Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսյան խորհրդակցությունն անցավ առանց սուր հարցադրումների

Օգոստոս 30,2016 13:28

Օգոստոսի 30-ին «Մոսկվայի տանը» կայացավ Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերջինս մինչ խորհրդակցությունը սկսելը շնորհավորեց Շիրազի անվան դպրոցի տնօրենի ծննդյան օրը, ապա քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հանդես եկավ հաշվետվությամբ:

Տիկին Սողոմոնյանը էկրանին ներկայացրեց հանրակրթության վարչության կողմից կատարված աշխատանքները, ասաց, որ ունեն հարցերի փաթեթ, որոնք կներկայացվեն ԿԳ նախարարին: Այնուհետեւ սկսեց թվարկել հաջողությունները: Հանրակրթության վարչության պետը նշեց, որ իրականացվել է տարվա լավագույն տնօրեն, դաստիարակ, ուսուցիչ մրցույթը: Նա տխուր փաստ համարեց այն, որ մրցույթին մասնակցել է ընդամենը 39 մանկավարժ, այն դեպքում, երբ լավագույն մանկավարժները բազմահազար են: «Այս տարվանից կունենանք նաեւ Երեւան քաղաքի տարվա լավագույն տնօրեն, ուսուցիչ եւ դաստիարակ անվանակարգերը»,-հայտնեց տիկին Սողոմոնյանը:

Նա հավելեց, որ արդեն ատեստավորել է 828 ուսուցիչ, 47 ուսուցիչ առաջին աստիճանի տարակարգ է ստացել: Նշեց, որ 2011 հատուկ կարիքներ ունեցող երեխա է սովորում դպրոցներում, եւ հավաստիացրեց, որ դպրոցները բազմամասնագիտական անձնակազմով ապահովված են: Անդրադարձ եղավ առարկայական օլիմպիադաներին, պարզվեց 45 դպրոցական արժանացել է առաջին կարգի դիպլոմների:

Գայանե Սողոմոնյանը տեղեկացրեց, որ Վահան Տերյանի անվան դպրոցի աշակերտը Գերմանիայում մասնակցել է միջազգային օլիմպիադայի եւ Հայաստանի համար ապահովել երրորդ տեղ: Խոսվեց նաեւ դպրոցականների եւ զինվորների համատեղ միջոցառումների մասին:

Ի թիվս այլ թեմաների, անդրադարձ եղավ դպրոցների վերանորոգմանը, պարզվեց, որ վերանորոգվել եւ գույքով վերազինվում է թիվ 88 դպրոցը, եւս 2-ը կվերականգնվի ու կվերազինվի:

Վարչության պետը հավելեց, որ թեժ գիծը շարունակում է գործել, եւ բոլոր դիտողություններն ու ահազանգերն անմիջապես ուսումնասիրվում են:

Թեեւ քաղաքապետը կոչ էր անում հարցեր հնչեցնել ու խոսել խնդիրներից, տնօրենները խուսափում էին սուր անկյուններից եւ ավելի շատ անդրադառնում էին իրենց դպրոցներում ներդրված ծրագրերին կամ կատարած աշխատանքներին: Օրինակ՝ թիվ 98 հիմնական դպրոցի տնօրեն Մարիանա Ավագյանը խոսեց իրենց դպրոցում ներդրված «Թվային դարաշրջանի դպրոց» ծրագրի մասին:

Ավելի ուշ Տարոն Մարգարյանը ցանկություն հայտնեց, որ հասարակությունն ավելի տեղեկացված լինի դպրոցների ձեռքբերումներից, երեխաների ու մանկավարժների հաջողություններից, նաեւ ամրապնդվի ԼՂՀ դպրոցների հետ համագործակցությունը:

Ինչպես նախորդ տարիներին, այս օգոստոսյան խորհրդակցությունն էլ անցավ առանց սուր հարցադրումների:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031