Վանաձորի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ առաջիկա ընտրություններում թեժ պայքարի պատրաստ են, վստահ են իրենց թիմի հաջողության մեջ:
ՀՀԿ-ական թեկնածուից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս կգնահատի իր մրցակիցներին, մանավանդ, որ բավականին թեժ պայքար է սպասվում. առաջադրվել է 8 կուսակցություն: Մամիկոն Ասլանյանը պատասխանեց. «Կարծես թե որոշ մրցակիցներ ցանկանում են խաղի նոր կանոններ սահմանել, ավելի շատ արհեստական գաղափարներ են ուզում ներմուծել, իբրև թե իրենք հաջողված ծրագրեր ունեն, ուրիշներին էլ վատաբանելով են ուզում խարսխել իրենց ընտրարշավը»:
Պարոն Ասլանյանը վստահեցրեց, որ իրենք քաղաքի առաջ ծառացած խնդիրները և այդ խնդիրները լուծելու տարբերակները բոլորից լավ գիտեն, հետևաբար այսօր ինքնանպատակ լրատվական պայքարով տարվելն իրենց ոճի մեջ չէ:
Մրցակիցներին Մամիկոն Ասլանյանը չի առանձնացնում, ընդգծում է, որ իրենց ծրագրերը, հաստատ, ամենամրցունակն են ու իրատեսականը. «Իսկ թե ով ավելի ընդդիմադիր կհռչակի իրեն, դա իրենք իրենց մեջ պետք է որոշեն: Հիմա, կարծես թե, այդ պայքարն է գնում. ամենաընդդիմադիրն ով է, ամենաաղմկոտը ով է, բայց, համաձայնեք, Վանաձորը ոչ թե քաղաքական հռետորաբանության, այլ մաքրության, հարմարավետութան, գեղեցկության հեռանկար պետք է ունենա: Կանաչապատման կամ աղբահանության ընդդիմադիրը ո՞րն է: Ցանկալի է, որ մասնակից ուժերը քաղաքի զարգացման հեռանկար տան, տեսլական ձևավորեն, այլ ոչ թե վանաձորցու հաշվին իրենց քաղաքական ամբիցիաները սնեն միայն»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը` ընդդիմադիր ուժերի` միմյանց վրա ցեխ շպրտելն արդյոք չի՞ ուժեղացնում իշխող կուսակցության թեկնածուին, պարոն Ասլանյանն արձագանքեց. «Քաղաքական կոնյուկտուրան է դա թելադրում: Եթե մարդիկ այսօր մրցակցության մեջ են մտել, թե ով ավելի բարձր կբացականչի կամ կհոխորտա, կարծում եք`դրանից ՀՀԿ-ն է տուժելո՞ւ, ոչ: Ժողովուրդն ավելի շատ վստահության, տիրոջ ու ծառայի դիրքերից հանդես եկող ղեկավարի կարիք ունի, քան մոդայիկ ու նորաձև դարձած ցեխ շպրտելու գործընթացի: Մեկ է` հետո ցեխը չորանալու, ընկնելու է, բայց մենք շարունակելու ենք ապրել այս քաղաքում, կուզենայի, որ որևէ մեկը մյուսից չամաչեր»: Խնդրեցինք բացել փակագծեր, թե ովքեր են այդ որոշները, որ խաղի նոր կանոններ են ուզում թելադրած լինել, պարոն Ասլանյանը չցանկացավ անձնավորել ու նշեց, որ բամբասանքի, կեղծ ու շինծու երանգ հաղորդելու առաջին ծիծեռնակներն արդեն երևում են, մասնավորապես հիշատակեց երեխաներին մանկապարտեզ չընդունելու, ապօրինի ծառահատության շահարկումները. «Առանց պարզելու հիմքը և օրինականությունը, գնալ ու ռեպորտաժ անել և դա վերագրել ՀՀԿ-ին, հերյուրանք է: Կարծես ՀՀԿ-ն դրուժբա սղոց ուներ և իրենց խոսքերով սղոցով սկսում է քարոզարշավը»: Սա ՀՀԿ-ական թեկնածուն պարտվողի հոգեբանության արդյունք է համարում. ըստ նրա` մեղադրանքներով պայքարը մտնելն էլ իրենց ոճի մեջ չէ: Նրա համոզմամբ`պետք է նոր էջից սկսել քաղաքի կառավարումը:
Պարոն Ասլանյանից հետաքրքրվեցինք` իրեն չի՞ կաշկանդում մրցակիցների, օրինակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանի այն հայտարարությունը, թե ՀՀԿ-ն Վանաձորում անդառնալիորեն պարտվելու է, պարոն Ասլանյանը պատասխանեց. «Կեղծ արժեքների վրա հիմնված ինչ-որ գաղափարախոսությամբ ընտրարշավ կամ գործունեություն ուղղորդելը կամ սկսելն իմ և իմ թիմի համար նշանակություն չունի: Մեր թիմի յուրաքանչյուր անդամ կամ գոնե ես իմ անունից ասեմ, որ հաստատ քաղաքացու կողքին ենք եղել, նրա խնդիրները լուծել ենք մեր գիտելիքներով և աշխատանքով: Չգիտեմ` ինչի վրա հենվելով են մարդիկ նման բարձրագոչ հայտարարություններ անում, երբ քաղաքական դաշտում նույնիսկ կայացած չեն և պրպտումների մեջ են. մի օր պրոռուսական էին, հետո եվրոպական մոդելից են խոսում: Քաղաքական կոնյուկտուրայի մեջ իրենց տեղն ու դիրքը թող գտնեն, նոր ավելի բարձր տրամաչափի կուսակցության մասին կարողանան մեծ-մեծ հայտարարություններ անել»: Մամիկոն Ասլանյանը ընդգծեց, որ իրենք ընտրապայքարի մեջ են մտնում ոչ թե քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու կամ ընդդիմադիր կուսակցություններին քարկոծելու համար, այլ հանուն իրենց քաղաքի»:
Մեր հիշեցմանը` վերջին համապետական ընտրություններում իշխանությունները Վանաձորում պարտվում են, գուցե դրա համա՞ր է ավագանու միջոցով քաղաքապետի ընտրության տարբերակը ներդրվել, որպեսզի հաղթելու հնարավորությունը իշխանության համար մեծանա, պարոն Ասլանյանը հակադարձեց. «Ով նման հայտարարություն անում է, ինքն այն ժամանակ, եթե իշխանության թեկնածուին հաղթել է լոկալ մի ընտրատարածքում, դա չի նշանակում, որ իշխանությունը Վանաձորում պարտվել է, քանի որ ՀՀԿ-ն 2012-ի ընտրություններին 40 պլյուսով ձայն է հավաքել. մնացած երեք տեղամասերում հաղթել են ՀՀԿ թեկնածուները: Ի դեպ, վերոնշյալ պատգամավորն (նկատի ունի Էդմոն Մարուքյանին,-Տ.Հ.) այն ժամանակ ընդդիմություն չի եղել, եղել է անկախ պատգամավոր, և քաղաքի երիտասարդության մի հատված որոշել է, որ այդ երիտասարդ իրավաբանին քվե տա, քանի որ մյուսն արդեն բավականին երկար ժամանակ պատգամավոր էր, վերջին շրջանում էլ պասիվացել էր: Դա իշխանության և ընդդիմության պայքար երբեք չի եղել: Դա է, որ շահարկելով այսօր ուզում են շահել քաղաքական դիվիդենտներ»:
Դառնալով նոր ընտրակարգին` ՀՀԿ-ական թեկնածուն նշեց, որ դրա` արդարացված լինելը ցույց կտա ժամանակը, իսկ դա օրենսդրական խնդիր է, որ քաղաքական որոշում է կայացվել. Օգտվելով Սահմանադրությունից` Վանաձոր և Գյումրի քաղաքներում կիրառելու են Երևանի փորձը:
Մամիկոն Ասլանյանն իր թիմի հաղթանակի շանսերը բարձր է գնահատում ու նշում, որ դա լինելու է Վանաձորի ժողովրդի հաղթանակը:
Քաղաքում եղած խնդիրներն էլ Վանաձորի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածուն չի ցանկանում առանձնացնել ըստ հրատապության` վստահեցնելով, որ բուն քարոզարշավի ընթացքում իրենց նախընտրական ծրագրերը կներկայացնեն ոլորտ առ ոլորտ. «Մենք ունենք նախնական պայմանավորվածություններ շատ գլոբալ փոփոխությունների գնալու`ֆինանսական ներհոսքերի առումով, քանի որ վերջին 15-20 տարում Վանաձորում մեծ ֆինանսական ներարկումներ չեն եղել, մինչդեռ ունենք նախնական պայմանավորվածություններ պայմանագրերի և այդ ծրագրերի կատարման առումով»:
Նա հավաստիացրեց, որ Վանաձորի ժողովուրդը մեծ պատասխանատվությամբ է մոտենալու ապագա ընտրություններին ու եզրափակեց` հիշեցնելով, որ սա քաղաքի ղեկավարի, ոչ թե հասարակ ընտրություն է, որ սպասվողը ուժերի հանձնման ստուգատես չէ, կամ օլիմպիական մրցումներ, որ մասնակցեն այն հոգեբանությամբ` ինչ կարողանանք, կփախցնենք: Մամիկոն Ասլանյանը վստահեցրեց, որ վանաձորցիները այս ընտրություններին ավելի լուրջ են մոտենալու, քան երբևէ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ