Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ խնդիրը միայն փողը չէ. «Հայոց Աշխարհ»

Օգոստոս 30,2016 12:27

Իշխանությունը չի կամենում ներդնել նախագրանցման համակա՞րգ (նույնականացման քարտերի տրամադրում 10 մատնահետքերի հանձնմամբ), թե՞ միջազգային դոնոր կառույցների խոստացած, բայց տեղ չհասած փողի պատճառով դրա ներդրումը կարող է ձախողվել: Ո՞ր փուլում են գործընթացները։

Խնդրի շուրջ զրուցեցինք ՀՀԿ պատգամավոր, ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:

-Տասը մատնահետքերով նախագրանցման համակարգի ներդրման համար, ի վերջո, փող կա՞, թե՞ չկա. ընդդիմությունը պնդում է՝ փողը կա, իշխանությունը հակադարձում է` փողը չկա, խոստումը կա: Ո՞րն է իրականությունը:

-Ամիսներ առաջ խորհրդարանի արտահերթ նիստում քննարկեցինք ու ընդունեցինք երկու օրենսդրական նախագիծ, որոնցից մեկը ընդունվեց մի պայմանով, որ այն կարող է կյանքի կոչվել միայն ֆինանսների հայթայթման դեպքում: Սահմանվեց վերջնաժամկետ, դա սեպտեմբերի 1-ն է, նաեւ ամրագրեցինք, որ այդ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարությամբ հանդես կգա ու կներկայացնի իրավիճակից բխած որոշումը:

Պատահական չէ, որ խորհրդարանականներս միասնաբար որպես վերջնաժամկետ ընտրեցինք սեպտեմբերի 1-ը: Խնդիրն այն է, որ ներդրվելիք համակարգը շատ բարդ է, պահանջում է աշխատատար գործընթաց: Եթե լինի ֆինանսավորում, տեխնիկան արագ ձեռք կբերվի, կներդրվի, բայց միջազգային փորձագետներն էլ միաժամանակ պետք է երաշխավորեն, որ կարճ ժամանակահատվածում գործի դրված համակարգը կարող է ապահովել ողջ գործընթացի իրականացումը:

Այժմ մենք գտնվում ենք այս ամենի շուրջ քննարկումների փուլում: Այսինքն` խնդիրը ոչ միայն կապված է ֆինանսավորման հետ, այլեւ կա տեխնիկական ապահովվածության խնդիր, անխափան շահագործման հարց:

Բացի դրանից, երկու-երեք ամիսների ընթացքում հնարավո՞ր է ամբողջ գործընթացը կազմակերպել լիարժեքորեն, այսինքն` ե՛ւ համակարգը ներդնել, գործարկել, ե՛ւ ընտրությունները կազմակերպող անձանց` հանձնաժողովի անդամներին, նախագահներին, վստահված անձանց համար դասընթացներ կազմակերպել, նրանք կհասցնե՞ն արագորեն ծանոթանալ համակարգի աշխատանքին: Եթե հանկարծ համակարգի ներդրման գործընթացը սկսվի հունվարի 1-ին, ապա մենք, զուտ կազմակերպչական առումով, չենք հասցնի, ուրեմն այն պետք է սկսվի սեպտեմբերի 1-ին, որպեսզի հնարավորինս լիարժեք հունով ընթանա:

-Ընդդիմությունը մեղադրում է, թե իշխանությունը միտումնավոր է ձգձգել, ուշացրել գործին ընթացք տալը: Այդպե՞ս է:

-Իհարկե` ոչ: Իշխանությունը ժամանակին արել է անհրաժեշտ բոլոր քայլերը: Իսկ 4+4+4 ձեւաչափի շրջանակներում ծավալված ամբողջ գործընթացը եղել է հասարակության ուշադրության կենտրոնում: Մենք քննարկումները մինչեւ ուշ գիշեր շարունակել ենք, չի եղել մի քննարկում, որ հետաձգվի, չի եղել մի հարցադրում, որ մնա օդում անպատասխան: Հիմա, եթե ոմանք դա համարում են ձգձգում` իրենց խնդիրն է:

Ա.Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031