Լրահոս
Օրվա լրահոսը

Չբողոքել, չխնդրել, չսպառնալ

Օգոստոս 30,2016 10:59

ՀՀ-ում որոշ քաղաքական գործիչներ Ռուսաստանի գաղութատիրությունից ազատագրվելու համար ժողովրդին հորդորում են հրապարակավ հնչեցնել հակառուսական կոչեր:

Ի՞նչ անել, հետևել հորդորին ու գնալ Ռուսաստանի հետ առճակատմա՞ն, թ՞ե շարունակել նրա ետևից քարշ գալ: Ո՛չ մեկը և ո՛չ էլ մյուսը, պարզապես կանգ առնել…

Ռուսին դեմ գնալը դա «տեղ» չի, ուր կարելի է գնալ…

Թե՛ ետևից, թե՛ առճակատման գնալու պարագայում մենք կրկին նրա հետ ենք լինելու: Դա նման է պտտվող անիվում դեմ հանդիման վազող երկու սկյուռի:

Պետք չէ կոչերով ավելի ռուսատյաց դառնալ (եղածը բավական է) ու հեռացնել հասարակության միտքը իրավական պետություն կերտելու ճանապարհից, ուղեցույց հոգին բթացնել և էներգիան վատնել կույր ատելության վրա:

Հակառուսական կոչերը բնականաբար կլինեն մեղադրանքների տեսքով, ի վերջո վեճը կվերածվի լեզվակռվի, որն էլ Մոսկվային առիթ կտա հերթական անգամ գլորել մեզ վրա ռուսական պրոպագանդայի տակառը:

Այդժամ պարտությունը երաշխավորված է, քանզի լավրովները, մարկովները, կուրղինյանները… փայլուն տիրապետում են դեմագոգիայի արվեստին և չափազանց ուժեղ են իրենց մակարդակում:

Եթե դրան ավելացնենք մեր զարկերակի վրա ձեռքը պահած ռուսական ԶԼՄ-ները, ՀՀ-ում նրա լրտեսական ցանցերը, հպատակ ՀԿ որջերը… ապա, տեսնում ենք, որ կայսրությունը լիովին վերահսկում է ՀՀ իրականությունը:

Նման վիճակում, ռուսի հետ, եթե մեջլիս մտնենք (ժողովրդի լեզվով) մի բան էլ մենք նրան պարտք կմնանք:

Բաց առճակատման հետևանքն էլ մեր աչքի առաջ է՝ Ուկրաինան: Չենք կրկնօրինակել և չենք էլ կրկնօրինակի նրա մարտավարությունը: Մենք ուրիշ ենք:

Ռուսի հետ պարզունակ առճակատումը, որպես միաբևեռ գործողություն մեզ կանգնեցնելու է նոր դաշնակից որոնելու փաստի առաջ: Նկատենք, որ «դաշնակից» ասածը բռնազավթված երկրի համար չէ:

Մեր հույսը մենք ենք և մեր ժողովրդական դիվանագիտությունը:

Չբողոքել, չխնդրել, չսպառնալ:

Սեփական կառավարության համար՝ միայն պատանդի վիճակ, ռուսի հետ՝ միայն գործարք:

ՆԱՏՕ-ն մեզ զենք տալու խոստում կտա՝ դիմացը ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից դուրս հրավիրելու խոստում կստանա: Իրականում զենք կտա՝ 102-րդ ռազմաբազան իրականում էլ դուրս կգա:

Նման գայթակղիչ խոստումների սոսկ շրջանառումը Ռուսաստանին խորհելու տեղիք կտա, շարունակել մեզ խաբե՞լ, թե՞ խոստացած զենքը ՀՀ ուղարկել:

«Մեծ եղբորից» ենթադրվող զենքը ստանալուց հետո կարելի է նրա ականջին հասցնել, որ պայմանները փոխվել են և ԱՄՆ, Ֆրանսիան… մտադիր են ԼՂՀ -ը ճանաչել:

Մի կասկածեք, սա իրատեսական տարբերակ է. куда они денутся? Տարածաշրջանում մնալու նրա միակ պատրվակը մենք ենք, նա ստիպված է մեզանից կառչել: Կկորցնի Կովկասը՝ կմասնատվի կայսրությունը…

Ապրիլյան չորսօրյա պատերազմը ռուսների խաղաքարտերը խառնեց, նրանք համոզվեցին, որ հայ ժողովրդի դերը համաշխարհային քաղաքականության մեջ փոքր լինելով հանդերձ կարող է գերտերությունների համար վճռորոշ լինել:

Հիշենք, որ ի վերջո հայտնվելու ենք այնտեղ, որտեղ մեր մտքերն են: Ուստի անհրաժեշտ է հնչեցնել բացառապես հայամետ կոչեր:

 

 Վահագն Կոզմոյան

 30.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Պարզ, հստակ, հասկանալի…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031