Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ քաղաքական բռնությունն անվերապահորեն չի մերժվում

Օգոստոս 30,2016 22:00

Քաղաքական բռնություն.
ահա՛ արատավոր կառավարման «հավերժության» բանաձեւը

Որքան էլ փաստենք, որ մենք հարուստ մշակութային ավանդույթի կրող ենք, պետք է փաստենք նաեւ, որ մինչեւ վերջ չենք պատկերացնում հասարակական-քաղաքական կյանքի տարբեր երեւույթների պատճառահետեւանքային կապերը: Ավելին, շատ դեպքերում մեր պատկերացումներում «սայլը» մենք կապում ենք ձիու դիմացից՝ թյուրիմացաբար կարծելով, թե այդպիսի «կառույցը» հեսա-հեսա տեղից կպոկվի եւ ուղիղ գծով մեզ կհասցնի մեր ազգային երազանքին: Եվ այդպես անվերջ ընկնում ենք մեկ խաբկանքից մյուսի գիրկը, հիասթափությունից հիասթափություն:

Հիմա հերթական, չափազանց վտանգավոր եւ վնասակար խաբկանքի մեջ ենք:
Ակնհայտ է, որ Հայաստանում պայմանականորեն հետխորհրդային կոչված համակարգն այլեւս չի՛ աշխատում, իսկ դրա վերակենդանացման փորձերը մանիպուլյացիաների եւ իմիտացիայի միջոցով ոչ մի օգուտ չեն տալու: Սակայն ամենեւին էլ ակնհայտ չէ, գոնե հայաստանյան հասարակության բավականին մեծ հատվածի համար, թե ինչպես հասնել փոփոխությունների:

Հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումը որոշակիորեն փոխեց իրավիճակը: Նախ՝ գրավման փաստն ինքնին վեր հանեց այն իրողությունը, որ համակարգը մեռած է: Դրա մասին ասվել եւ գրվել է բազմիցս: Փաստ է նաեւ, որ բռնությամբ ուղեկցված գործողությունը հնարավոր դարձավ, քանզի երկրում օրինական ճանապարհով քաղաքական որոշումների վրա ազդելու մեխանիզմներն անխնա ոչնչացվել են: Իսկ խաբկանքն այն է, որ հենց դա՛ էլ լուծման ճանապարհն է, այսինքն՝ պետք է վերադառնալ «միայն զենքո՛վ կա հային փրկություն» մեթոդին:

Ցավոք, շատերին է թվում, թե դա այդպես է: Ոմանք ցույցեր են անում՝ ի պաշտպանություն զինված խմբի: Որոշ քաղաքական ուժեր փորձեցին դառնալ զինված խմբի քաղաքական խոսնակը: Որոշ ուժեր էլ փորձեցին օգտվել ստեղծված լարվածությունից: Օգտվողներից ոմանք փորձեցին նախընտրական շրջանին ընդառաջ ռեյտինգ բարձրացնել, ոմանց էլ թվաց, թե ահա՛, եկել է «հեղափոխության» պահը, եւ նրանք էլ «գլխավոր հեղափոխականներն» են:

Ժամանակը ցույց տվեց, որ այդ բոլոր հաշվարկներն անհիմն էին, այդ հաշվարկներով կառուցված բոլոր քայլերը տանում են դեպի ոչ մի տեղ: Դրա համար բավական է հինգ րոպե ծախսել եւ տեսնել թե ինչ է հնչում Ազատության հրապարակի խոսափողից…
Ես պացիֆիստ չեմ եղել եւ չեմ: Եվ սա ամենեւին էլ ճաշակի հարց չէ, այլ հիմնավորված քաղաքական համոզմունքի: Պարզապես եթե երկու-երեք քայլ բռնի գործողությունից հետո հաշվարկվեր, ինչն ամենեւին էլ դժվար չէ, ապա պարզ կդառնար, որ քաղաքական բռնությունը որպես մեթոդ ոչ միայն դատապարտելի է, այլեւ ուղղակի անիմաստ եւ վտանգավոր հենց այն կիրառողների համար առաջին հերթին: Եվ կարեւոր չէ, թե ով է այն կիրառում երկրի ներսում քաղաքական հարցեր լուծելու համար՝ Հայաստանի իշխանությո՞ւնը, ընդդիմադիր ո՞ւժը, Արցախյան պատերազմի հերո՞սը, թե՞ ուղղակի քաղաքացին կամ քաղաքացիների խումբը:

Իշխանության կողմից դրա կիրառման պարագայում մենք հանգում ենք համակարգային դեգրադացիայի եւ ճգնաժամի: Ինչպես եւ տեսնում ենք, հենց դա էլ տեղի է ունենում: Քաղաքական դաշտի անխնա ապականումը, որը սկսվեց Ռոբերտ Քոչարյանի կառավարման օրոք, չէր կարող չհանգեցնել ընդվզման: 2008-ի մարտի 1-ի անպատիժ բռնությունից հետո ոչ մի հետեւություն չարվեց, քաղաքական գործընթացն իմիտացիոն շրջանակներից դուրս չեկավ: Չկա՛ քաղաքականություն: Օլիգարխների մենաշնորհները եւ կոռուպցիան զուտ չարիքից ուղղակի վերածվել են ինքնին կառավարման համակարգի: Այն էլ՝ շատ վատ կառավարման:

Եվ ահա արդյունքը. լեգալ ճանապարհները փակվում են, ոմանք փորձում են բացել ոչ լեգալը, ինչը հարվածում է ոչ թե իշխանությանը, այլ պետությանը: Եվ դրանից շահում է ոչ թե հասարակությունը, այլ իշխանությունը, այն էլ՝ զուտ մարտավարական առումով, իսկ ռազմավարական առումով պարտվում ենք բոլորս:
Իշխանությունն ուժեղ է ուժի դաշտում, անօրինականության դաշտում, բռնաճնշումների դաշտում, փակ ռեժիմում, քաղաքական մրցակցության փաստացի բացակայության պայմաններում: Եվ եթե ինչ-ինչ քաղաքական բողոք կամ օրակարգ առաջարկող խմբերն են ուժ կիրառում, դուրս գալիս օրենքի սահմաններից, զբաղվում կոնսպիրատիվ գործունեությամբ՝ դրանք այն հարթություններն են, որտեղ իշխանությունն ի սկզբանե մրցակից չունի: Եվ այդպիսի «ընդդիմությունն» ուղղակի երազանք է նման որակի իշխանության համար, քանզի ենթակա է ցանկացած տիպի մանիպուլյացիաների…
Ցավոք, 2001-ի սեպտեմբերի 11-ը եւ դրան հետեւած գլոբալ պայքարն ընդդեմ ահաբեկչության մեծ նվեր դարձան 21-րդ դարի ավտորիտար, լեգիտիմության խնդիր ունեցող, կոռումպացված, օլիգարխիկ, քրեականացված ռեժիմների համար: Քաղաքական բռնությունը մեծ գայթակղություն է ստեղծում այդ կարգի՝ իրականում ներսից թույլ իշխանությունների մոտ, որպեսզի ճնշեն օրինական մեթոդներով գործող, օրինականության պահանջով հանդես եկող ընդդիմախոսներին:

Կյանքը ցույց է տալիս, որ այդ ճնշումներն ավելի համոզիչ դարձնելու համար հենց իրենք են շատ դեպքերում «բուծում» տարբեր խմբավորումներ, որոնք հանդես են գալիս սադրիչ, կեղծ արմատական կամ ուղղակի բռնության կոչերով, ինչպես նաեւ գործողություններով: Իսկ բոլոր ընդդիմախոսները հայտարարվում են կամ դիտվում որպես նրանց սատարողներ եւ հետապնդվում են: Իսկ արմատական «քաջերից» շատերը մնում են «ընդհատակում», կառավարելիության շրջանակներում: Եվ «հանդես են գալիս» հենց այն ժամանակ, երբ դա պետք է իրենց «հետապնդող» ռեժիմին, բայց, իհարկե, դա անում են «ժողովրդի անունից»: Իսկ ռեժիմները հայտարարում են, որ իրենք ընդամենը «պայքարում են ահաբեկչության դեմ»: Եվ սա է այդ ռեժիմների «հավերժության» բանաձեւը: Օրինակներ՝ որքան ուզեք. Ուզբեկստան, Թուրքիա, Ռուսաստան, Ադրբեջան…

Քաղաքական բռնությունը մերժե՛լ է պետք: Այդ մերժումը պետք է դառնա Հայաստանում քաղաքական գործունեության «այցեքարտ», «մուտքի տոմս»: Քաղաքական հակափաստարկն իր ուժով բազմապատկվում է, երբ հենված է համամարդկային արժեքի վրա, օրենքի եւ օրինականության վրա եւ օժտված է համբերատար, նպատակաուղղված ինքնակազմակերպմամբ: Այս որակի իշխանությունը չարիքի պատճառը չէ, այլ հետեւանքը: Պատճառն այն հետխորհրդային «աղբն» է, որը պետք է դուրս հանել երկրից իր բոլոր դրսեւորումներով՝ մտածողությունից մինչեւ ինստիտուտներ: Չկա՛ քաղաքականություն առանց օրինականության կամ օրինականությունից դուրս:
Ազգային-ազատագրական զինված պայքարի բազմամյա փորձ ու ավանդույթ ունեցող լեհերը զենքի տեղն էլ գիտեին, բռնելու եւ կրակելու ձեւն էլ, կամքն ու ոգին էլ ունեին: Իսկ Մոսկվայի աջակցությունը վայելող կոմունիստական վարչակարգն իր դաժանությամբ, թվում է, թե «այլ ելք» չէր թողնում: Հարյուրավոր մարդիկ զոհվեցին, անհետ կորան: Բա՛յց… Լեհական ընդդիմությունը՝ «Սոլիդարնոստը», ցույց տվեց, որ «այլ ելք» կա՛:
Հայաստանում եվրոպական արժեքների արմատավորման, Հայաստանի ապագան եվրոպական ընտանիքում տեսնողներն առաջինը պետք է սա ընկալեն, քանզի, պատկերավոր ասած՝ «Եվրոպան» ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է, չի մերժվում, արդարացվում է քաղաքական բռնությունը: Իսկ Հայաստանը բոլոր առումներով եվրոպակա՛ն երկիր է, եւ քաղաքական պրակտիկան անպայման պետք է խտրականություն դնի միջոցների մեջ:

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

30.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ամենալուրջ մտահոգությունը որ կայ Խորենացի փողոցում անցեալ ամիս տեղի ունեցած բիրտ եւ արիւնահեղ դէպքի կապակցութեամբ, Պետութեան ցուցաբերած անկարողութիւնն է՝ առաջքը առնելու այդպիսի արարքների, նախապէս քօղազերծելու եւ ազդու կերպով կանխելու անոնց ծրագրումն ու կազմակերպումը:

    Այսօր Երեւանի մէջ եթէ մեթրոյի կայարան մը, որոշ բնոյթի մինչդեռ հանրային շէնք մը կամ նոյնիսկ պարզապէս շուկայ մը նկարել ուզես, արդէն անմիջապէս երկու հուժկու ոստիկաններ քովդ կը բուսնին յանկարծ եւ ջնջել կու տան առած լուսանկարդ (վկայութիւն է այս) : Մինչ, երկար ժամանակ եւ բազմիցս, բառացիօրէն հրապարակի վրայ եւ հարթակներու վրայէն՝ իրենք զիրենք ապստամբ հռչակած խմբակ մը անձիք կարող են զինամթերք դիզել, ոստիկանատան մը գրաւման գործողութիւնը դաւադրել եւ կատարել, առանց որ երկրի ներքին անվտանգութեան ծառայութիւնները տեղեակ ըլլան եւ կարենան խոչընդոտել անոնց այդ խելագար եւ մահասփիւռ գործողութիւնը…

    Ասիկա համայն Հայաութեան համար խիստ մտահոգիչ թերացում մըն է, Պետութեան կողմէ:

    • Հ.Շ. says:

      Խնդրոյ առարկայ դէպքերի առիթով Հայաստանի ազգային անվտանգութեան կապակցութեան Հայոց Պետութեան թերացումներուն կամ տկարութեան վերաբերեալ, կցեալ յօդուածին մէջ/վերեւ պարզված լուրջ մտահոգութիւնը կը սաստկանայ, հետեւեալ յաւելեալ իրողութիւններով, առարկայական տուեալներով ՝

      . ոստիկանատունը զէնքի ուժով եւ արեան հոսումով գրաված խմբակից գոնէ մի անդամ, եւ այն ալ՝ փափկասուն, առանց մարտական անցեալի, հիմնականօրէն միայն շատախօս մի անձ, գործողութեան ընթացքին յաջողեցաւ դուրս փախչիլ օրինապահ ուժերի օղակից, եւ մինչեւ օրս դեռ տակաւին չէ ձերբակալված

      . պատկան իշխանութիւնները ոստիկան մը սպանող դիպուկահարի -անշարժ եւ շարժուն – պատկերները յայտնաբերեցին, սակայն անոնց վրայ յստակօրէն երեւցող անձը եւս, փաստօրէն, յաջողեցաւ փախչիլ, եւ ան ալ մինչեւ օրս տակաւին չէ ձերբակալված…

      Այս ամէնը, Հայաստանի պէս երկրի մը մէջ… (Այսինքն՝ խոշոր – շատ սիրուն – գիւղակ մը, ուր ամէն մարդ գիտէ թէ ամէն մարդ ով է, ուր է եւ ինչ կ’ընէ, ուր շատ դժուար է պահուըտիլ, եւ ուր ամէն երեք անձի վրայ երկուքը, կամ պաշտօնապէս կամ անուղղակի կերպով, կը զբաղվին կարգ ու կանոնով կամ ազգային անվտանգութեամբ…)

      Ա՞յս է ուրեմն կարողութիւնը, պատերազմական վիճակի մէջ գտնվող երկրին անվտանգութեան ուժերի՞ն…

      Մտահոգութիւնը մասնայատուկ կերպով կը ծանրանայ, եթէ նկատի ունենանք որ, օրինակի համար, այսուհետեւ Իրանի քաղաքացիները առանց որեւէ վիզային կարող են երթեւեկել Հայաստանի մէջ եւ անոր ընդմէջէն, մինչ այդ մահմետական երկրին մէջ նուազագոյնը քսան միլիոն ազերիներ կան (դեհ լաւ, հասկացանք, տարբեր ցեղախումբեր են, եղեր. սակայն ամէն դէպքում, երեւի պարսիկ ազերիները մի քիչ աւելի մօտ են Ադրբեջանի եւ Թուրքիոյ իրենց զարմիկներին եւ եղբայրներին, քան թէ մեզի…)

      Երանի թէ լրագրող լինէի, որպէսզի կարողանայի այս հարցադրանքները ուղղել՝ առ որ անկ է:

  2. Մարգար Մախսուդյան says:

    == Քաղաքական բռնություն. ահա՛ արատավոր կառավարման «հավերժության» բանաձեւը ==
    Փայլուն ձևակերպում, հստակ շեշտադրումներով համոզիչ վերլուծություն, բռա՛վո…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031