«Հ/կ սեկտորը գտնվում է իր զարգացման վաղ փուլում: 6 ամսում կարող եք ստեղծել սահմանադրություն, բայց 60 տարի է պետք, որ հ/կ-ների լավ սեկտոր ստեղծենք»,-այսօր Անի պլազա հյուրանոցում, Հասարակական կազմակերպությունների կառավարման ձեռնարկը ներկայացնելիս, ասաց Լյուբեն Պանովը:
Նա «Թափանցիկ եւ հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագրի խորհրդատուն է: Պարոն Պանովը դահլիճում հավաքված հ/կ-ների ներկայացուցիչներին ներկայացրեց հասարակական կազմակերպությունն արդյունավետ կառավարելու 8 սկզբունք, որոնք գործնական հետեւանք կունենան հ/կ-ների վրա:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով, հ/կ-ները պետք է ունենան խորհուրդներ. «Հ/կ-ն առաքելության վրա հիմնված կազմակերպություն է եւ խորհուրդն է, որ հետեւում է, թե նա արդյոք ճիշտ է տանում իր վրա դրված առաքելությունը: Լողացող առաքելություն չպիտի լինի:
Մե՛կ հ/կ-ն զբաղվում է ծերերի խնամքով, մե՛կ` մանուկների մե՛կ այդ նույն հ/կ-ն ճարտարապետական հարցերով է: Խորհուրդն է, որ ֆինանսական վերահսկողություն պետք է ունենա»:
Ըստ Լյուբեն Պանովի, հ/կ-ները պետք է հաշվետու լինեն իրենց համայնքներին:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ի պատասխան ասաց, որ մեր երկրում կան 5 հազարից ավել հ/կ-ներ, բայց դրանց 10 տոկոսն էլ չի գործում. «հ/կ-ները մեռյալ վիճակում են: Խնդիրը նաեւ այն է, որ ինչպես անել, որ քաղաքացիական հասարակության ֆինանսավորումը հարկային դաշտից դուրս գտնվի, ինչպես ԱՄՆ-ում է կամ եվրոպական երկրներում»: Ըստ պարոն Ադիբեկյանի, հանրային կարիքների բավարարման համար գումար գրեթե չի ուղղվում:
«Տնտեսական իրավունք կենտրոն» հ/կ ղեկավար Մովսես Արիստակեսյանը, սակայն համամիտ չէր, որ կառավարությունը գումար չի նախատեսում հ/կ-ների համար: Նրա խոսքերով, գումար հատկացվում է, սակայն «բազեներին» «արծիվներին» եւ նմանատիպ կազմակերպություններին, որոնք, ըստ Մովսես Արիստակեսյանի, հասարակությանը ոչ մի օգուտ չեն տվել, բացի պաշտպանելով իրենց անձնական հ/կ-ներին եւ իշխանության շահերը»:
Մանրամասն` տեսանյութում
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության փոխտնօրեն Սոնա Այվազյանն ասաց, որ հասարակական կազմակերպությունների գործունեությունը հաճախ խթանվել է արեւմտյան կառույցների կողմից եւ ավելի շատ ներկայացվել է ամերիկյան, եվրոպական փորձը` ինչպես կարող են կառավարվել հասարակական կազմակերպությունները եւ որոշ մոդելներ, որոնք որ ներկայացվել են, չեն գործել Հայաստանի ձեւաչափում. «Այդպիսի խնդիր առաջացել է նաեւ տարածաշրջանի այլ երկրներում, որոնք որ նախկին սոցիալիստական ճամբարի երկրներ են, որտեղ չկան կամ չեն եղել հասարակական կազմակերպությունների ավանդույթներ, մտածելակերպն է տարբեր, սոցիալ-տնտեսական իրավիճակն է տարբեր: Եվ այդ պատճառով Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնը նախաձեռնել է Հասարակական կազմակերպությունների կառավարման ուղեցույցի մշակումը, որով որ փորձում են այս տարածաշրջանի երկրների համար մատուցել այն հնարավոր լավ մոդելը, որով պետք է կառավարվեն հասարակական կազմակերպությունները` մասնավորապես հասարակական կազմակերպությունների տարբեր մարմինների միջեւ բաշխումը եւ լիազորությունների, շահերի բախումից խուսափելը, կառավարման թափանցիկությունը, հաշվետվողականություն եւ այլն»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ