Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը միջազգային հերթական հարթակում հակահայկական հիստերիա բարձրացրեց ( Տեսանյութ)

Օգոստոս 29,2016 18:50

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող «Աշխարհն առանց միջուկային զենքի» խորհրդաժողովը, ինչպես հասկանալի է, չէր կարող Ադրբեջանի կողմից չօգտագործվել որպես հարթակ՝ Հայաստանի եւ, մասնավորապես, Մեծամորի ատոմակայանի շուրջ աղմուկ բարձրացնելու նպատակով:

Ընդլայնված նիստում ելույթ ունեցավ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիեւը, որն իր խոսքում անդրադարձավ նաեւ «հնացած եւ վտանգ ներկայացնող ատոմակայաններին», սակայն անուններ չնշելով:

Պլենար նիստերից մեկում նախատեսված էր ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ելույթը, որում նա, խոսելով Հայաստանի քայլերի մասին՝ աշխարհն առանց միջուկային զենքի տեսնելու ուղղությամբ, նշեց, թե որ կարեւորագույն փաստաթղթերն է այդ ուղղությամբ ստորագրել մեր երկիրը, նաեւ անդրադարձավ Մեծամորի ատոմակայանի աշխատանքի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի փորձագիտական գնահատականներին, ատոմակայանի աշխատանքների հետագա իրականացման համար Հայաստանից պահանջվող եւ Հայաստանի կողմից խստորեն կատարվող բոլոր քայլերին:

Ալմաթի

Երբ պլենար նիստն արդեն ավարտվում էր, ելույթի խոսք խնդրեց հարեւան երկրի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր Սամադ Սեյիդովը: Հասկանալի էր, որ այդ ելույթը հատուկ նախատեսված է Հայաստանի դեմ թույն թափելու նպատակով: Չափազանց էմոցիոնալ տոնով նա ներկայացրեց աշխարհի վերջը, որը սպասվում է ոչ միայն Հարավային Կովկասին, այլեւ ողջ երկրագնդին, քանի որ Հայաստանի նման սեյսմավտանգ գոտում տեղակայված է նման աղետաբեր օբյեկտ, ինչպիսին Մեծամորի ատոմակայանն է, հետո էլ նույնքան ողբերգական տոնով նա ծեքծեքաց Մեծամորի ատոմակայանից Վրաստան տարվող հարստացված ուրանի մասին, որը կարող է ընկնել ահաբեկիչների ձեռքը եւ այլն եւ այլն… Իր ելույթը կրթությամբ հոգեբան (տարօրինակ է, որ ոչ՝ դերասան) Սեյիդովն ավարտեց Ղազախստանին նվիրված բանաստեղծությամբ, որը, պարզվում է, էքսպրոմտ գրել էր այս օրերին: Պոետի ելույթը բուռն ծափահարությունների արժանացավ, բոլորը գնահատեցին նրա զգացմունքային եւ դերասանական մեծ վարպետությամբ կառուցված ելույթը:

Համընդհանուր հրճվանքի վրա սառը ջուր լցրեց հայ պատգամավորը, որը տեղից բացականչեց, որ ադրբեջանցի պատգամավորի բոլոր ասածներն իր երկրի վերաբերյալ սուտ են: Նա ձայն էր խնդրում անդրադառնալու այդ խոսքերին, բայց պլենար նիստը նախագահող Երլան Իդրիսովը՝ Ղազախստանի ԱԳ նախարարը, բավարարվեց տեղից Արտակ Զաքարյանի անհամաձայնությունը եւ դժգոհությունը ներկաներին փոխանցելով:

Դրանից հետո բանաստեղծություններ արտասանելը շատ հարգի դարձավ այդ նիստում եւ եւս մի ելույթ հնչեց բանաստեղծական ոգով:

Նկատենք, սակայն, որ Սեյիդովի ասածները աշխարհն առանց միջուկային զենքի, առանց միջուկային փորձարկումների տեսնող եւ դրա համար անխոնջ պայքար մղող մարդկանց մոտ (իսկ այս համաժողովին հավաքված էին մեծամասամբ աշխարհի մասշտաբով հայտնի «հակամիջուկային» ակտիվիստները) ինչ-որ նստվածք թողել էր, անձնական զրույցներում նրանք տեսակետ էին հայտնում, որ սեյսմիկ գոտում նման ատոմակայանի գոյությունը իրապես մեծ սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Մեր վստահեցումները, որ Հայաստանը որոշակի քայլեր կատարում է ատոմակայանը նորացնելու եւ անվտանգության բոլոր պայմանները պահպանելու համար՝ նրանց զուտ խոսքեր էին թվում:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Աստանա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031