Լրահոս
Օրվա լրահոսը

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար. «Թող որեւէ մեկը չկասկածի, որ «Նաիրիտի» վերագործարկմամբ առավել քան շահագրգռված է կառավարությունը». «Հայոց աշխարհ»

Օգոստոս 30,2016 12:13

Հարցազրույց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար ԼԵՎՈՆ ՅՈԼՅԱՆԻ հետ

-Պարոն նախարար, «Նաիրիտի» նախկին աշխատակիցները օրերս հայտարարեցին, որ կա կազմակերպություն՝ ի դեմս «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգի, որը պատրաստ է ներդրումներ իրականացնել եւ վերագործարկել գործարանը, սակայն կառավարությունը լուրջ չի ընդունում նրա առաջարկությունները։ Ո՞րն է խնդիրը։

-Նախ ուզում եմ հիշեցնել, որ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերագործարկման հետ կապված ամեն մի ողջամիտ առաջարկ, եթե այդպիսին կլինի։ Այդ թվում, պատրաստ ենք բոլոր հնարավոր միջոցներով նպաստել դրա իրականացմանը։

Այնպես չէ, որ միայն նաիրիտցիներին է անհանգստացնում գործարանի ճակատագիրը։ Թող որեւէ մեկը չկասկածի, որ «Նաիրիտի» վերագործարկմամբ առավել քան շահագրգռված է կառավարությունը։ Այդ ուղղությամբ աշխատանքները երբեք չեն դադարել։ Վեց տարի է, ինչ «Նաիրիտը» չի աշխատում։ Դա հիմք է տալիս ասելու, որ այդ ընթացքում կոնկրետ ծրագրեր չեն եղել, այլապես դրանք դրված կլինեին գործնական հիմքերի վրա։

Նախարարի պաշտոնում իմ աշխատանքի ընդամենը վեց ամիսների ընթացքում «Նաիրիտի» խնդիրը մշտապես եղել է ուշադրության կենտրոնում։ Այսօր էլ ընթանում են աշխատանքային գործընթացներ, որոնց առայժմ չեմ ցանկանում անդրադառնալ, քանի դեռ չկան կոնկրետ արդյունքներ։

Այս ընթացքում անշուշտ «Նաիրիտի» հետ կապված եղել են տարբեր նախաձեռնություններ։ Սակայն դրանք երբեմն նույնիսկ զավեշտի են հասնում։ Ժամանակին մի գերմանական ընկերություն՝ ի դեմս CHEMIEANLAGENBAU CHEMNITZ GmbH-ի (CAC), առաջարկում էր վերագործարկել «Նաիրիտը»։ Երբ փորձեցինք հարաբերությունները տեղափոխել գործնական հիմքերի վրա, պարզապես խուսափեցին ժամանել Հայաստան։

Ուզում եմ ասել, որ մենք խնդիր չենք տեսնում քննարկելու «Նաիրիտի» վերագործարկմանը վերաբերող որեւէ նախաձեռնություն։ Բայց դրանք պետք է քիչ թե շատ հիմնավորված լինեն։

-Այսինքն՝ այն, ինչ ներկայացրել է «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգը, հիմնավորված չէ՞։ Եվ ընդհանրապես այդ հայտարարությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը։

-Իրականությանը համապատասխանել-չհամապատասխանելու մասին չէ խոսքը։ Գուցե թե իսկապես կա նման ցանկություն։ Սակայն այլ բան է ցանկությունը, այլ բան՝ գործնական ծրագիրը։

Ցավոք, այս պահին հիշյալ հոլդինգից մենք որեւէ հիմնավոր ծրագիր չենք ստացել «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ։ «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգից իսկապես ստացվել է գրություն այն մասին, որ պատրաստ են ֆինանսավորել եւ վերաթողարկել «Նաիրիտի» ացետիլենային եւ բութադիենային կաուչուկի արտադրամասը, ինչպես նաեւ կազմակերպել մարկետինգի եւ արտադրանքի ամբողջական իրացման աշխատանքները։

Առաջին հայացքից առաջարկությունն անշուշտ գայթակղիչ է։ Թերեւս պատահական չէ, որ նախարարությունն անմիջապես արձագանքեց ներկայացված առաջարկությանը։ Մայիսին անձամբ խոսել եմ «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ, որին երկար տարիներ անձամբ ճանաչում եմ։ Ասել եմ, որ ցանկացած իրական ծրագիր պատրաստ ենք քննարկել։

Այս ընթացքում բազմիցս փորձել ենք հոլդինգի ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ ստանալ կոնկրետ հիմնավորումներ, սակայն գոնե մինչեւ այս պահը չենք ստացել։ Կարելի է ասել, որ դրանք հայտարարությունների կամ առայժմ բարի ցանկությունների մակարդակում են։

 Ն.ՍԱՐԳՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031