Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց նաեւ Գագիկ Եղիազարյանի գործով բողոքը. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Օգոստոս 29,2016 20:35

Վերաքննիչ քրեական դատարանում օգոստոսի 29-ին նույն ժամին քննվում էին Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցների դեմ բողոքները: Ի տարբերություն Ժիրայր Սեֆիլյանի ՝ Գագիկ Եղիազարյանը ներկա էր դատական նիստին:

Տասնյակ քաղաքացիներ պաստառներով հավաքվել էին Վերաքննիչ դատարանի առաջ: Սկզբում նրանք վանկարկում էին դատարանի շենքի դիմաց, սակայն, շուտով ցուցարարների մի մասը բարձրախոսով մտավ դատարանի շենքի նախամուտք եւ շարունակեց վանկարկումները:

IMG_4408 copy IMG_4415 copy IMG_4416 copy IMG_4423 copy IMG_4401 copy IMG_4430 copy

Եղիազարյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատարանը մերժել է կողմի բողոքը: Դատարանը մերժել է նաեւ գրավ կիրառելու վերաբերյալ կողմի միջնորդությունը. «Մենք պնդում էինք, որ բացակայում է հիմնավոր կասկածը, որ Գագիկ Եղիազարյանը կատարել է այն արարքները, որոնք իրեն մեղսագրվում են: Ավելի ճիշտ՝ նախաքննության մարմինը, որը պարտավոր է հիմնավոր կասկածը հաստատելու համար դատարանին ներկայացնել ապացույցներ, չի ներկայացրել որեւէ ապացույց, որի հիման վրա հնարավոր կլիներ կասկածի առկայության վերաբերյալ եզրահանգում անել»:

Գագիկ Եղիազարյանին երկու մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը, պահելը եւ շենքեր, շինություններ զավթելը. «Երկու մեղադրանքով էլ որեւէ ապացույց չկար, որ հիմնավոր կասկած կա: Ավելին՝ կային ապացույցներ, որոնց հիման վրա մենք պնդում ենք, որ դատարանը կարող էր հետեւություն անել, որ հիմնավոր կասկածը բացակայում է:

Մասնավորապես՝ Ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 27-ին հաղորդագրություն էր տարածել՝ համաձայն որի Գագիկ Եղիազարյանը հանձնվել է իրավապահ մարմիններին: Ես հայտարարեցի, որ մենք չենք պնդում՝ դա իրականության մեջ այդպես է եղել, թե ոչ, բայց եթե հիմք ենք ընդունում Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունը,  ապա նշանակում է, որ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի ուժով Գագիկ Եղիազարյանը պետք է ազատվի քրեական պատասխանատվությունից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031