Հայաստանի տարբեր մարզերից եկած եւ զինվորական ծառայություն անցնող զորակոչիկներն ասում էին, որ ոչնչից չեն դժգոհում։ Գոհ են սննդից, տալիս են ձու, միս, խտացրած կաթ, քաղցրավենիք, տարբեր ճաշատեսակներ։
Նրանք լրագրողի հետ զրուցելիս ներկայանում էին «Շարքային Հովհաննիսյանը լսում է…» ձեւակերպմամբ։
Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, ապա չեն վախենում, պատրաստ են, եկել են հայրենիքը պաշտպանելու գիտակցումով։ Ասում էին նաեւ, որ վտանգի պահին մեր ժողովուրդը ցուցաբերում է միասնականություն։ Զորակոչիկներից շատերը ծառայում են ընդամենը մեկ-երկու ամիս, սակայն հասցրել են հարմարվել նոր իրողություններին։
«Պայմանները լավ են, ես ծառայությունն ավելի դժվար էի պատկերացնում, բայց այդքան էլ այդպես չէ։ Սկզբում ծառայել եմ Խոջալուում, հետո բերել են այստեղ։ Պատերազմի մասին շատ չեմ մտածում, չեմ խորանում, ինչ որ մեր հրամանատարներն ասեն, կկատարենք»,- նշում է Վոլոդյա Պետրոսյանը։
Կարդացեք նաև
Գյումրիից Մհեր Հովհաննիսյանը 35 օր է, ինչ ծառայում է. ասում է, որ ծառայությունը հետաքրքիր է անցնում։ «Ապրիլյան պատերազմից հետո զգոնությունը թե՛ զինծառայողների, թե՛ բարձրաստիճան զինվորականների շրջանում ավելացավ, պատրաստ ենք պայքարել ցանկացած գնով։ Պատրաստվում ենք նաեւ բարձրանալ դիրքեր՝ պաշտպանելու մեր հայրենիքի սահմանները։ Մեր ծնողներն էլ են եկել-տեսել-համոզվել, թե մենք ինչ անձնակազմի մոտ ենք ծառայում»,- ասաց մեր զրուցակիցը։
Արարատից Հարություն Հարությունյանը եւս գոհ է հրամանատարներից, կարճ ժամանակում հասցրել է ռազմական նոր գիտելիքներ ձեռք բերել եւ պատրաստվում է դիրքեր գնալ։ Ըստ նրա՝ եթե նախկինում վեց ամիս էր պահանջվում, որպեսզի զինծառայողը կարողանա գնալ դիրքեր, ապա հիմա՝ ավելի կարճ ժամանակ։
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում