ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը լուրջ կորուստ չի համարում այսօր ԿԸՀ կողմից չեղյալ համարված ՀԱԿ-ի նախաձեռնած ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ անելու մասին ՀՕ- 120 Ն օրենքը:
«Բնականաբար ինչ-որ կորուստներ ունենում ենք, վերահսկման մեխանիզմները որոշ չափով կպակասեն, բայց այն, որ արդեն կա ընտրություն կատարած անձանց ցուցակները հրապարակելու որոշում, արդեն դրական եմ գնահատում, այն ինչ կորցրեցինք, այլ կերպ փորձելու են կոմպենսացնել»,- ասաց տիկին Սարգսյանը:
Ըստ նրա, այդ օրենքը իշխանության կողմից պայմանական ընդունվեց` մինչեւ կարողանան լուծել ֆինանսական հարցերը, համապատասխան կազմակերպությունների հետ պայմանավորվեն, որ ընտրություններն ընթանան, միասնական ընդհանուր անձնագրային քարտային տեսքով. «Հիմա գործող ՀԱԿ խմբակցության պատգամավորները թող որոշեն, թե այդ օրենքի շուրջ իշխանության հետ բանակցությունները որքանով էին արդյունավետ: Որքան հիշում եմ՝ ասում էին, եթե չանցնի, իրենք դեմ են լինելու, ինչ կերպ են դեմ լինելու, չեմ կարող ասել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ