի ներքեւ՝ նրան հարթ մակերեսով մահճակալ էր պետք, բայց դա էլ ապահովված չէր, բռնվելու հարմարանք չկար: Բացի դա՝ խավարասերներ էին վխտում՝ իմ ներկայությամբ իր վերքերի վրա վազվզում էին: Նա հյուծված էր, ինքնուրույն չէր կարող նստել, ձեռքը չէր հասնում վերքին եւ այդպես տեսնում էր, թե ինչպես են միջատները իր վերքի վրա վազվզում»:

Հայարփի Սարգսյանի խոսքերով՝ այդ վատ վիճակը շարունակվել է մինչեւ հուլիսի 30-ը, սակայն, փաստաբանի խոսքերով՝ միայն պատերն ու առաստաղն է փոխվել, մնացած պայմանները նույնն են: Իսկ բուժօգնությունը Հովհաննես Հարությունյանն ստանում է մի քանի օրը մեկ անգամ եւ անորոշ է, թե երբ պետք է տեղի ունենա նրա վիրահատությունը. «Երեկ Հովհաննես Հարությունյանը ընկել է. նա փորձել է երեք օր հենակներից օգտվել, քանի որ այդ պայմաններին չի դիմանում, սակայն, ընկել է, քանի որ իր կողքին բժիշկ չի եղել: Հիմա Հովհաննես Հարությունյանը լուրջ բուժօգնության կարիք ունի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031